Այսօր Գյումրու տոնը նշելիս, 13 տարվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մի քանի ցնցող հայտարարություններ արեց: Նա նախևառաջ իր պաշտոնանկանության մեջ մեղադրեց լրատվամիջոցներին` ասելով, թե «ես ձեր պատճառով էս օրը ընկա, դուք ինձ հանեցիք»:
Կարդացեք նաև
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե 4 տարի հետո պարոն Ղուկասյանը կմտնի՞ ընտրապայքարի մեջ, որին ի պատասխան քաղաքապետն ասաց . «Հոգեպես հիմա չեմ ուզում պետական կառույցում աշխատել, որովհետև ոչ թե աշխատանքն է ինձ համար ծանր, աշխատանքը ինձ համար շատ հեշտ է , ուղղակի ձեր կառույցների, լրատվության դավը, խարդավանքները, ինձ ավելի էսպես հիասթափեցրեց 4-րդ իշխանությունը, և էն սատանեքը, որոնք մշտական ճշմարիտ գործի թշնամիներ են»:
Իսկ ահա Սամվել Բալասանյանի մասին խոսելիս, ապշահար արեց. «Նոր քաղաքապետին ցանկանում եմ աշխարհի տակի ամենալավ բաները, ոնց որ էդ գործարանը իրեն տվեցի, որ կառուցապատեր, սարքեր (խոսքը գարեջրի գործարանի մասին է- Ն. Ա.) , ամեն ինչ աներ, տա Աստված որ էնքան հնարավորություն ունենա, որ գա իմ չերածներն էլ ինքը հասցնի, ինձանից ավելի լավ աշխատի, մենք էլ կողքից նայելու ենք, որովհետև շեն օջախ ենք տալիս, երբ իմ կարիքը զգան ես պատրաստ եմ օգնելու, սատարելու»,- ասաց քաղաքապետը` լրագրողներին խորհուրդ տալով «Սիրեցեք զմիմյանց» :
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ