Երեկ Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում հեռացող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին գրողներն ու նրանց ժառանգները մեծարեցին` հավասարեցնելով գյումրեցի երկու մեծերին` գուսան Շերամին ու Հովհաննես Շիրազին: Ամեն վայրկյան տարբեր ելույթներում հնչում էր ` «Փառաբանվի՛ Գյումրու քաղաքապետը», «Կեցցե՛ն Ղուկասյանները» արտահայտությունները: Իսկ պատճառը բնականաբար Վարդան Ղուկասյանի առատաձեռնությունն էր, նա հովանավորել էր Սերգեյ Առաքելյանի «Շերամ» աշխատությունը, ինչպես նաև Շիրազի հատընտիրը:
Գրողների միության նախագահ Լևոն Անանյանն իր ելույթում ասաց. «Էս մեր ոչ մշակութային ժամանակներում մենք տեսնում ենք, թե Գյումրին վերահառնում է նաև մշակույթի իր հրաշալի առանցքով: Ուզում եմ նախ դառնանք փառաբանենք մեր հանճարներին`Շերամին, որը էսօր էլ մեր երգացանկերում անպակաս է իր հրաշալի սիրո, քաղաքացիական, հայրենասիրական, մեղեդային, ուղղակի բացառիկ ներկայությամբ: Դառնանք փառաբանենք մեր ազգային հանճարին`Հովհաննես Շիրազին, որ ուղղակի պատմական առաքելություն իրականացրեց և Չարենցից հետո իր ստեղծագործությամբ, քնարերգությամբ լցրեց երկիրը, որը 37 թվականից հետո առաջացել էր մեր քնարեգության ասպարեզում և առավել մասիսերգությունը, որը սերունդներ դաստիարակեց: Փառք, ամենահոգևոր քաղաքապետին`Վարդան Ղուկասյանին, մտավորական քաղաքապետին, որը 13 տարի քաղաքը մոխիրներից հառնելով և սոցիալական հարցերը և մնացած բոլոր, բոլորը հառնեց էս դժվարին պայմաններում: Բայց շատ մեզ համար գրական ու ռազմավարական նշանակություն ունի, որ արվեստների և արհեստների մայրաքաղաք մեր Գյումրին ուշադրության կենտրոնում պահեց մշակույթը, էդ բոլոր արձաննները, էդ բոլոր եկեղեցիները, որոնք էսօր էլ ուրեմն վերակառուցման ընթացքի մեջ են, էն բոլոր մշակութային օջախները, որոնք բացվեցին: Եվ նաև էն տասնյակ ու տասնյակ գրքերը, որոնք Հակոբ Մեղապարտից մինչև Վարդան Ղուկասյան, մենք կարողացանք մի կարևոր դրվագ ամրագրել, այո՛, մենք գրքի ժողովուրդ ենք, մենք գրի ժողովուրդ ենք, մենք մշակույթի ժողովուրդ ենք: Շնորհակալություն պարո՛ն Ղուկասյան, ես ուզում եմ նաև փառաբանել գյումրեցին ու ասել` կեցցես Գյումրի, փառք շատ, տոնդ շնորհավոր: Կեցցե՛ք դուք գյումրեցիներ, որ էսքան արժանապատիվ եք, հպարտ, որ գլուխներդ բարձր, կա մի քաղաքակրթություն, և դա դուք փոխանցում եք սերունդներին: Կեցցե՛ս դու, պարո՛ն քաղաքապետ էդ արդյունավետ, արգասավոր հետքերի համար»:
Վարդան Նիկոլաևիչին (քաղաքապետին հենց այդպես դիմեց) դրվատեց նաև Ավետիք Իսահակյանի թոռը` Ավիկ Իսահակյանը` խոսելով քաղաքապետի անձնուրաց ջանքերով, նվիրմամբ Գյումրին վերակենդանացնելու մասին:
Ամենաշոյիչը թերևս Գյումրու ու Երևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանի խոսքն էր, որը մխիթարեց Ղուկասյանին` ասելով, թե քաղաքապետները երբեք նախկին չեն լինում, միշտ մնում են քաղաքապետ:
Կարդացեք նաև
Իսկ Հովհաննես Շիրազի հատընտիր գիրքի վերջաբանը գրած Սամվել Մուրադյանը մի քառատող արտասանելով Հովհաննես Շիրազից, հայտարարեց, որ բանաստեղծը սա կարծես թե հենց Վարդան Ղուկասյանի համար է գրել:
Իմ մայրազգին թեկուզ ինքս մոր պես ծնած լինեի,
Աստվածային ամրոցներից կաթով սնած լինեի,
ես լինեի թեկուզ ծնած անմահությունն իմ Հայոց,
էլի պիտի պարտք մնայի թեկուզ Աստված լինեի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ