«Սիրում եմ Սահյանի բանաստեղծությունները: Իմ նկարում փորձել եմ ներկայացնել հայկական բնաշխարհը, այն բնաշխարհը, որը արտացոլվում է Սահյանի ստեղծագործություններում: Նկարելու ընթացքում մտովի անընդհատ վերհիշում էի ստեղծագործությունը եւ փորձում ճիշտ վերարտադրել նկարում: Շատ ուրախ եմ, որ նկարս ընտրվել է եւ կարողանում եմ մասնակցել նաեւ երկրորդ փուլին»,-ասում է 16-ամյա Հայկ Գեւորգյանը: Նա մասնակցում է «Սիրե’ք պոետի գույները» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնին, որն արդեն երրորդ անգամ է` Հայաստանի Հանրապետության Կրթության եւ գիտության նախարարությունը` Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է: Ըստ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, ճարտարապետ Լեւոն Իգիթյանի, մրցույթի նպատակն է խրախուսել հայ պոեզիայի իմացությունը, նպաստել հայ մանուկների եւ պատանիների մոտ պատկերավոր մտածողության զարգացմանը` կիրառելով բանաստեղծական արվեստի հանդեպ գեղագիտական մոտեցում:
Մրցույթ-փառատոնին մասնակցվել է 6-18տարեկան երեխաների շուրջ 1500նկար Սփյուռքի 14 երկրներից, Հայաստանից եւ Արցախից: Այս տարվա մրցույթում աննախադեպ է Հայաստանի եւ Արցախի արվեստի դպրոցների մասնակցությունը: Արցախից ներկայացվել է 86նկար` 10դպրոցից, իսկ Հայաստանից շուրջ 1100նկար` 73դպրոցից:
Այս տարվա մրցույթ-փառատոնի առանձնահատկություններից է նաեւ այն, որ փառատոնի շրջանակներում, նախատեսվում է կազմակերպել այլ մշակութային միջոցառումներ, մակական պոեզիայի մրցույթ:
Այս փուլում ցուցահանդեսին ներկայացված նկարներից ընտրվելու են հիմնական հաղթողները: Քվեարկության արդյունքները, ինչպես նաեւ մրցանակակիրների անունները հայտնի կդառնան ցուցահանդեսի փակման օրը: Երեխաների համար նախատեսված են խրախուսական մրցանակներ, ինչպես նաեւ հրատարակվելու է ցուցահանդեսի կատալոգ, որը կտրամադրվի բոլոր այն մանուկներին եւ պատանիներին, ում նկարները ցուցադրվել են:
Քրիստինա Միրզոյան