Ս.թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում անցկացվող «ԴիջիԹեք Էքսպո-2012» տեխնոլոգիական 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդես: Նախարարին ներկայացվել են տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի հայրենական և արտասահմանյան կազմակերպությունների տաղավարներում ցուցադրված արտադրատեսակները, ՏՏ սարքավորումների և համակարգերի, ինժեներական և բարձր տեխնոլոգիական, համակարգչային գրաֆիկայի և մուլտիմեդիայի լուծումները, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման ոլորտի զարգացման հնարավորությունները: Սեյրան Օհանյանին հատկապես հետաքրքրել են ռազմական արդյունաբերության ոլորտում նորարական լուծումներով մի շարք ցուցանմուշներ, ինչպիսիք են ական որոնող սարքը, անօդաչու թռչող սարքերի մի շարք մոդելներ, նռնականետի, հրաձգային զենքի, զենիթահրթիռային համալիրների վարժասարքերը:
«ԴիջիԹեք Էքսպո-2012»-ի տաղավարներում շրջայցից հետո ռազմական գերատեսչության ղեկավարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս տարի նախատեսվում է կազմակերպել ցուցահանդես, որտեղ իրենց արտադրանքը և ձեռքբերումները կներկայացնեն ռազմական արդյունաբերության ոլորտում պաշտպանության նախարարության հետ ինչպես արդեն համագործակցող, այնպես էլ համագործակցել ցանկացող կազմակերպությունները: «Այդ ցուցահանդեսի ժամանակ ներկայացված ցուցանմուշներին կծանոթանան նաև այս օրերին ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություներում գտնվող մեր կենտրոնական ապարատի և զորամիավորումների հրամանատարների մեծամասնությունը, ինչի արդյունքում կընդլայնենք և մեր համագործակցությունը, և մեր պատվերները»,- նշել է պաշտպանության նախարարը և հավելել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմել է ռազմական արդյունաբերության զարգացման հայեցակարգ և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիր, որի իրագործումը գերատեսչության այս տարվա գերակա խնդիրներից մեկն է:
Ցուցահանդես այցի շրջանակում պաշտպանության ոլորտին ցուցաբերած ակտիվ աջակցության համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրել է «Էլտեկ կոմպ» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Ավագյանին, «Ազգային գործիքներ» ՍՊԸ-ի ինժեներ-ճարտարապետ Արա Թառումյանին և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին: