Գործարար Արայիկ Հայարապետյանը` Լավանդայի Արայիկը վաճառքի է հանել Ծաղկաձորի իր քոթեջները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարար Արայիկ Հայրապետյանը: Նրա խոսքով, 25 տարի է ինչ ինքը գտնվում է առ ու վաճառքի մեջ:
«Հենց հիմա 3 նոր շինություն եմ կառուցում եւ գնում հողեր հյուրանոցներ կառուցելու նպատակով: Սակայն կոմերցիոն գաղտնիությունից ելնելով ավելին ասել չեմ կարող»,-ավելացրեց Արայիկ Հայրապետյանը: Գործարարը խոստովանեց, որ այսօր այդ առուվաճառքը մեծ գումարներ չի բերում, բայց չի կարող կանգ առնել, քանի որ մեծ կոլեկտիվ եւ շինարարական բրիգադ է աշխատում: «Փառք Աստծո ես դեռ ոչ մեկին չեմ ազատել աշխատանքից եւ փորձում եմ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել»,-ավելացրեց Արայիկ Հայրապետյանը: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ում մնալ, չմնալուն Արայիկ Հայրապետյանը ասաց, որ ինքը դեռ կողմնորոշման փուլում է, բայց միանշանակ որոշել է, որ դուրս է գալիս քաղաքականությունից եւ էլ չի զբաղվելու քաղաքականությամբ: