Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պայքարել «վաճառվող» չինովնիկների դեմ

Հոկտեմբեր 06,2012 12:59

Ռոդոսում քննարկում են միգրացիային վերաբերող հարցեր. Նիդերլանդների ներկայացուցիչը հորդորում է իրենց ճանապարհով չգնալ:

«Եթե չինովնիկը վաճառվում է՝ կապ չունի, թե որ ազգության ներկայացուցչին է վաճառվում: Եվ դա չի նշանակում, որ «գնողը» մեղավոր է»,- հունական Ռոդոս կղզում ընթացող «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովում միգրացիայի խնդիրներին նվիրված կլոր սեղանի ժամանակ ասաց հայկական պատվիրակության ղեկավար, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ հակադարձելով Բելառուսը ներկայացնող հոգեւոր դասի ներկայացուցիչ Պավել Սերդյուկի այն դիտարկմանը, որ կովկասցի ներգաղթյալները ամեն գնով եւ ամեն կերպ փորձում են կարգավորել իրենց խնդիրները՝ սեփական «վատ բարքերը» ներկրելով այն երկիր, որտեղ գտնվում են: Այս բանավեճը ծավալվեց ՌԴ-ն ներկայացնող փորձագետ Ժաննա Զայոնգովսկայայի այն դիտարկումից հետո, որ ՌԴ-ում խախտվում են ներգաղթյալների իրավունքները: Տիկինը կարծում է, որ կովկասցի ներգաղթյալների թիվը ՌԴ-ում պակասել է հենց այն պատճառով, որ նրանց լավ չեն վերաբերվել: Ընդհանրապես, նա դեմ է նախկին Խորհրդային Միությունից դեպի ՌԴ ներգաղթին, հատկապես «ուղեղների»՝ ինտելեկտուալ խավի, քանի որ կարծում է, որ այդպիսով ի վերջո կգա մի ժամանակ, երբ իր երկրի սահմանները կբացվեն: Նա այդ խնդրով քանիցս դիմել է պատկան պետական այրերին, սակայն արձագանքներ չի ստացել: Բացի նրանից, որ, այսպես ասած, ընդունող երկրները պետք է լավ վերաբերվեն ներգաղթյալներին, ռուս փորձագետի համոզմամբ՝ նաեւ դոնոր երկրները պետք է բացատրեն իրենցից արտագաղթողներին, թե ինչպես պետք է իրենց դրսեւորեն: Ըստ տիկնոջ՝ փոխադարձ հարգանքը կտա շատ խնդիրների լուծման տարբերակներ: Այս տեսակետի շուրջ բավականին բուռն քննարկումներ եղան, բավականին հակասական օրինակներ բերվեցին:

«Անընդհատ խոսում ենք հետեւանքների մասին՝ առանց պատճառների լրջագույն վերլուծության»,- իր խոսքում ասաց Հայաստանը ներկայացնող ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Նրա համոզմամբ՝ նախ պետք է լուծել միգրացիա առաջացնող հիմնական խնդիրները՝ պատերազմներ, ներքին կառավարման անորակ համակարգ, ինչն էլ բերում է անհավասարության, այդ թվում՝ նաեւ սոցիալական: Արամ Սարգսյանը կիսում է ռուս փորձագետի կարծիքը, որ դոնոր եւ ընդունող երկրները պետք է հստակ պարտավորություններ ստանձնեն, ինչը կբերի միգրացիայի հետեւանքով առաջացող խնդիրների նվազեցման:

Նրա կարծիքով՝ ներկայիս իրավիճակում երեք կողմերն էլ տուժող են: Մինչդեռ միջպետական համաձայնագրերի առկայության պարագայում հստակ կարգավորում կարելի է մտցնել: «Եթե մի երկիր ամայանում է, մասնագիտական առումով տուժում է նախ՝ այդ երկիրը, քանի որ տվյալ մասնագետի կրթության վրա գումարներ է ծախսել: Գնալով՝ նա նաեւ բացառում է տվյալ երկրի զարգացմանն իր մասնակցությունը: Այս ամենն այսօր համաշխարհային մակարդակի խնդիր է: Ու հետաքրքիր է, որ 99 տոկոս միգրանտները հարավից հյուսիս են գնում՝ առաջացնելով անհատի, ազգի ինքնության պահպանման խնդիրներ նաեւ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը: Մեր դիտարկմանը՝ այս պարագայում նաեւ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներ են առաջանում, քանի որ պետությունը չի կարող ստիպողաբար որեւէ մեկին ուղարկել այլ երկիր կամ պահել իր երկրում, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մարդը չի էլ հարցնում, որոշում է եւ գնում: Հայաստանի նման երկրների համար խնդիրը կյանքի պայմանների ստեղծումն է, որ մարդը անգամ չմտածի հեռանալու մասին: Մեզ համար արտագաղթը հիմա ամենացավալի խնդիրն է: Ուրեմն մենք պետք է թույլ չտանք: Բայց քանի որ հասկանալի է, որ նման խնդիրները մեկ օրում չեն լուծվում, պետությունը գոնե պետք է փորձի հետաքրքրվել եւ միջպետական պայմանագրերում ամրագրված դրույթների միջոցով հոգալ իր երկրից արտագաղթող մարդու մասին: Հայաստանից արտագաղթում են ՌԴ, ԱՄՆ եւ եվրոպական երկրներ: Կարելի է մի քիչ մտածել եւ հասկանալ, թե այդ պետությունների հետ ինչ համաձայնությունների կարելի է գալ, որոնք նվազագույն պայմաններ կապահովեն»: Մեր զրուցակիցը օրինակ է բերում Ցեղասպանությունից հետո դեպի Ֆրանսիա հայերի արտագաղթը, երբ այդ երկիրը հստակ պայմաններ ստեղծեց մեր ազգակիցների համար՝ պայմանով, որ նրանք պահպանեն իրենց ինքնությունը՝ լինելով լոյալ քաղաքացիներ, ընդունելով խաղի իր կանոնները: «Ադապտացիան ավելի հանգիստ անցավ: Հիմա էլ կարելի է տարբերակներ գտնել, մանավանդ, որ քսենոֆոբիայի խնդիրներ են առաջացել Եվրոպայում»,- ասաց մեր զրուցակիցը: Նա առաջարկում է ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծել միգրացիայի խնդիրները կարգավորող հանձնախումբ, որը կլինի վերազգային, վերպետական եւ հստակ երաշխավորություններով ու ծրագրերով կարգավորում կմտցնի այդ ասպարեզում:

Ի դեպ, Նիդերլանդները ներկայացնող փորձագետ Պետեր Վան Կրիենկոն իր ելույթում հորդորեց չգնալ իրենց օրինակով, քանի որ միգրացիայի հարցերում Եվրոպան սխալ քաղաքականություն է վարել. «Մուլտիկուլտուրալիզմ չկա, կործանվեց, որովհետեւ այդպես չի լինում: Պետք էր ավելի խելոք լինել»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ռոդոս

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031