Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնի առիթով չխոսեցինք հոգսերից

Հոկտեմբեր 06,2012 13:09

Գրադարանի օրվա առիթով «Առավոտը» հյուրընկալվեց Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Ընտրեցինք Հայաստանում հանրային բնույթի երկրորդ մեծ գրադարանը, քանի որ այն ձեռք է բերել մշակութային «վերնատուն» անունը: Իսկապես, ողջ տարին այստեղ անցկացվում են արվեստի ու գրականության մեծերի ու ժամանակակիցների հոբելյաններ, շնորհանդեսներ եւ այլն:

Գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը խնդրեց «Առավոտ» օրաթերթի միջոցով շնորհավորել հանրապետության գրադարանավարներին եւ ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի առիթով, նշելով, թե պատահական չէ, որ այս տոները հաջորդում են միմյանց, քանի որ ուսուցիչն ու գրադարանավարը կոչված են հասարակությանը կրթել ու դաստիարակել:

Տիկին Կարապետյանը ներկայացրեց, որ իր ղեկավարած գրադարանն այսօր ունի մոտ 1 մլն գրականության հարուստ ֆոնդ, 35 հազարից ավելի ընթերցողական խմբով, ամեն օր 800-1000 այցելու, 7 մասնաճյուղ, անվճար ինտերնետ-լարային եւ WI-FI ծառայություններ, 2 գրախանութ, էլեկտրոնային գրացուցակ, ընթերցողների էլեկտրոնային սպասարկում ու գրադարանային գործառույթների ավտոմատ համակարգ, եվրոպական, ամերիկյան, ասիական գրականության կենտրոններ եւ այլն:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե նման հարստության առկայության դեպքում ի՞նչ խնդիր կարող են ունենալ, տիկին Կարապետյանը պատասխանեց. «Մեր առաջնային խնդիրներից մեկը համարվում է Երեւանի ազգաբնակչության, նաեւ մայրաքաղաքում սովորող ու աշխատող այլ տարածաշրջանների քաղաքացիների համար անվճար, արագ, անհրաժեշտ եւ մատչելի տեղեկատվություն տրամադրելը: Այս նպատակով մինչեւ տարեվերջ ծրագրել ենք ստեղծել Երեւանի տարբեր մասերում գործող գրադարանների միասնական էլեկտրոնային ցանց՝ ֆոնդերի միասնական օգտագործման համակարգով»: Դիտարկմանը, թե առանց համակարգիչների ինչպես են պատկերացնում դրա իրագործումը, տնօրենը նախ ասաց, որ դեռեւս տարեսկզբին կարեւորագույն այս խնդիրը լուծելու նպատակով դիմել է մի քանի տասնյակ կազմակերպությունների ու հիմնադրամների եւ դրանցից միայն «Տաշիր» բարեգործական հիմնադրամն է արձագանքել: «Փաստորեն, իսահակյանցիներս մասնագիտական տոնի առիթով նվեր ստացանք 25 միավոր նորագույն համակարգիչ»,- հայտնեց Հասմիկ Կարապետյանը:

Ուզում էինք խոսել նաեւ գրադարանավարի ցածր աշխատավարձից՝ ճշտելու, թե կա՞, արդյոք, այն բարձրացնելու որեւէ հույս կամ խոստում, սակայն չուզեցինք փչացնել նախատոնական տրամադրությունը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031