Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լրագրողը պաշտպանեց բելգիաբնակ պարուսույցին

Հոկտեմբեր 06,2012 13:16

«Առավոտի» օգոստոսի 24-ի համարում հրապարակված «Բելգիահայ արվեստագետները թուրք չինովնիկից ոչինչ չեն ակնկալում» հոդվածին արձագանքել է գրող, գեղանկարիչ, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Վանիկ Սանթրյանը: Հիշեցնենք, որ հոդվածում Բելգիայի «Հայք» պարախմբի գեղարվեստական ղեկավար Արթուր Նիկողոսյանը հայտնել էր, թե ինչու են Հայաստանի իշխանությունները մեդալներ շռայլում գրականության եւ արվեստի դրսի որոշ ներկայացուցիչների, այն դեպքում, երբ նույնիսկ ծանոթ չեն նրանց ստեղծագործական կենսագրությանը, շեշտելով Բելգիայում գործող «Բարեկամություն» անսամբլի ղեկավար Ենոք Ստեփանյանի անունը, ով մասնագիտական կրթություն չունի: Նա նշել էր, թե վերջինիս ղեկավարած անսամբլը երբեք չի ներկայացել հայաստանցի հանդիսատեսին:

Վանիկ Սանթրյանի խոսքերով. «Հայաստանի մշակույթի նախարարության մարդիկ ու նրանց բարեկամները հայտնվելով Բելգիայում, առիթ են ունեցել դիտելու Ենոքի պարախմբերին: Ինչ վերաբերում է Ենոք Ստեփանյանին «Նարեկացի» շքանշանով պարգեւատրելուն, ասեմ, որ դա առանձնապես մի պարգեւ չէ, ոչ էլ շքանշան է, այլ հուշամեդալ, գերատեսչական մի ընծա…»: Հայրենիքում «Բարեկամություն» անսամբլի հանդես չգալու առիթով էլ պարոն Սանթրյանն ասաց. «Մինչեւ 2011թ. երեխաներն ունեցել են փաստաթղթերի հետ կապված խնդիրներ, այժմ դրանք լուծված են: Հիմա «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնին մասնակցելու հարցը օրակարգում է»:

Ենոք Ստեփանյանի մասնագիտական կրթությունը փաստելու համար էլ Վանիկ Սանթրյանը ներկայացրեց նրա դիպլոմի պատճենը, ըստ որի՝ Ստեփանյանը 1986թ. ավարտել է Լենինգրադի արհմիությունների մշակույթի բարձրագույն դպրոցը՝ «Մշակութալուսավորչական աշխատանք» մասնագիտությամբ:

Վանիկ Սանթրյանը փոխանցեց Բելգիայի հայկական կազմակերպությանների համադաշնության նախագահ, Անտվերպենի «Նուարդ» մշակութային միության նախագահ, Բենիլյուքսի երկրներում լույս տեսնող միակ հայալեզու «Լրագիր» ամսաթերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր Գեւորգ Մինասյանի վրդովմունքը՝ «Առավոտում» լույս տեսած հոդվածի առնչությամբ, ով ժամանակին երկար տարիներ աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում. «Հարգարժան պարոն Նիկողոսյանը նույնիսկ տեղյակ չէ կամ ցույց է տալիս, որ տեղյակ չէ, որ Անտվերպենում արդեն 11 տարի է, ինչ գործում է «Բարեկամություն» անսամբլը, որն իմ աջակցությամբ է ստեղծել Ենոքը: Անսամբլը, որը պաշտոնապես «Ֆլանդիրիայի երիտասարդական անսամբլ» դիպլոմ ունի, մասնակցել է շուրջ 80 համերգների եւ միջազգաիյն փառատոների, մի քանի անգամ ելույթ ունեցել Բելգիայի կենտրոնական հեռուստատեսությամբ: Էդ նրան ո՞վ թույլ կտա «ռաբիս» բեմադրել ու ներկայացնել կենտրոնական հեռուստատեսությամբ: Ենոքի 5 անսամբլներում առնվազն 500 երեխաներ են պարել սովորել, ու այդ մարդուն փառաբանելու փոխարեն մահակի տակ ենք գցում»:

Վանիկ Սանթրյանը մեզ ներկայացրեց վերջերս լույս տեսած իր «Ենոք Ստեփանյան. պարի հրավեր» գիրքը, ասելով. «Գրքում զետեղված է ակնարկ պարոն Ստեփանյանի մասին, մամուլի վկայություններ, ժամանակակիցների, ինչպես նաեւ Բելգիայում նրա ստեղծած պարախմբերի սաների եւ մշակութային գործիչների խոսքեր»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031