Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում բացվեց 147-րդ թատերաշրջանը, որը սկսվեց Գաբրիել Սունդուկյանի երկու պիեսների` «Խաթաբալայի» և «Բաղնիսի բողչայի» համադրության ցուցադրմամբ: Աճեմյանցիների հետ համատեղ խաղում էին Թբիլիսիի թատրոնի 5 դերասաններ: Փողի ուժը ցուցադրող բեմադրությունն այնքան արդիական էր, կոլորիտային, որ երկուս ու կես ժամվա ընթացքում բջջային ոչ մի հեռախոսի զանգ չհնչեց. հանդիսատեսը կլանված հետևում էր: Ի դեպ, չկար ազատ որևէ նստատեղ, իսկ սա վերջին ժամանակներում իրոք բացառիկ դեպք է Գյումրու թատրոնում: Հանդիսատեսը մերթ ընդ մերթ ռեպլիկ էր թողնում` տեսնելով, թե ինչպես է բեմադրության մեջ փողը տգեղ կնոջը դարձնում չքնաղ ու հետաքրքիր ամուսնության պատճառ դառնում, զառամյալ ծերունուն դարձնում ջահել փեսա և այլն: Մեր այն հարցին` չլինի՞ մենք ենք բեմում, հանդիսատեսներից մեկն ասաց. «Եթե հենց դուք էլ չլինեք, ձեր շրջապատից շատերը, 99 տոկոսը հենց այնտեղ են, տարիներն անցան, բայց մարդկային հարաբերությունների մեջ ոչինչ չփոխվեց»:
Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը , ով բեմադրող ռեժիսորն էր, տեղեկացրեց, որ այն դառը կատակերգություն է , իսկ թե ինչո՞ ւ դառը, նրա մեկնաբանմամբ, պատճառը բավական սուր ու քննադատական լինելն է : « Սունդուկյանը, լինելով դասական, մենք ավելի մոտեցրել ենք էսօրվա օրերին, և որ ցավոք սրտի, ամեն ինչ որոշում է փողը, ոչ թե խիղճը, մարդու բանականությունը, գիտելիքը` Փուղ, փուղ, փուղ… Առաջինը, որ բեմադրել էինք գյումրեցիների ուժերով, կոչվում էր «Փուղի զորությունը», հիմա ասում ենք`«Ա յ քեզ խաթաբալա»: Քննադատներից մեկը կիսատ, ոնց ասեմ սիրողական մակարդակի, ասեց. բայց էս ներկայացման մեջ դրական հերոս չկա՞, ես նրան բացատրեցի, որ Գոգոլի «Ռեվիզորում» էլ չկա ոչ մի դրական հերոս, բայց կա դրական մի բան, որ Գոգոլը ծիծաղում է , էլ չեմ ասում դու էնքան ուշադիր չես, որ չես հասկանում վերևից հնչող Սունդուկյանի ձայնը, որը նմանեցված է Աստծուն, մարդկանց ուշքի է բերում, այ դա էլ դրական է»: Նիկոյալ Ծատուրյանը նաև տեղեկացրեց, որ ամբողջ թատրոնի անձնակազմը, չնչին բացառությամբ ընդգրկված է այս ներկայացման մեջ: Ի դեպ, պարոն Ծատուրյանին զարմացրել էր այն, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հարկ չի համարել գալ ու դիտել ներկայացումը: «Մեր թատրոնի ավազակը, իհարկե լավ իմաստով ավազակ, Վիրաբյան Տիգրանը, ով տեղը երբեք հանգիստ տիտիկ չի անում, անընդհատ նոր նախագծեր, նոր նախագծեր, երբ որ ինչ-որ բանի մասին ասում է մարդու սիրտը կանգնում է, որովհետև դա իրագործելը բավականին մեծ պատմություն է , էս մեկը որ ասեց, խելքիս պառկեց, գնացի նախարարություն, նախարարի հետ խոսեցի, ինչ- որ գումար հատկացրեց, բայց էսօր նախարարը չկա :Մի քիչ ուշ-ուշ է գալիս ցավոք սրտի` չնայած դա իր ուղիղ պարտականությունն է, որովհետև ինքը փողը տվել է , կարող է ես կերել եմ, չեմ արել ներկայացումը , բա չգա մի հատ իմանա՞: Լավ, մի խոսքով պետպատվեր է, և շատ հավանեց նախաձեռնությունը, իրականացրեցինք»: Թբիլիսի թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Բայանդուրյանն էլ այսպես գնահատեց համատեղ նախագիծը . «Սա իրոք պատմական նախագիծ է, և ինչքան հիշում եմ, այսպիսի համատեղ նախագիծ` ստեղծված երկու թատրոններով, վաղուց չի եղել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Նիկոլայ Ծատուրյանին, ով կարողացավ մտածել, կան հազարավոր նախագծեր, որոնք լինում են, իսկ հետո արդյունք չեն տալիս , արդյունքը այսօր կա»: Ռեժիսորը նաև շեշտեց, որ բեմադրությունը ռեժիսորական գեղեցիկ մտածելակերպով , երկու թատորնների դերասանական գեղեցիկ խաղով է: «Ամենակարևորը, ես հարցնում եմ արդյո՞ք տոմսեր կան տոմսարկղում, ասում են `ոչ, սա ստեղծագործական կոլեկտիվի համար ամենամեծ հաղթանակն է», -ասաց թբիլիսցի ռեժիսորը: Նա նաև տեղեկացրեց, որ Թբիլիսիի թատրոնի շենքը վերանորոգման մեջ է: Ի դեպ Նիկոլայ Ծատուրյանը ևս նշեց, որ 3 օրվա տոմսերը արդեն սպառված են:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ