Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Մարդ և մեծ Արվեստագետ Էդվարդ Միրզոյանը քայլեց դեպի անմահություն

Հոկտեմբեր 06,2012 18:39

Հոկտեմբերի 5-ին, կյանքի 91-րդ տարում, վախճանվեց մեծանուն կոմպոզիտոր, հայտնի մտավորական, պետական ու հասարակական գործիչ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ և ազգային մշակույթի նվիրյալ Էդվարդ Միրզոյանը:

Էդվարդ Միրզոյանը ծնվել է 1921 թվականի մայիսի 12-ին, Վրաստանի Գորի քաղաքում՝ հայտնի արվեստագետների ընտանիքում: 1941 թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան՝ Վարդգես Տալյանի  ստեղծագործական դասարանը, այնուհետև 1946-48 թթ. կատարելագործվել Մոսկվայի Հայ մշա­կույ­թի տան երաժշտա­կան ստու­դի­ա­յում: 1948 թվականից Էդվարդ Միրզոյանը դասա­վան­դել է Երև­ա­նի կոն­սեր­վա­տո­րի­ա­յում (1965 թ-ից` պրո­ֆե­սոր): 1956–91 թթ. եղել է Հա­յաս­տա­նի կոմ­պո­զի­տոր­նե­րի միության վար­չության նախագահ (1994 թ-ից՝ պատ­վա­վոր), իսկ 1962 թվականից ընտրվել ԽՍՀՄ կոմպոզիտորների միության Նախագահության քարտուղար: 1977 թվականից Է. Միրզոյանը Հա­յաս­տա­նի խա­ղա­ղու­թյան հիմ­նադ­րա­մի վարչության (2009 թ-ից՝ պատ­վա­վոր) նախա­գահն է եղել:

Նա խորհրդանշեց մի ամբողջ դարաշրջան` հայ մշակույթի փայլուն վերելքի դարաշրջանը: Միրզոյանը մեկն էր այն անհատականություններից, ով հայ արվեստում ազդանշեց «60-ականների» նորարական շունչը՝ ուղիղ, ճշմարիտ և անկեղծ խոսքի արժևորմամբ: Միրզոյանը սիմֆոնիկ արվեստում զարգացրեց կոմիտասյան սկզբունքները՝ սերունդների համար հարթելով նոր ուղիներ:  35 տարի անընդմեջ ղեկավարելով Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ Միրզոյանը մեծապես նպաստեց հայ երաժշտարվեստի բնականոն զարգացմանը: Նա սերունդներ դաստիարակեց` ազատասիրության և հայրենասիրության գաղափարներով:

Հարուստ և բազմաժանր է Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական ժառանգությունը: Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում հատկապես առանձ­նա­նում են Ա. Իսա­հա­կյա­նի և Ե. Չա­րեն­ցի խոս­քե­րով գրած ռո­մանս­նե­րը («Ասում են, թե…», «Երազ տե­սա» և այլն), «Հայ­րե­նիքն է կան­չում» խմբեր­գը, «Ինտ­րո­դուկ­ցիա և անընդ­հատ շար­ժում» (ջու­թա­կի և նվա­գախմ­բի հա­մար) գոր­ծե­րը: Հայ կա­մե­րա­յին երաժշ­տու­թյան գլուխգործոցներից են կոմ­պո­զի­տո­րի Լա­րա­յին կվար­տե­տն ու թավ­ջու­թա­կի և դաշնամուրի սո­նա­տը: Հայ­րե­նա­սի­րա­կան շնչով են տո­գոր­ված «Հայաս­տան» կանտատը և «Տո­նա­կան նախերգանքը»: Հայ­կա­կան սիմ­ֆո­նիկ երաժշտության մեծագույն նվա­ճում­նե­րից են լա­րա­յին նվա­գա­խմբի և գոսերի հա­մար սիմֆոնիան և Արամ Խաչատրյանին նվիրված  «Էպիտաֆիան»: Միր­զո­յա­նը գրել է նաև կինո­երաժշտու­թյուն (գե­ղար­վես­տա­կան` «Քա­ոս», 1974 թ., «Հեղկո­մի նա­խա­գա­հը», 1977 թ., «Աք­սո­րա­կան դ 011» և այլն):

Էդվարդ Միրզոյանի երաժշտական դավանանքը լավագույնս է դրսևորվել իր իսկ աշակերտած հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոզի լավագույն  աստղաբույլի ստեղծագործություններում:

Էդվարդ Միրզոյանը արժանացել է տասնյակ մրցանակների ու պարգևների: 1971 թ. նա պարգևատր­վել է Բուլղարիայի «Կի­րիլ և Մե­ֆո­դի», 2001 թ.՝ Հայ եկե­ղե­ցու Սուրբ Սահակ-Սուրբ Մես­րոպի և ՀՀ Սուրբ Մես­րոպ Մաշտոցի, 2005 թ.՝ Գերմանիայի «Պետ­րոս Մեծ», 2011 թ.՝ ՀՀ Պատվո նշան շքան­շան­նե­րով, 1998 թ.՝ ՀՀ Մով­սես Խո­րե­նա­ցու, 2006 թ. ՀՀ ԳԱԱ Ոս­կե, 2006 թ. Լե­ո­նար­դո դա Վին­չիի ան­վան մի­ջազ­գա­յին և Ռուսաստանի Դաշնության «Եկա­տե­րի­նա II» մե­դալ­նե­րով, 1998 թ. ար­ժա­նա­ցել է ՀԽՍՀ մշակույթի նա­խա­րա­րու­թյան Արամ Խա­չա­տրյա­նի ան­վան մրցա­նա­կի:

Հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ նվիրված քաղաքացի, իմաստուն ու բարի մարդ, ազնիվ ու շիտակ անհատականություն, հմուտ ու հեռատես ղեկավար Էդվարդ Միրզոյանը վայելում էր լայն ժողովրդականություն, իր գործընկերների ու հասարակայնության արժանի սերն ու հարգանքը: Այդպիսին նա կմնա մարդկանց հիշողության մեջ:

Իր ողջ նկարագրով մեծ Մարդ և մեծ Արվեստագետ Էդվարդ Միրզոյանը քայլեց դեպի անմահություն…

 

Էդվարդ Միրզոյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Վերջին հրաժեշտը` հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-14:00-ն Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը՝ Կոմիտասի անվան այգու պանթեոնում:

Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ:

ՀՀ Մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031