Սեպտեմբերի 27-ի դրությամբ Սյունիքի մարզի համայնքների բյուջեների գույքահարկի գծով նախատեսված 157824.9 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 139664.9 հազար դրամ` նախատեսված գումարի 88.5 տոկոսը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14,2 տոկոսով ավելի է: Սակայն, ըստ Սյունիքի մարզպետարանի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանի, մարզի որոշ համայնքներում եկամուտների կատարման գործընթացը գտնվում է խիստ անբավարար վիճակում:
Մարզի 6 գյուղերում` Բարձրավանում, Սվարանցում, Հացավանում, Սոֆլույում, Ույծում եւ Կուրիսում գույքահարկի հավաքագրումը 20 տոկոսից ցածր է, իսկ 14 համայնքներում այն չի գերազանցում նախատեսվածի նույնիսկ 30 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հողի հարկի գծով եւս մուտքերի նվազում է գրանցվել: «Հավաքագրման գործընթացը գտնվում է խիստ անբավարար վիճակում: Մարզի Բարձրավան գյուղում հողի հարկ ընդհանրապես չի հավաքագրվել: Խդրանց, Ներքին Խոտանան, Արավուս, Շինուհայր, Թասիկ, Շաքի, Սպանդարյան, Տորունիք համայնքներում հավաքագրման մակարդակը 50 տոկոս ցուցանիշից ցածր է: Եւս 18 գյուղերում էլ նշված ցուցանիշը չի գերազանցում նախատեսվածի 70 տոկոսը, այն դեպքում, երբ տարիներ շարունակ մենք քննարկում ենք հարկի 100 տոկոս հավաքագրման անհրաժեշտությունը», -նշեց Աշոտ Մարդյանը:
Համայնքի ղեկավարների առջեւ խնդիր է դրվել անհապաղ միջոցներ ձեռնարկել եւ 9 ամսվա համար նախատեսված հարկերի հավաքագրումն ապահովել կարճ ժամանակահատվածում:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ