Մեր երգիչ երգչուհիներին արդեն միայն երգարվեստը չի բավարարում, նրանք ցանկանում են նաև բիզնեսով զբաղվել. «Օրերս լուրեր տարածվեցին, որ Անահիտ Սիմոնյանը ամուսնու` Հայկոյի օգնությամբ, արդեն հստակեցրել է բիզնես-գործունեության ոլորտը ու այն ծավալվելու է նորաձևության ասպարեզում: Ավելին, Անահիտը կանացի զգեստների տարբեր էսքիզներ ունի մշակած ու այժմ դիզայներների հետ է քննարկում: Բացի հագուստից, նորաձևության կենտրոնում ներկայացվելու են նաև երգչուհու պատրաստած աքսեսուարներն ու բիժուտերիան: Ասում են` դրանց վաճառքով Անահիտն արդեն զբաղվում է», – գրել է mamul.am-ը:
Ոմանք բիզնեսով են զբաղվում, ոմանց զբաղմունքն էլ գուցե իրենց մասին խոսակցութունների պակասը լրացնելն է: Oրեր առաջ Լիլիթ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Վերջերս մի քանի COMMENT-ներ տեսա իմ շպարի շատ լինելու վերաբերյալ: Բայց ինչպես Շանելն էր ասում՝ «Գեղեցկության մասին հոգալիս պետք է սկսել հոգուց և սրտից, թե չէ ոչ մի շպար չի օգնի…», որը սակայն շատերն ընկալել էին որպես հերթական խոսակցությունների առիթ տվող քայլ, ասելով, թե Լիլիթը տեսավ, որ մի քանի շաբաթ իր մասին չեն խոսում և որոշեց միջամտել:
Խոսակցությունների համաձայն երգչուհի Լիլիթը (Լիլու) մեկնելու է երկրից. որոշել է գնալ իր մտերիմ ընկերուհի Շպռօտի մոտ: Ասում են` Լիլուն հոգնել է իր անվան շուրջ ծավալվող բամբասանքներից, և հասկացել, որ հայկական շոուբիզնեսում չի կարողանում իր տեղը գտնել:
Սիրուշոյի մասին միշտ են խոսում, դա են վկայում նաև նրա մասին ամենաօրյա նորությունները: Վերջերս էլ «168 ժամը» հարցազրույց է ունեցել երգչուհու հետ, ով խոսել է նաև իր անվան շուրջ պտտվող բամբասանքների մասին, ասելով. «Բամբասանքներ միշտ էլ եղել են ու այնպիսի անհեթեթության հասնող աստիճանի, որ երբեմն մտածում եմ, որ մարդու երևակայությանը պետք է մրցանակ տալ: Ես երևի իմ մասին իրականությանը համապատասխանող որևէ բամբասանք չեմ լսել: Երբեմն եղել են այնպիսի բաներ, որոնք իմ տեսակին ընդհանրապես չեն համապատասխանում ու կարծես լինեն իմ հակապատկերի մասին: Եվ քանի որ խոսեցինք այս թեմայից` ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել երկրպագուներիս և այն բոլոր խելացի մարդկանց, ովքեր չեն տրվում անառողջ այդ խոսակցություններին»:
Թվում էր արդեն գիտենք, թե ով է ներկայացնելու «Մանկական Եվրատեսիլ 2012»-ը Նիդերլանդներում, բայց արի ու տես ամեն ինչ կարող է փոխվել: Պարզվել է, որ հայաստանյան նախընտրական փուլում ընտրված «Compass band» խմբի ամենափոքր անդամի տարիքը կեղծվել է: Թե ինչ ընթացք կունենա այս ամենը և ով կներկայացնի Հայաստանը այս տարվա «Մանկական Եվրատեսիլում»՝ պարզ կդառնա, երբ «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը կվերադառնա Ժնևից:
Շաբաթվա ամենաուրախ նորություններից մեկն էլ «Poker.am» ֆիլմի պրեմիերան էր, որը կայացավ հոկտեմբերի 4-ին: Միջոցառմանը ներկա են եղել ֆիլմի դերակատարներ Լիլի Էլբակյանը, Անի Պետրոսյանը, Արտաշես Ալեքսանյանը, Միշոն, Խորեն Լեւոնյանը, ֆիլմի ստեղծագործական կազմն ու այլ մի շարք հայտնիներ, բացակայել են գլխավոր դերակատար Հովոն եւ Լուիզա Ներսիսյանը, ովքեր Միացյալ Նահանգներում են, ինչպես նաեւ դերասանների վրացական կազմը: Ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը Bravo.am-ին ասել է. «350.000 դոլար բյուջեով «Poker.am»-ի գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ սցենարի համահեղինակ, ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը մեկ օրում պոկեր խաղալ է սովորել: Վերջինս էլ նշել է, թե կատակերգություն նկարելն ավելի լավ է ստացվում, բայց դեմ չէ նաեւ այլ ժանրերում ֆիլմեր նկարելուն»:
Տիգրանուհի Թասլակյան