«Գրադարանավարի օր» մասնագիտական տոնին ընդառաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք գրադարանների աշխատակիցների: Շնորհավորելով ներկաներին, քաղաքապետը շնորհակալություն է հայտնել գրադարանավարներին սրտացավ ու նվիրված աշխատանքի համար.
«Մեր նպատակը ընթերցասեր հասարակության համար գրադարաններում նոր ու հարմարավետ պայմաններ ապահովելն է: Քաղաքապետարանն այսօր մշակում է գրադարանների կառավարման նոր հայեցակարգ, որով էլ կկազմակերպվի մայրաքաղաքի գրադարանների աշխատանքը: Վստահ եմ, որ կառավարման միասնական մոտեցման արդյունքում աշխատանքն առավել կանոնակարգված ու արդյունավետ կդառնա և արդեն առաջիկա տարիներին շոշափելի արդյունքներ կունենանք»,-նշել է քաղաքապետը հավելելով, որ մայրաքաղաքի գրադարանների ջեռուցման ծրագիրը ևս կլինի շարունակական:
Գրադարանավարներն իրենց հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության և գրադարաններին ցուցաբերվող մշտական ուշադրության համար, համոզմունք են հայտնել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նշած տարբերակով կառավարումն իրապես արդյունավետ կլինի, ինչն իր հերթին կնպաստի ընթերցասերների ավելացմանը:
Կարդացեք նաև
Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012 թվականին Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու շրջանակում քաղաքապետարանը ձեռք է բերել շուրջ 9000 կտոր նոր գրականություն, ինչը առաջիկայում կբաշխվի մայրաքաղաքի գրադարաններին:
Հանդիպման վերջում գրադարանային գործի զարգացմանը մատուցած ծառայությունների համար` «Գրադարանավարի օր» մասնագիտական տոնի առթիվ գրադարանների մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով, իսկ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի թիվ 29 մասնաճյուղի վարիչ Մայրանուշ Ալեքսանյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն