Հոկտեմբերի 7-11-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում ՀՀ Մշակույթի նախարարության եւ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ տեղի կունենա «Հիշողության կերպարանքները. ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման եւ վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 2-րդ միջազգային գիտագործնական սեմինարը եւ ՅՈՒՆԵՍԿՕ/ԻԿՕՄ-ի տարածաշրջանային թեմատիկ վարժանքը` «Կանխարգելիչ կոնսերվացումը` թանգարանային հավաքածուների պահպանման հիմնական գործոն. ձեռագիր հավաքածուներ» թեմայով:
Այսօր Մատենադարանում սեմինարի բացմանը նվիրված հանդիպման ժամանակ սեմինարի կազմակերպիչ Արա Խզմալյանը հայտնեց, որ ծրագիրը կազմակերպվել է հայ գրատպության 500-ամյակի եւ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումների շրջանակում. «Գաղտնիք չէ, որ Մատենադարանն ունի միջազգային կարգավիճակ, բայց սեմինարի շնորհիվ այն գործնական բովանդակություն է ստանում: Վերջին տարիներին տարբեր հիմնադրամների տրամադրած դրամաշնորհների արդյունքում Մատենադարանը ձեռք է բերել ձեռագրերի վերականգնման համար նախատեսված սարքեր, բացի այդ` մասնագետների վերապատրաստումը հնարավոր է արդեն այստեղ: Ձեռագրի կյանքը երկարացնելը նույնքան բարդ է, որքան մարդկային ծերության դեմ պայքարելը»:
Խզմալյանի խոսքով` ՅՈՒՆԵՍԿՕ/ԻԿՕՄ-ի` «Կանխարգելիչ կոնսերվացումը` թանգարանային հավաքածուների պահպանման հիմնական գործոն. ձեռագիր հավաքածուներ» թեմայով տարածաշրջանային թեմատիկ վարժանքը փայլուն առիթ է` փորձագետների փորձի փոխանակման եւ Մատենադարանի հնարավորությունները գնահատելու համար. «Երբ ասում ենք, որ Մատենադարանը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, համեստացնում ենք մեր կարգավիճակը, քանի որ մեր պայմանները չունեն եվրոպական մի շարք երկրներ: Այսօր մենք հարթակ ենք հանդիսանում աշխարհի առաջատար մասնագետների համար»: Պարոն Խզմալյանը հավելեց, որ կնիքների վերականգնման մասնագետների պատրաստման խնդիրը որոշակիորեն լուծելու համար Լիտվայից եւ Ֆրանսիայից հրավիրվել են մասնագետներ` հայ փորձագետների շրջանում վարպետության դասեր անցկացնելու նպատակով:
Նշենք, որ վերոհիշյալ ծրագրերի շրջանակում նախատեսված դասախոսությունները եւ կլոր սեղանները վարելու են ԱՊՀ, Բալթյան եւ եվրոպական այլ երկրների թանգարանային, գրադարանային, արխիվային առաջատար հաստատությունների, վերականգնողական կենտրոնների հեղինակավոր մասնագետները: Արծարծվելու են ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման հիմնական ոլորտների արդի խնդիրները եւ դրանց լուծման եղանակները:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ