Ամեն ինչի «մոլ» կար, հիմա էլ ֆեյսբուքամոլությունն է ախտորոշման կարիք զգում: Ռուբո Ղազարյանն էլ չի զլացել ու դուրս է գրել այն 10 ախտանիշները, որոնք վկայում են ձեր ֆեյսբուքամոլ լինելու մասին. ներկայացնում եմ դրանցիցի մի քանիսը.
1. Դուք միշտ կօգտվեք ֆեյսբուք մտնելու հնարավորությունից, եթե չլինեք քնած կամ ցնցուղ ընդունելիս :
2. Քիմիական կախվածություն ունեք լայքերից, երբ դրանք պակասում են, Ձեզ զգում եք դատարկված, անտարամադիր ու չարացած , սկսում եք մտածել լայքերի նոր դոզա ստանալու մասին, պատրաստ եք անգամ այնպիսի հուսահատ քայլերի, ինչպիսին է օրինակ Միստեր Պրեզիդենտի Կոկո Ջամբո երգը պոստ անել:
3. Դուք պատրաստ եք բաժանվել Ձեր երկրորդ կեսից կամ նոր հարաբերություններ սկսել Ֆեյսբուքի relationship status-ում ինտրիգա մտցնելու համար…
Սմբատ Ղահրամանյանն էլ կարծում է, որ ֆեյսբուքը կրթում է անդաստիարակներին. «Սա մի տիրույթն է, որտեղ այլակարծությունը մեծամասնություն է կազմում:Մեզնից յուրաքանչյուրը այստեղ մի բան սովորեց, մեկ մյուսից սովորեց, մեկ մյուսին՝տվեց ու վերցրեց որևէ գիտելիք, նորություն, փաստ, չբացահայտված իրողություն և այլն: Ֆեյսբուքը մեկտեղեց ավելի քան 300000 հազարից ավել հայ օգտատիրոջ մեկ վիրտուալ հարթակում: Դրանցից գրեթե 50000-ը վերջին տվյալներով ակտիվ օգտատերեր են, որոնք օրը մի քանի անգամ մտնում են այս սոց. հարթակ», – գրել է նա:
Facebook սոցիալական ցանցի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 1 միլիարդը: Այս մասին հայտարարել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: «Եթե դուք կարդում եք սա, շնորհակալություն, որ ինձ եւ իմ փոքր թիմին պատվի եք արժանացրել աշխատել ձեզ հետ: Զարմանալի եւ հիանալի է օգնել մեկ միլիարդ մարդու կապվել միմյանց հետ»,- նշված է Ցուկերբերգի ուղերձում: Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նաև սոցկայքի հերթական գովազդը, որտեղ կայքը համեմատվում է աթոռի հետ:
Արտակ Խուլյանը տեղեկացրել է, որ վրացի հաքերները կոտրել են Armeniansworld.com հայկական կայքը: Կայքը վրացի հաքերների կողմից հարձակման է ենթարկվել այն պատճառով, որ այնտեղ տեղադրված են եղել Բագրատունիների, Ջավախքի, վրացական այբուբենի և այլնի մասին անգլերեն և ռուսերեն հոդվածներ, նյութեր, որոնք բոլորիս հայտնի պատճառներով վրացիների համար ոչ ձեռնտու իրողություններ են:
Տիգրանուհի Թասլակյան