Այսօր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ հերթական անգամ նշվեց Գյումրու օրը: Թեև քաղաքապետը օրեր առաջ այցելել էր Ազգային ժողով` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ու կառավարական մի քանի երևելի դեմքերի հրավիրատոմս բաժանելու, սակայն այսօր ոչ մեկը, բացի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանից հարկ չէր համարել մասնակցել: Չեր եկել նաև Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, մեր տեղեկություններով , նա այսօր անգամ մարզում չէ. թեև իր փոխարեն քաղաքավարությունից դրդված ուղարկել էր երկու փոխմարզպետներին` Սեյրան Պետրոսյանին և Հարություն Արշակյանին:
Քաղաքապետի հրավերքը ընդունել էին հրապարակախոսները, լեզվաբանները, եկել էր ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Ավետիք Իսահակյանի թոռը` Ավիկ Իսահակյանը, Հովհաննես Շիրազի դուստրը:
Կարդացեք նաև
Քաղաքի օրվա առաջին մասը ավելի շատ գրական երեկո հիշեցրեց: Ելույթ ունեցան գրողներն ու նրանց ժառանգները`փառաբանեցին ինչպես Շերամին ու Հովհաննես Շիրազին, այնպես էլ Գյումրու քաղաքապետին, ով հովանավորել էր երկու գրքերի հրատարակություն`cՍերգեյ Առաքելյանի «Շերամ» աշխատությունը, և Հովհաննես Շիրազի հատընտիրը:
Հենց այստեղ էլ Վարդան Ղուկասյանը մտավորականներին ներկայացրեց իր վերջին հաշվետվությունը` իր արած գործերը, հայտարարեց նաև, որ պատրաստ է համագործակցել, օգնել Սամվել Բալասանյանին` հանուն Գյումրու շահի:
Լրագրողների այն հարցին , թե ինչո՞ւ չկան կառավարական հյուրերը, քաղաքապետն ասաց. «Էս տոնը մեր քաղաքի, բնակչության, ժողովրդի տոնն է: Հիմա կարևորը պաշտոնյան չէ, ժողովուրդն է, որ ուրախանա: Միանշանակ բարձրաստիճան պաշտոնյաներին իրավիրել եմ, կյանք է էլի, պրոբլեմներ, դժվարություններ կան, աշխատանքի մեջ կլինեն»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ