Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ: Հանրապետության ղեկավարն այսօր առավոտյան Ջերմուկ քաղաքում մասնակցել է Գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին:
Համաժողովին մասնակցել են հանրապետության գյուղական համայնքների ղեկավարներ՝ հանրապետության բոլոր մարզերից: Միջոցառումը նպատակ ունի տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկման, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով աջակցել գյուղական համայնքների կայուն զարգացմանը:
Նախագահը ողջունել է միջոցառման մասնակիցներին և համաժողովին մաղթել արդյունավետ աշխատանք:
«Կայացած տեղական ինքնակառավարման համակարգի կարևորության մասին մենք շատ ենք խոսել: Իրականացվող պետական քաղաքականությունն էլ դրան է ուղղված. մենք շարունակելու ենք տեղերում կայացող որոշումների համար ավելի լայն ազատություններ ու հնարավորություններ ընձեռելու մեր ռազմավարությունը: Եվ շարունակելու ենք պետական բյուջեից օժանդակել նման ծրագրերը:
Կարդացեք նաև
Սա մեկ կողմից: Մյուս կողմից կա շատ կարևոր մի հանգամանք, որը բոլորս պետք է կարևորեք: Խոսքս մեր դերակատարման, մեր վարքի ու մարդկանց կողքին կանգնելու մեր ունակությունների մասին է: Բացատրեմ միտքս:
Այսօր ունենք մի իրականություն, երբ մեր տնտեսական ցուցանիշներն սկսել են լրջորեն բարելավվել, նկատելի ձեռքբերումներ ենք արձանագրել ընտրական գործընթացներում, բավականաչափ ամուր դիրքեր ունենք սահմանների պաշտպանության և միջազգային ասպարեզում Հայաստանի դերի ավելացման հարցերում, բայց դեռևս չունենք այնպիսի հասարակական միջավայր, երբ բոլորը կամ գոնե ճնշող մեծամասնությունը հավատում են հաջողությանը և սատար են կանգնում փոփոխությունների միտված մեր նախաձեռնություններին: Մարդիկ դժգոհ են, մարդիկ դեռևս հիասթափված են:
Դժգոհություններն առավելապես սոցիալ-տնտեսական բնույթի են, համապետական և տեղական իշխանությունների գործունեությունից են, հեռանկարի և հույսի պակասից են, տարբեր մակարդակների առաջնորդների հանդեպ հավատի կորստից են:
Հասարակական հոռետեսական միջավայրը ներկայում, ըստ էության, մեր երկրի առջև ծառացած ամենաառաջնային խնդիրներից է, որը լուրջ խոչընդոտ է թե՛ զարգացման, թե՛ փոփոխությունների ճանապարհին: Մենք փոխելու ենք, իհարկե, այս իրավիճակը, մեր յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու և հավատալու է, որ ճանապարհը, որով գնում է Հայաստանը միակ անխոցելի և հեռուն տանող ճանապարհն է: Բայց պետք է արդյունքներ տեսնեն մարդիկ, պետք է վստահ լինեն, որ բոլոր իրականացվող գործողություններն այդ նպատակին են ծառայում: Մարդիկ պետք է հավատան, ուղղակի հավատան:
Դուք, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներդ, մեր հասարակության հետ շփման առաջնային օղակն եք: Ձեր յուրաքանչյուր ամբարտավան քայլ, անպատասխանատու արարք կամ անարդար որոշում միանգամից դառնում է հավատի կորուստ երկրի ու նրա ընթացքի վերաբերյալ: Ամեն օր իր քայլերով հույս արթնացնող առաջնորդների դեֆիցիտ է առաջացել հանրային ընկալման մեջ: Մենք սա պետք է հասկանանք: Դուք եք նաև այն մարդիկ, որ պետք է այդպիսի առաջնորդներ լինեք:
Մեր քաղաքացիները ձեզ հետ ամենօրյա շփման մեջ են, ձեր գործողությունների հետևանքով կորսված հավատը հանրապետական մակարդակով շատ դժվար կլինի վերականգնել: Երբ ասում եմ ձեզ, հարգելի գործընկերներ, բնականաբար, ես նկատի չունեմ այստեղ նստած մարդկանց, ես նկատի ունեմ ընդհանրապես տարբեր մակարդակներում ընտրված առաջնորդներին: Մեզնից յուրաքանչյուրը գրեթե նույնանման աշխատանք է կատարում: Մեկի ծավալները մեծ են, մյուսինը՝ մի քիչ ավելի փոքր: Եվ մեզնից որևէ մեկին ոչ ոք չի պարտադրել գալ, առաջադրվել, ընտրվել: Եթե մենք եկել ենք, առաջադրվել ենք, ընտրվել ենք, նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք ծառայելու այն մարդկանց, ովքեր մեզ ընտրել են: Մենք պետք է կարողանանք անել այնպես, որպեսզի մարդիկ չփոշմանեն մեզ վստահելու ու քվեարկելու համար: Սրանք շատ կարևոր դիտարկումներ են, խնդրում եմ ամեն օր սա հիշել: Հիշե՛ք ու աշխատանքի գնալուց առաջ մտածեք ոչ միայն այն մասին, թե ինչ եք անելու, այլ թե ինչպես եք անելու: Ձեր առաքելությունը միայն կուտակված խնդիրները լուծելը չէ, այլ այնպես լուծելը, որ մարդիկ դրանով բավարարված լինեն: Հիշե՛ք, մենք խաներ չենք, որպեսզի խոժոռ դեմքով մարդկանց հարցերը լուծենք ու հետո էլ սպասենք, որ այդ մարդիկ մեզնից շնորհակալ լինեն: Չփորձեք երբեք ընկնել նման խաբկանքների ծուղակը. դա վտանգավոր ճանապարհ է:
Մենք փոփոխությունների մեծ ուղի ենք մտել: Մեր ծրագրերը կհաջողվեն միայն, եթե ողջ հասարակությունը հավատա դրանց ու սատար կանգնի: Հիշե՛ք, որ ձեր խնդիրների շարքում այս ամենը ևս կա և պակաս կարևորների մեջ չէ:
Այսքանն էի, ուղղակի, ուզում ձեզ ասել: Բնականաբար, ես կարող էի մի քիչ այլ երանգներ հաղորդել իմ կարճ ելույթին, ասել, թե ինչպիսի մեծ հաջողությունների ենք հասել, բերել լավ օրինակներ: Փայլուն օրինակներ ունենք՝ երբ մարդիկ նվիրված են երկրին, իրենց աշխատանքին, անում են ամեն ինչ, որպեսզի կարողանան արդարացնել այն մեծ վստահությունը, որ իրենց նկատմամբ ցուցաբերվել է: Բայց կարծում եմ, որ սա մեզ յուրահատուկ չէ: Այն, ինչ մենք արել ենք, որևէ մեկը մեզնից չի խլելու և շատ դեպքերում էլ կարող է մոռացվել: Մենք պետք է խոսենք այն խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են ավելի լավ համայնք, ավելի լավ քաղաք կամ մարզ և, վերջին հաշվով, ավելի լավ պետություն ունենալուն: Իսկ այդպիսի խոչընդոտները բազմաթիվ են: Եվ ինչքան շատ խոսենք խնդիրների մասին, այնքան տեսնելու ենք դրանց լուծման ճանապարհները և այնքան մարդիկ հավատալու են: Իսկ եթե չհավատացին, մեզնից ոչ մեկը չի կարող լիաթոք ապրել, չի կարող կառավարել ոչ հարյուր հոգանոց, ոչ հազար հոգանոց, ոչ էլ տաս հազար հոգանոց համայնքներ: Իսկ կառավարել, մեկ անգամ ևս կրկնում եմ, նշանակում է ծառայել գաղափարին: Եվ ես վստահ եմ, որ գոնե այս դահլիճում նստած մարդկանց ճնշող մեծամասնությունը հենց ծառայում է այդ գաղափարին: Շնորհակալ եմ և ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը, մենք բոլորս, բոլոր փորձություններից դուրս գանք պատվով»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահի աշխատանքային այցը Վայոց Ձորի մարզ շարունակվում է: Հանրապետության ղեկավարը կայցելի նաև Արենի և սահմանամերձ Խաչիկ համայնքներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ