Կարդացեք նաև
Այսօր էկոնոմիկայի, քաղաքաշինության, աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարների ուղեկցությամբ Շիրակի մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:Նա նախևառաջ եղավ Գյումրու տեխնոպարկում, որը տեղակայված է մանկավարժական ինստիտուտի հին շենքում, այստեղ փակ խորհրդակցություն անցկացրեց , հետո մեկնեց մարզի 3-րդ քաղաք` Մարալիկ, որտեղ մասնակցեց նորակառույց սոցիալական բնակարանների շահագործման արարողությանը:
Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի «շշպռոցից» հետո ի՞նչն է փոխվել կառավարության աշխատանքում, և կան արդյո՞ք «ատկատներ» Շիրակի մարզում: «Գիտեք կոռուպցիոն երևույթները բնորոշ են բոլոր քաղաքներին , և այդ հիվանդությունը տարածված է Հայաստանի հանրապետությունում: Եվ մենք այս անգամ ավելի շատ սկսել ենք կոշտ պայքար, որովհետև եթե նախկինում բավարարվում էինք նկատողություններով, բավարարվում էինք նրանով, որ մարդիկ վերականգնում էին պետությանը հասցրած վնասները, այս փուլում արդեն մեր պատիժները լինում են ավելի խիստ , մարդիկ հեռացվում են աշխատանքից, քրեական գործեր են հարուցվում, և կարծում եմ այդ ճանապարհով մենք կկարողանանք իրապես շտկել իրավիճակը , և տեսնում եք, որ այդ վճռական քայլերը կառավարությունը այսօր արդեն իսկ իրականացնում է»,-ասաց կառավարության ղեկավարը:
Իսկ վարչապետը հրաժարական կտա՞, այս հարցին ի պատասխան Տիգրան Սարգսյանը լրագրողներին խորհուրդ տվեց համակերպվել այն մտքի հետ, որ վարչապետը ինքն է լինելու: «Դուք պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ վարչապետի պաշտոնը ով էլ որ ստանձնում է, տարին մի քանի անգամ հրաժարականի հարցը արծարծվում է:Լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը այս հարցին նույնպես բազմաթիվ անգամ անդրադառնում էր և կոչ էր անում լրագրողներին, որ հանգիստ վերաբերվեն նման լուրերին, ես էլ եմ խնդրում, որ հանգիստ վերաբերվեք»,-ինքնավստահ տոնով հայտարարեց վարչապետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ