Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւորը ինքնաբացահայտումն է»

Հոկտեմբեր 06,2012 13:11

Հարցազրույց յոգայի մարզիչ Ելենա Դավթյանի հետ

– Ելենա, ի՞նչ է յոգան եւ որտեղի՞ց են գալիս նրա արմատները:

– Մեզ հասած հիշատակություններից յոգան սանսկրիտերեն «յուջ» բառի արմատն է, որը նշանակում է կապ ստեղծել, շաղկապել կամ միացնել: Այն օգնում է մարդուն ինքնաբացահայտվելուն, ինքնահաստատվելուն, ինքնաբուժվելուն: Եթե յոգա ասելով հասկանում ենք կապ հաստատել, դա չի նշանակում, որ մարդը փորձում է իրեն կապել ինչ-որ էներգիաների հետ: Յոգայի հիմնական նշանակությունը կայանում է մարմնի եւ մտքի միջեւ կապի հաստատմանը, որպեսզի դրանց ներդաշնակությունը թույլ տա շարժվել ֆիզիկական կատարելությունից դեպի հոգեւոր կատարելություն:

– Յոգայով զբաղվել ցանկացողին ի՞նչ է պետք հասկանալ:

– Առաջին հերթին մարդը պետք է գիտակցի, որ յոգայով զբաղվելու համար կարեւոր է ներքին աշխարհի հետ կապի ստեղծումը՝ ինքնաբացահայտումը: Եթե անձը որոշել է զբաղվել յոգայով, ապա նա պետք է որոշակի խորքային փոփոխություններ մտցնի ապրելակերպի, մտածելակերպի, սննդակարգի մեջ: Պատանջալին, որպես յոգայի դասակարգող, մեզ հասցրել է ութ աստիճանյա յոգայի գաղափարը, որը կոչվում է Աշտանգա, այսինքն՝ ութ աստիճան: Առաջին փուլը յաման է, որը նշանակում է անձնական կարգապահություն, այսինքն՝ էթիկայի սկզբունքներ: Երբ մարդն ինքն իր վրա ընդհանրապես չի աշխատում, ինչ յոգայի մասին է խոսքը: Երկրորդ փուլը նիյաման է, որը սոցիալական կարգապահությունն է: Այն ունի հինգ սկզբունք՝ մաքրության պահպանում, բավարարվածություն, հոգեւոր կողմնորոշում, ինքնաճանաչում, հավատարմություն եւ խոնարհում: Երրորդ փուլն ասանաների էտապն է: Ասանան մարմնի ստատիկ դրությունն է: Դրանք նպաստում են մարմնի կայունությանն ու ճկունությանը: Ասանան ֆիզիկական մարմնի վիճակ է, կեցվածք: Չորրորդը պռանայամայի փուլն է՝ շնչառական վարժությունների համակարգն է: Հինգերորդը՝ պրատիյահարայի փուլն է՝ զգացմունքների վերահսկողությունն է: Վեցերորդը՝ դհարանա, որը կենտրոնացումն է եւ յոթերորդը՝ դհիյանա մեդիատացիան:

– Յոգան բաժանվում է բազմաբնույթ տեսակների, ո՞րն է ամենատարածված տեսակն աշխարհում եւ ի՞նչ տեսակներ կան:

– Աշխարհում ամենատարածված տեսակն Աշտանգա յոգան է եղել, որը դարերի ընթացքում ձեւափոխվել է եւ դրանից ստեղծվել են տարբեր ուղղություններ, որոնք բավական տարածում ունեն հատկապես արեւելյան աշխարհում: Դրանցից է Հաթ-հա տեսակը, որը նշանակում է ֆիզիկական հմտություն: Այդ յոգայի տեսակով էլ զբաղվում ենք մեր կենտրոնում: Դա ամենատարածվածն է Հայաստանում: Աշխարհում ճանաչված են եւ լայն տարածում ունեն՝ Բհակտի յոգան, Ջնանա յոգան, Կարմա յոգան եւ Ռաջա յոգան:

– Կա՞, արդյոք, կապ եկեղեցու եւ յոգայի միջեւ:

– Դրանք բոլորովին տարբեր հասկացություններ են:

Կա տեսակետ, որ քրիստոնեությունը դեմ է յոգային: Դա հիմնավորվում է նրանով, որ յոգայի արմատները գալիս են հինդուիզմից: Յոգը ձգտում է լուսավորվելուն: Գուցե յոգան ունի կրոնական ծագումնաբանություն, բայց չմոռանանք, մենք զբաղվում ենք Հաթ-հա յոգայի տեսակով, որը միայն ֆիզիկականն է: Առաջին անգամ համակարգել է հնդիկ փիլիսոփա Պատանջալին՝ քրիստոնեությունից առաջ երկրորդ հազարամյակում եւ այդ մասին հիշատակել է «Յոգասուտրա» գրքում: Հիմա յոգան հիմնականում մատուցվում է այն մակարդակի վրա, որ կրոնի, հոգեւոր ուղղվածության եւ կողմնորոշման հետ կապ չունի: Իմ անձնական տեսակետով կարող եմ մեկնաբանել, որ յոգան պարզապես արվեստ է մարմինը զգալու, ճանաչելու եւ հետեւաբար, յոգան չի խոչընդոտում ոչ մի կրոնի, իսկ կրոնը՝ յոգային:

– Յոգան որքանո՞վ է խորքային Հայաստանում: Արդյո՞ք դա հետաքրքրում է մեր հայ հասարակությանը:

– Հայաստանում վերջին տասը տարվա ընթացքում յոգայով հետաքրքրվողների բավական արագ աճ է գրանցվում: Կոնկրետ հոգեֆիզիոլոգիական պրակտիկաների հանդեպ մարդիկ ցուցաբերում են իրենց հետաքրքրությունը՝ հատկապես երիտասարդները: Գործում է Հայաստանի յոգայի ֆեդերացիան, որի սաներից եմ նաեւ ես: Հիմնադիրը Հակոբ Բաղդասարյանն է: Կան նաեւ տասը եւ ավելին յոգայի կենտրոններ: Մեզ մոտ յոգան հիմնականում մատուցվում է ավելի շատ սպորտային մակարդակի վրա, քանի որ պահանջարկն է այդպիսին: Որքան ազգի արմատները հին են, այդքան այդ ազգն ավելի կասկածամիտ է նորամուծությանը, հետեւաբար Հայաստանում, մեր ազգային ավանդույթից ելնելով, յոգան, համեմատ մյուս ազգերի, ավելի ազատ չի ընդունվում:

– Յոգայի բաղկացուցիչ մասերից է մեդիտացիան: Ո՞րն է կարեւորվում եւ ինչի՞ վրա է շեշտը դրվում Հայաստանում՝ մեդիտացիայի՞, թե՞ ֆիզիկականի:

– Մեդիտացիան յոգայի բարձրագույն փուլն է: Ցանկալի է մեդիտացիայով զբաղվեն մարդիկ, որոնք որոշակի պրակտիկաներ, հմտություններ ունեն յոգայի ասպարեզում: Մեզ մոտ հիմնականում Հաթ-հա յոգան խորքային մեդիտացիաներ չի ներառում, այլ ներառում է ֆիզիկական, շնչառական վարժություններ եւ որոշակի մեդիտատիվ վարժանքներ: Խորքային մեդիտացիաներ կատարվում են այն ժամանակ, երբ անձի մարմինն ու միտքը պատրաստ են դրան: Մեդիտացիան կատարյալ կենտրոնացած վիճակ է, որին հասնելու համար անձի ֆիզիկական մարմինն ու գիտակցությունը պետք է հավասարաչափ պատրաստ լինեն: Ներկա պահին մեր հասարակության համար նորաձեւ է մեդիտացիա կատարելը եւ շատ հմայիչ է թվում, սակայն դա խորհուրդ չի տրվում, քանի որ ինքնագիտակցության հետ խաղ անելը կարող է հասցնել մեծ չարիքի: Այդ իսկ պատճառով մենք շեշտը դնում ենք ֆիզիկական, շնչառական վարժանքների վրա եւ թեթեւ մեդիտատիվ վարժանքների վրա:

– Ի՞նչ է տալիս յոգան եւ ի՞նչ դրական փոփոխություններ կարող է ձեռք բերել յոգայով զբաղվողը:

– Յոգան առողջ ապրելակերպ է: Այն օգնում է վերականգնել առողջությունը: Այն հիանալի համակարգ է, որը մարդուն լիցքավորում է տիեզերական էներգիայով, հավասարակշռում է դրական «յան» եւ բացասական «ին» էներգիաները: Մարդու կենսական ռիթմը համապատասխանեցնում է բնության ռիթմին: Յոգան օգնում է կարգավորել արյան շրջանառությունը, վերականգնել նյութափոխանակությունը եւ ստաբիլացնել էնդոկրին համակարգի աշխատանքը (հորմոնալ դաշտը): Այն օգնում է վերականգնել շնչառական համակարգի աշխատանքը, որը կատարվում է շնչառական վարժությունների հիման վրա: Յոգայի շնորհիվ կարելի է ձերբազատվել ողնաշարային որոշ հիվանդություններից, սթրեսներից եւ դեպրեսիաներից, վերականգնում է քունը եւ նպաստում է մարսողությանը, ներքին օրգանների աշխատանքի բարելավմանը: Այդ պրակտիկ կենսափիլիսոփայության շնորհիվ կարելի է ձերբազատվել անբավարարվածության զգացողությունից, ագահությունից, արհամարհանքից, նախանձից, խանդից, այլ բացասական հույզերից, որոնք բուն են դնում մեր գիտակցության մեջ եւ հիմք են շատ հիվանդությունների:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031