Ինչպես հաղորդել էինք, այսօր Մատենադարանում ՀՀ Մշակույթի նախարարության եւ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Հիշողության կերպարանքները. ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման եւ վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 2-րդ միջազգային գիտագործնական սեմինարի բացմանն ընդառաջ կազմակերպվեց հանդիպում` արտասահմանից հրավիրված փորձագետների մասնակցությամբ:
Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանն ասաց, որ գիտաժողովին նախորդել է Մատենադարանի կոթողային շենքի վերաբացումը. «Շենքում նախկին մեկ ցուցասրահի փոխարեն այսօր գործում է 14-ը, որոնք հնարավորություն են տալիս պարբերաբար փոփոխել ցուցադրությունները եւ դրանց ոճային մակարդակը: Առաջին սեմինարը համընկավ գիտական նոր մասնաշենքի բացման հետ: Արդյունքում համագործակցության նոր եզրեր ստեղծվեցին: Առաջին սեմինարի արդյունքներն ամփոփեց ժողովածուն, որի հրատարակումը պարբերական բնույթ կկրի եւ կհարստացնի մեր իմացությունները»:
Թամրազյանի խոսքով` ձեռագրերի պահպանության, արխիվացման եւ թվայնացման աշխատանքները առաջնային են բոլոր հավաքածուների համար. «Տեխնոլոգիական առաջընթացը նոր հնարավորություններ է ստեղծում ձեռագրերի պահպանման համար: Նորացման աշխատանքները երկար գործընթաց են, մինչդեռ նյութերը քայքայման եզրին են հայտնվում. ձեռագիրը սկզբում պետք է ախտահանել, հետո` բուժել: Վերջին 5 տարում ձեռք ենք բերել 1500 ձեռագիր, որոնց պահպանման եւ նորացման համար համագործակցոիթյան նոր եզրեր են հարկավոր»:
Կարդացեք նաև
Ուկրաինայից հրավիրված փորձագետ Տատյանա Կրուպան մեծ պատիվ է համարում սեմինարին իր մասնակցությունը. «Այսպիսի հանդիպումները կարեւոր են յուրաքանչյուր փորձագետի համար, ով ցանկանում է լրջորեն զբաղվել համաշխարհային մշակութային ժառանգության պահպանմամբ: Հայաստանում ձեռք բերած փորձը կարեւորում եմ հատկապես նրանով, որ այս երկիրը մեծ ուշադրություն է դարձնում հուշարձանների պահպանությանը. Հայատանը համաշխարհային մշակույթի ոսկե ֆոնդն է: Կարծում եմ` Մատենադարանն ունի պրոֆեսիոնալ աշխատակազմ եւ առաջխաղացման լայն հնարավորություններ»:
Ռուս փորձագոետ Գենադի Զալաեւի խոսքով` սեմինարը միավորում է փորձագետներին եւ հնարավորություն ընձեռում պրոֆեսիոնալ մակարդակի վրա խնդիրներ քննարկել. «Մեր առաջնահերթ խնդրին է` մշակել հնագույն մշակութային ժառանգության պահպանման ստրատեգիա: Ճիշտ է, Մատենադարանը հասել է մեծ նվաճումների, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ պետք չէ բավարարվել եղածով: Ինչպես գիտենք, տեխնոլոգիաները փոխվում են յուրաքանչյուր հինգ տարին մեկ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ են ֆինանսներ` տեխնիկական վերազինման համար»:
Լիտվացի փորձագետ Տատյանա Տիմչենկոն հավելեց, որ Մատենադարանն ունի մեծ ապագա, քանի որ աշխատակիցները ցանկություն ունեն սովորելու եւ աշխատելու:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ ծրագրի հանդիսավոր բացումը: Ցուցադրվեց առաջին սեմինարի մասին նկարահանված ֆիլմը եւ ընթերցվեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ողջույնի խոսքը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ