Կրթական հաստատությունների կայքերը ոչ միայն տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի միջոց են, այլեւ բուհի այցեքարտը: Ու լավ է, որ մեր շատ բուհերի կայքերի առաջին էջում չինովնիկական որեւէ լուսանկար չկա, ինչը, թերեւս, կարդարացվեր, եթե բուհի ղեկավարը, դիցուք, Նոբելյան մրցանակի հավակնորդ կամ անվերապահելի հեղինակություն լիներ:
Բոլոր բուհերի նման Երեւանի պետական համալսարանի https://www.ysu.am կայքն ունի «ավանդական» բոլոր բաժինները՝ նորություններ, ֆակուլտետներ, դիմորդ եւ այլն: «Երկխոսություն» բաժնում էլ պատասխանում են նամակներին: ԵՊՀ կայքը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Ափսոս, որ այն վիզուալ առումով առանձնապես գրավիչ չէ: Իբրեւ գլխավոր նորություն այստեղ նշված է պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման նպատակով կազմակերպվող դասընթացների մասին լուրը:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի https://www.seua.am/ կայքը բավականին գրավիչ է, եւ «հնություն» չի բուրում, իսկ իբրեւ գլխավոր նկար Պոլիտեխնիկի հայտնի շենքի ճակատն է: ՀՊՃՀ-ն բլոգ էլ ունի՝ http:
Կարդացեք նաև
//seua.wordpress.com/, որն ավելի շատ հայտարարությունների տախտակ է հիշեցնում, մինչդեռ բլոգը ավելի ազատ բնույթ է ենթադրում:
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի https://www.ysmu.am կայքը հարց-պատասխանի եւ բուհի ռեկտորին հարց ուղղելու հնարավորություն ունի, նկարներն էլ անընդհատ փոփոխվում են: Նորություններից մեկը պատմում է այն մասին, որ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի կողմից պարգեւատրվել է շնորհակալագրով՝ «Երեւանը մեր տունն է» երիտասարդական ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Շա՜տ «բժշկական» լուր է:
Հետաքրքիր է այս բուհի հարցուպատասխանի բաժինը:
«Առաջարկում եմ Անատոմիայի ամբիոնը կցել Հայոց լեզվի ամբիոնին, քանի որ մեզ տրվող թեստերը կարծես հիմնված են բառախաղի վրա»,- գրում է ուսանողներից մեկը: Ռեկտորի պաշտոնակատարն էլ պատասխանում է. «Անատոմիայի ամբիոնի քննական թեստերը ընտրանքային կարգով նայվել են մեր կողմից։ Բառախաղերի չենք հանդիպել։ Եթե ուսանողներին հայտնի են կոնկրետ օրինակներ, ապա պատրաստ ենք դրանց անդրադառնալու»: Մի ուսանող էլ գրում է. «Ես տհաճությամբ եմ գնում Ֆիզիոլոգիայի ամբիոն, որովհետեւ այնտեղ կենդանիների վրա փորձեր են անում։ Մի՞թե հնարավոր չէ դասը մատուցել առանց կենդանիներին զոհելու»: Նրան պատասխան է տրվում, որ մի դրամաշնորհի միջոցով ձեռք կբերվեն անհրաժեշտ տեխնիկա եւ աշխարհի առաջատար գիտահետազոտական լաբորատորիաներում նկարահանված թեմատիկ ֆիլմեր:
Մանկավարժական համալսարանի https://armspu.am կայքում, որը ակտիվ է ու պարբերաբար թարմացվող, նաեւ տեսանյութեր կան: Կայքն ունի բլոգ, որը չի բացվում: Այս բուհի «Ուսանողական կյանք» բաժնում ուսանողների ստեղծագործություններն են զետեղված:
Իբրեւ արվեստի բուհի կայք, Գեղարվեստի ակադեմիայի https://
www.yafa.am/ կայքը «չոր» է՝ ծանրաբեռնված նորություններով ու զանազան ծրագրերի մասին հայտարարություններով: «Նորություններ» բաժնի սակավաթիվ հետաքրքիր լուրերից մեկը Հարավային Կոնեկտիկուտի Պետական համալսարանի նոր ռեկտոր Մարի Փափազյանի երդմնակալության արարողության մասին լուրն է: Նա ԱՄՆ-ի պատմության մեջ բուհի առաջին հայուհի ռեկտորն է:
Երեւանի պետկոնսերվատորիայի https://www.conservatory.am/ կայքի վրա առայժմ աշխատանքներ են տարվում:
Տեսողական առումով, աչքի ընկնող է Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի https://www.
ysitc.am կայքը: Նույնիսկ հնարավորություն կա պատասխանելու «Եթե ես լինեի ռեկտոր» հարցին: Ինչ վերաբերում է կայքի «Ինֆո կենտրոնին». այդ բաժինն առայժմ դափուդատարկ է: Ի դեպ, «Ռեկտորի ուղերձ» վերնագրի տակ էլ ոչինչ չկա:
Թարմ է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի https://www.asue.am/am կայքը, կարեւոր լուրերն ու «շեշտադրված» լուսանկարներն անընդհատ փոխվում են «վազող տողի» նման:
Նշենք, որ կրթական կառույցների եւ բուհերի կայքերի բովանդակությունը կարող են հարստացնել ինքնատիպ լուսանկարներն ու տեսագրությունները, եթե տվյալ կրթական հաստատության շենքը ճարտարապետական առումով արժեքավոր է, դրա մասին պատմությունը: Բուհի համար հրաշալի PR կարող են համարվել նրա անվանի շրջանավարտները, նրանց՝ արտերկրում հաջող ուսումնառության ու ճակատագրերի մասին պատմությունների հրապարակումը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ