Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին «Տիգրան Մեծ» կոչեցին ու նրան բողոքախեղդ արեցին

Հոկտեմբեր 06,2012 17:23

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելեց Շիրակի մարզի Մարալիկ քաղաք` պետական միջոցներով կառուցված  սոցիալական թաղամասի 59 բնակարանների բացման արարողությանը մասնակցելու:  Նշենք, որ նորակառույց  այս թաղամասում ապրելու են հանրապետության սոցիալական  տարբեր խմբեր ունեցող կարիքավոր մարդիկ. այդ թվում նաև մանկատան չափահաս դարձած սաները: Մի խոսքով, սա հավաքածու բնակիչներով թաղամաս  է լինելու: Եվ մինչ վարչապետը Գյումրիից կհասներ Մարալիկ,  տարբեր բողոքներ ունեցող մարդիկ, նամակները ձեռքներին,  սպասում էին կառավարության ղեկավարին: Վարչապետն այս անգամ  կանգնեց, հատ-հատ լսեց ամեն մեկին,  նույնիսկ իրենից հարցազրույց խնդրող  լրագրողներին դիտողություն արեց` ասելով. «Ձեզ հետ ամեն օր շփվում եմ էլի, մի օր էլ թողեք մարդկանց հետ շփվեմ»:

Բողոքների մեծ մասը   ոչ մարդավայել  կենցաղային պայմաններից էին. ասենք 9 հոգով ապրում են  երկու սենյականոցում, կային մարդիկ, որոնք 23 տարի շարունակ ապրում են երկաթյա վագոնում, մի խոսքով նրանք կառավարության ղեկավարից տուն էին պահանջում:  Թերևս տարբեր էր մի տարեց կնոջ բողոքը: Նա, մոտենալով Տիգրան Սարգսյանին, իր խոսքը սկսեց նրա մասին գրած բանաստեղծությամբ.

Տիգրան Մեծին նմանվես

Հայաստանը դարձնես ծովից ծով ,

էդ ժամանակ Հայաստանում

չի լինելու ոչ պատերազմ,

ոչ արտագաղթ, ոչ հացի սով :

Բանաստեղծությունն  արտասանելուց   հետո տիկինը  գեղեցիկ առանձնատան մի լուսանկար ցույց տվեց` վարչապետին առաջարկելով  վերջինիս վերակառուցումը ավարտել ու այնտեղ Մարալիկի հիվանդանոցը  կամ մանկապարտեզը տեղափոխել: Նա ասաց, որ այդ կառույցի հեղինակները իր որդիներն են եղել, որոնք մահացել են, և ուզում է  նրանց հիշատակը հավերժացնել: Վարչապետը, շոյված  բարեգործ տիկնոջ   վերաբերմունքից, փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանին անմիջապես հանձնարարեց հետաքրքրվել, թե ի՞նչ կարելի է դարձնել  կառույցը: Սակայն տիկինը  շեշտեց, որ սա հենց այնպես չի նվիրում, բանակում թոռ ունի,  և կառավարության ղեկավարից ակնկալում է իր հատկացված մեկ սենյականոցը ընդլայնել, որպեսզի կարողանա թոռի  հետ ապրել:

Երկրորդ խմբի հաշմանդամ մի տղամարդ էլ` Գագիկ անունով,   հեռվից հեռու վարչապետին բողոքեց, որ իր դուստրը`Խաչատրյան Արմինան, ԵՊՀ-ի ռուս բանասիրության ֆակուլտետ է տվել իր գործերը, սակայն  1 բալի տարբերությամբ չի ընդունվել: «Գիտե՞ք պատճառն ինչ է, հարգելի վարչապետ, ես Ռուսաստանում էի, բայց իմ կինը գրպանը լիքը չէր գնացել»: Վարչապետը  սկսեց համոզել, որ ընդունելությունն անցել է անկաշառ , և  իրենք նման բողոք չեն լսել: «Մենք չունենք էդպիսի դեպք, որ անարդար ձևով երեխային դուրս թողնեն քննությունից»: Տեսնելով, որ բողոքավորը դեռ երկար է  շարունակելու, իր օգնականին հանձնարարեց բողոք-նամակը վերցնել, հարցերն էլ  կրթության նախարարի  հետ լուծել:

Ինչևէ, վարչապետին  այսօր բողոքախեղդ արեցին`միմյանց հերթ չտալով  ու  անգամ հետևից գոռալով` «էդ որ  գալիս սոցիալական թաղամաս եք հիմնում անառողջ մարդկանց համար, լավ եք անում,  բայց մի հիվանդանոցն ի՞նչ է, որ Մարալիկի գլխից կտրեցիք»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031