ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 5-ի արտահերթ նիստում կազմել է արձանագրություն` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու, քաղաքագետ Թևան Պողոսյանին տալու վերաբերյալ: Որոշման հիմքը ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի հոկտեմբերի 2-ի արձանագրությունն է: Ըստ այդմ, «Ժառանգություն» խմբակցության կազմը համալրված է:
Ներկայումս թափուր են ԱԺ մեծամասնական ընտրակարգով` Երևանի թ.1 և Շիրակի մարզի թ.35 ընտրատարածքների պատգամավորների մանդատները: Այս ընտրատարածքներում ԱԺ լրացուցիչ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 2-ին: Թեկնածուների առաջադրումը կմեկնարկի հոկտեմբերի 8-ին:
Այս պահին ԱԺ-ի 129 պատգամավորներից 68-ն ընդգրկված են «Հանրապետական» (ՀՀԿ), 36-ը` «Բարգավաճ Հայաստան», 7-ը` «Հայ ազգային կոնգրես», 6-ը` «Օրինաց երկիր», 5-ական` «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունների կազմերում: Անկախ, այսինքն` խմբակցություններում չընդգրկված պատգամավորներն երկուսն են. անկուսակցականներ Արայիկ Գրիգորյան (թ.18 ընտրատարածք) և Էդմոն Մարուքյան (թ.30 ընտրատարածք):