Սյունիքի մարզում ցորենի եւ գարու բերքահավաքն արդեն ավարտվել է: Ըստ պատասխանատուների` միջին բերքատվությունը կազմել է 24-25 ց: Ներկայումս մեկնարկել են աշնանացանի աշխատանքները: Այս պահի դրությամբ մոտավորպես 2500 հա չափով աշնանացան է արդեն կատարվել: Շուտով կսկսվեն նաեւ ցրտահերկի աշխատանքները:
«2012թ.-ին մարզի ֆերմերներին հատկացվել է 286 տ աշնանացան ցորենի էլիտա սերմնացու: 286 տ առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմնացու եւ մարզպետի կողմից լրացուցիչ հայտ է ներկայացվել 320 տ-ի համար, որը կբաշխվի 1-3 հա հող ունեցող գյուղացիական 3 տնտեսություններին: Սյունիքի մարզում եղած 43.8 հազար հա վարելահողերից աշնանը կատարվել է ընդամենը 1432 հա աշնանացան ցորենի ցանքս, 700 հա էլ աշնան գարու ցանքս է իրականացվել: Մարզում իրականացված գարնանացանը կազմում է 10640 հա, որից 3759-ը` գարու ցանքս է», – տեղեկացրեց Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը:
Մարզի մի շարք գյուղերում գյուղատնտեսները դժվարին խնդրի առջեւ են կանգնել, եղանակային անբարենպաստ պայմանների կամ այլ խնդիրների պատճառով չեն կարողանում ետ վերադարձնել իրենց հատկացված սերմնանյութի դիմաց նախանշված սերմնաքանակը: Վերջերս էլ Սիսիանի տարածաշրջանի որոշ ֆերմերներ եւ գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ նամակով դիմել են հանրապետության նախագահին: Նրանք ողջունում են սերմնանյութերի տրամադրման ծրագիրը, բայց միեւնույն ժամանակ դժգոհ են, որ ֆորս-մաժոր տրաբերակ չի գործում, ինչի պատճառով էլ գյուղատնտեսները դժվարին իրավիճակում են հայտնվում:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ