Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահութամբ այսօր շարունակվեց նախկին քաղբանտարկալ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա հիմնավոր համարեց անցյալ տարվա հոկտեմբեր 20-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց Գասպարիի կողմից «ներկաների եւ անցորդների անդորրը» եւ հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու, իր նկատմամբ ուշադրություն հրավիրելու հանգամանքները, գործով ձեռք բերված ապացույցները:
Դատախազն ասաց, որ Գասպարին չի ընդունել իր մեղադրանքը, սակայն նրա գործողությունները գնահատելով քրեաիրավական առումով, ասաց, որ նա հայհոյել է, վիրավորական արտահայտություններ թույլ տվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նկատմամբ:
Գասպարիի ասածը, թե դա հետեւել է ակտիվիստ Լալա Ասլիկյանին ոստիկանապետի կողմից բռնության ենթակելուց հետո, դատախազը համաձայն չէր, քանի որ ըստ նրա ոստիկանապետը ոչ ֆիզիկական ցավ է պատճառել Ասլիկյանին, ոչ էլ մարմնական վնասվածք հասցրել նրան:
Կարդացեք նաև
Մեղադրողը հղումներ կատարեց հիմնականում ոստիկան-վկաների ցուցմունքներին:
Նա միջնորդեց Գասպարիին պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:
Պաշտպանական ճառի համար Գասպարիի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը ժամանակ խնդրեց:
Դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 18-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ