Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսօրից հետո

Հոկտեմբեր 06,2012 12:48

  Սարմեն Ղահրամանյան

Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին:

«Եւ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եւ ո՞ւմ եք թողել ձեզ հա-մար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։

                                                                                                             Մ. Գալշոյան

«Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։

                                                                                                                  Դյուամել

 

Բայց Էդգարը չէր լսում, մտքերի հետ էր եւ խոսքը շարունակեց ու ասաց, ասաց` ի՛մ արեւ, հենա, մինչեւ հիմա ո՞վ էր հասկանում մեր ղա¬րա-բաղ¬յան գորգերի, կարպետների, այաների պղնձադրամների ու ոսկե¬դրամ-նե¬րի տեղն ու արժեքը, բայց եկա՜ն, հարցրեցին, առա՜ն-տարան եւ… ձեռքը Ռոբիկին մեկնեց… եւ Ռոբիկը պարապ ժամանակ գժվածի նման գյուղեգյուղ ընկնում ու գորգ-կարպետ է փնտրում` տանի Երեւա¬նում ծախի, ու Ռոբիկն ասաց` աչքդ էլ հանում եմ, ես կռվի ժամանակ չեմ անում, հրադադարներին եմ անում, որ զոհվեցի, ծնողներիս դու ե՞ս պահելու, թե՞ մեզ շիրա տվողները, եւ Էդգարը կարճ ասաց` քո աչքն ես հանում, ու հանգիստ շարունակեց, ասաց` բայց դե ձրի ո՞վ կտա, առաջ բակում էլ էինք փռում, վրան միզում էլ էինք, բայց հիմա նե՜նց ենք պահում, նե՜նց ենք պահում` պոկող չի լինի, մեր այաների գործած գորգեր-կարպետները էլ մեզանից հեշտությամբ պոկող չի լինի` խելքի ենք եկել, էլ հեշտությամբ ասված «ջան»-ին ու «ցավդ տանեմ»-ին չենք հավատում: Եւ Լյովան «շատ ուժեղ» խոժոռվեց, ու Էդգարն առանց Լյովային նայելու հասկացավ ու շուտասելուկի նման, որպեսզի խոսքը կտրող չլինի ու վերջին խոսքի պես ասի-հանգստանա, վրա-վրա ասաց` ա՛, մի կատու չլինի՞, կրասկա տամ-բաց թողնեմ թուրքերի վրա էս գիշեր, թող իմանան, թե մեր ասած «լազերնիյ լուչն» էլ էդ ձեւի ա գիշերվա կեսին: Ու Լյովան Էդգարի խոսքերից «ուժեղ խոժոռվեց» եւ ուզում էր սաստել «ափեղ-ցփեղ» դուրս տալու համար, սակայն «Մեծը» կապի մոտ կանչեց նրան, տղերքը խլշեցին ու սուս մնացին, եւ «Մեծը» խոսում էր դանդաղ, հստակ, կարճ ընդմիջումներով, ու մի քանի անգամ ասաց` չքնեք, զգույշ մնացեք, էս գիշեր կամ վաղ առավոտյան հարձակում է սպասվում, հետո մի քիչ դադար տվեց ու թե` չվախենաք, չեմ վախեց¬նում, բայց մեծ հարձակում է սպասվում, չխառնվեք, մի 20-30 րոպե կպահեք եւ օգնության եկող խմբերը կհասնեն, ու եթե պետք լինի, ես-ինքս գնդացիրը կվերցնեմ ու կգամ: Հետո դադար տվեց, այնտեղ ինչ-որ հարցեր էին քննարկում, հեռակապից միայն խշշոց էր լսվում, եւ «Մեծը» ուզում էր էլի բան ասել, բայց մեկ էլ վատ հայերեն խոսող մի թուրք մեջ ընկավ` ա՜, որ մասը փահենք, է՜, թու գիթես հե՞շդ է` ասաց, ասաց ու սպասում էր, բայց «Մեծն» ասաց, թուրքին ասաց` օղռա՛շ, դեռ լավ չես սովորել հայերենը, ձենդ կտրի, եւ ասաց` ինձ լսո՞ւմ ես, հետո հեռակապի մեջ թուրքի վրայով, թուրքի ձենի վրայով, ասաց` «8», դու ինձ լսո՞ւմ ես, եւ Լյովան ասաց` հա՛, ու «Մեծն» ասաց` դե, վե՛րջ, պինդ կացեք ու հետո, թե` շատ չտարվեք, գիծը շատ չզբաղեցնեք, բայց տուր էն մեկին, թող դրա հետ զբաղվի, կարող է մի բան բլթցնո՞ւմ է: «Էն մեկը» Արարատն էր, թուրքերի մեջ աշխատել էր, եւ ժամերով-գլուխ գովելով պատմում էր, թե ոնց էր թուրքի գյուղի էս տնից գազի դատարկ բալոնը երեք մանեթով կողքի հարեւանի գլխին սաղացնում` դատարկ բալոնի հատակը ավտոյից իջեցնելուց թափով գետին խփելով եւ միաժամանակ ծորակը կտրուկ բացելով` ուժեղ ֆշշում էր, եւ թուրքն ուրախանում էր եւ «լիքը» բալոնի ֆշշոցից ուրախացած գոռում էր` ա՜, փագի՛, փագի՛, գազը բրձավ… ու ըստ Արարատի` մաքուր դոդեր, եւ վերջում լիքը գրպանով ու լիքը գազի բալոններով լիքը-լցված ավտոյով իրիկունները քշում-տուն էր հասնում` հաջորդ օրը նորից նրանց հարթավայրային գյուղերում գազ ծախելու-դատարկ բալոնները գլխներին կապելու մտադրությամբ` լավ թուրքերեն խոսում-հասկանում էր, նաեւ «Մեծը» գնահատում էր իր արժանիքը, եւ ոգեւորված հեռախոսակապին կպավ, կպավ ու ասաց` ա՜, սալամ, գարդա՛շ, «գարդաշն» ուրախացել էր եւ ասաց` ա՜յ, սալամ, ա՜յ սալամ, եւ Արարատն ասաց` երեխեքդ, չոջուխ¬ներդ ո՞նց են, ու թուրքն ասաց` սաղօլ, գարդաշ, սաղօլ, շնորհակալ եմ, լավ են: Եվ ձայնից թուրքը մի 45-50 տարեկան էր երեւում, եւ Ռոբիկն ասաց` Արարա՛տ, ասա` աղջիկ ունե՞ս, գը՛զ, գըզ վա՞ր, ասա մեծ քամակով աղջիկ ունե՞ս: Եւ Արարատը ուշադրության կենտրոնում էր, թուրքը միամիտ սպասում էր մյուս ծայրում, եւ պաշտոնական դիրք ըն¬դունած-ընկալուչն ականջին, «պրիման» հանդիսավոր տարավ-քաշեց-թքեց, ուզում էր Ռոբիկի հարցը կրկնել թուրքին, բայց Լյովան անտրա¬մադիր էր, հետո, արդեն մութն ընկնում էր, ու վատ կանխազգացում ուներ եւ Արարատին վրա պրծավ` մի ընկալուչը վեր գցի, ինքնաձիգը վերցրու-գնա մի քիչ ֆռֆռա էդ ձորերում, թատրոն ե՞ս եկել: Հետո գնաց, որ Արարատի ձեռքից վերցնի ընկալուչը, բայց Արարատը խույս տվեց, ձեռքով ընկալուչը փակեց եւ Լյովային խնդրեց` մի հատ էլ ու վերջ` մի հարց էլ տամ ու վերջ, եւ առանց թույլտվության սպասելու, ասաց` գար¬դա՛շ, կարո՞ղ եմ մի հարց տալ: Թուրքը հայերեն գիտեր, անպայման հա¬յերի հետ էր շփվել եւ Արարատի թուրքերեն տրված հարցերին հայերեն էր պատասխանում` անպայման կարոտում ու բարեկամաբար էր տրա¬մա¬¬դրված հայերին, գուցեեւ հին-խաղաղ օրերն էր հիշել ու Արարատի մեղմ, կիրթ ձայնը պարտավորեցնող էր` կարո՞ղ եմ մի հարց տալ, եւ ինքն էլ ձայնը մեղմացրեց, ուզեց նույն չափով կիրթ երեւալ, ասաց` իհարկե, աղբեր, հարցրու, եւ Արարատը փոխվեց, պապիրոսը թքեց ու կոշտ-վանող ձայնով թե` օղռա՛շ, ձեր մոլլան էս վերջերը խիա՞ ցռիկ կպել, եւ տղերքը հռհռացին, հռհռոցն ընկալուչով թուրքին էր հասնում, ու թուրքն անսպասելի շրջադարձին անպատրաստ էր, միառժամանակ Արարատի ականջին խշշոց էր լսվում եւ մեկ էլ թե` բա ձեր, ձեր Վազգեն Առաջինը… եւ Արարատը դրեց ընկալուչն ու ինքնագոհ տղերքին էր նայում, Լյովան ասաց` պա՛հ, հողերը հետ բերիր, էլի’, հազար եմ ասել` հեռակապով էշ-էշ դուրս մի տուր, եւ շրջվեց ու բոլորին թե` «Մեծն» ասում է` էս գիշեր կամ վաղ առավոտյան ուժեղ հարձակում է լինելու, պատրաստ կացեք: Ու հետո, թե` էդ կողքի գյուղի տղերքն ինչո՞վ են զբաղված, խի՞ կապի մեջ չեն, տեղո՞ւմ են, մի կապվիր հետները, համ ասա` զգույշ մնան, համ էլ առանց իմ հրամանի քայլեր չանեն: Ծատուրը ռադիոսարքին էր մոտենում, բայց մի պահ դանդաղեց ու թե՝ վայ թե իրենք երեկ են գնացել։ Լյովան զարմացած կանգնեց, կարկամեց՝ ո՞նց թե… գնացել, ո՞ւր են գնացել։ Ծատուրը լուռ մնաց, ռադիոընկալուչն ձեռքն առավ եւ փորձում էր կողքի գյուղի տղաների հետ կապվել եւ իբր` Լյովայի վերջին հարցը չլսեց, բայց Լյովան անդրդվելի էր ու նորից հարցրեց՝ ո՞ւր են գնացել։ «Տուն, ո՞’ւր, Հայաստա՛ն, ասացին՝ մի երկու օրից Նոր տարի է, գնանք-նշենք-գանք, համ էլ հետները վիրավոր տղա կար, ասացին՝ տանենք-հանձնենք ծնողներին, Նոր տարի անենք ու հետ գանք»։ Ծատուրը հանգիստ ասաց, շրջվեց ու… Լյովան թափով վազեց եւ ձեռքից ռադիոընկալուչն առավ՝ հիմա կողքի գյուղի բիձեքն անպաշտ¬պա՞ն են՝ անհասցե հարց տվեց ու թե՝ չեմ ասե՞լ` ինձ էս քանի գյուղի ընդհանուր հրամանատար են նշանակել, ինչ կանեն-չեն անի, թող քո միջոցով ինձ հետ համաձայնեցնեն, բա հիմա կարող ա սկի թուրքերն արդեն սպանել են էդ 5-6 ընտանիքավորներին։ Ու Ծատուրը շեշտակի նայեց Լյովային, մտմտաց ու ասաց՝ մի բան ասե՞մ՝ չջղայնանաս, եւ Լյովան ասաց՝ ասա՛, ու Ծատուրն ասաց՝ իսկի թուրքերն անտառի մեջ կորած էդ 5-6 հայկական տնակների տեղն էլ չգիտեին ու հեչ էլ էդ կողմ չէին նայում, է՛դ, էդ տղերքի արածն էր, մի երկու օր առաջ նրանց չոբանին հանդում խփել-սպանել էին, խեղճ մարդ ա, չոբան մարդ ա, ի՞նչ էր արել իրենց, խփել-սպանել էին, ու էդ օրվանից թուրքերը հարձակվում-ռմբա¬կոծում են էդ գյուղը։ Լյովան մի պահ զգաստացավ, մթնված-խոժոռվեց, ու մի երկու օր առաջ էր շտաբում եղել, ինքը գյուղում մեծացած-տրակ¬տո¬րիստ տղա էր, ինքնուսույց էր, ու պատմական անցքերին լավ տիրա¬պե¬¬տում էր, հայի-թուրքի պատմությունից «էդ պահի» հայի անհաջողու¬թյունը լավ էր վեր լուծում խոսակցություններում, բայց էդ բառերն ու մտքերն իրենը չէին, ու երեւի… եւ հաստատ` շտաբում գաղափարական-ռազմաքաղաքական-աշխարհագրական-դասախոսություն էին արել իր եւ իր կարգի հրամանատարների համար, իր եւ իր կարգի հրամանա¬տար¬ների համար դասախոսություն էին արել երեւի շտաբում, ու «երկա¬թը տաք-տաք են ծեծում» եւ հիմա առիթը եկել էր ու բարձրաձենեց, բարձր-«բոլորին»-լսելի բարձրաձենեց ու բացատրեց եւ ասաց՝ բոլորի՛դ, սաղի՛դ եմ ասում՝ ի՛նձ լսեք, ի՛նձ լսեք ասում եմ` եթե մեկ էլ ձեզանից մեկն ու մեկը ղարաբաղցի-հայաստանցի արեց՝ տալու եմ-սպանեմ, տալու եմ-սպանեմ` ասում եմ: Եւ կանխակալ արարքի դրդապատճառը փորձեց բացատրել ու ասաց, ասաց` ես ղարաբաղցի եմ, չէ՞, ձեր մեջ մեծացած տղա եմ, ձեզանից մեկն եմ, բայց տալու եմ ու հենց ղարաբաղցուն էլ սպանեմ, անկախ, թե ո՞վ էր մեղավորը, հասկացա՞ք` խի։ Հետո, ավելի հասկանալի լինելու համար, փորձեց մանրամասնել ու հարց տվեց ու ասաց` քարտեզը նայե՞լ եք, տեսե՞լ եք մեր շրջապատում ովքեր են, մեզ ովքեր են շրջապատում։ Հայությունը մենք ենք ու մեկ էլ… Հայաստանը: Եւ Արսենը ձեռքը տարավ բերանին ու ափով փակեց բերանը եւ ուր որ է` տրաքվելու էր: Սակայն Ռոբիկը Լյովայի խոսքը կտրեց,  տղերքին աչքով արեց եւ ասաց՝ բա Սփյուռքը՞, Լյովան ասաց՝ ի՞նչ` «Սփյուռքը»։ Եւ Ռոբիկն ասաց՝ բա Սփյուռքը մեզ հետ չի՞, հիշո՞ւմ ես, էն միլիոնատեր հային Սփյուռքից, որ հրադադարին մեզ մոտ, առա¬ջին գիծ էր եկել, էն, որ ասում էր՝ խաղաղություն ընկնի, ա-ա՜յ էստեղից մինչեւ էն երկու բարձունքը անտառի գլխով ճոպանուղի անցկացնենք ու Շվեյցարիայի բիզնեսը հաստատ հետ կմնա ու հաստատ անմրցունակ կդառնա մեր տեղականի նկատմամբ։ Բա նա չէր ասո՞ւմ, որ իրենք հոգով-մարմնով մեզ հետ են։ Բա չասա՞ց, որ իրենք չգիտեին, որ վիճակն այսպես է, թե չէ՝ «Ստինգեր» բերել կտար հետները, է՛ն, որ ասաց՝ հենց գնամ, ձեր համար «Ստինգեր» եմ ուղարկելու։ Տղերքը փռթկացրին, Լյովան շփոթվել էր, Էդգարը, թե՝ էդ հոգու-մարմնի մասին տեր հայրն էր ասել, դե է՛ն, որ մի երկու ամիս առաջ եկավ մեզ մոտ, էն խլեղավորը, որ ասաց՝ եկել եմ, մեռոն քսեմ ձեր ճակատներին, հերիք՝ ինչքան հեթանոս մնացիք։ Իմ արեւ, հենց մեռոնը քսեց ճակատիս, էդ օրվանից վախը ջանս է մտել։ Ստյոպան Բաքվից էր գաղթել, լավ, դիպուկ նռնականետ էր կրակում, սակայն նաեւ թունդ հավատացյալ էր դառել, ամբողջ օրն ա-ղոթում էր՝ խեթ-խեթ Էդգարին նայեց, եւ սա ինքն-իրեն ուղղեց՝ դե՜, պատասխանատվության համար եմ ասում, մեռոնը հենց քսեց երեսիս, սաղ քրիստոնյաների համար ուժեղ պատասխանատվություն եկավ վրաս՝ դրանից եմ վախենում… հա՛, ինքն էր ասում՝ հոգի՜, մարմի՜ն, էդ Սփյուռքից եկածը չէր ասում, բայց մի ֆիլտրով պապիրոս չտվեց ինձ էդ սփյուռքից եկածը, ու մոտս վրա-վրա ծխում էր` աչքս վրեն մնաց… Որ խաղաղություն ընկավ` ստեղից-ընդեղից պարտք եմ անելու` արկղնե¬րով, արկղներով-ֆիլտրով-պապիրոս առնեմ, բերեմ-տուն-կողքս դնեմ` քնեեե՜մ ու հելնեմ` ծխեմ, քնեեե՜մ ու հելնեմ` ծխեմ: Եւ Լյովան նորից խոժոռվեց ու նա չանցածի-չթրծվածի կոմպլեքսներ ուներ եւ վախենում էր, վախենում էր, որ տղերքի գեղջկական կատակների արանքում ինքն իրենց հավասարվելու եւ հրամանատարի իր ազդեցությունը թուլանալու է, ու ավելի խրոխտ, ավելի սպառնալից սկսեց՝ ես ձեզ` քարտեզի՛, քարտեզի՛, քարտեզի՛ մասին եմ ասում, ա՛յ ինքնահավաններ, իսկ դուք նորից… իրար հետ յոլա գնացեք, իրար հետ յոլա գնացեք` ասում եմ, եւ ասում եմ` հայությունն ընդամենը մի զույգ-մի կենտ է էս աշխարհում` իրար հետ յոլա գնացեք… թե չէ` ում խոսեցնում ես՝ իրենից դենը մարդ չկա՝ ինքն է ամենապայծառը…  Ու շարունակեց ու ասաց` գիտեք, չէ՞, որ Ադրբեջանում լավ են հաշվի առնում էդ օրենքը՝ կռվի օրենքը, եւ գիտեք, չէ՞, որ այնտեղ ներքին-թաքուն հրաման ունեն՝ նվնվացողներին, դասա¬լիք¬ներին, ղուրդիղուրդի գցողներին տալիս-հանգիստ սպանում են։ Ինչո՞ւ, որովհետեւ կռիվ է գնում, երկրի անվտանգության հարց է դրված, իսկ որտեղ երկրի անվտանգության հարցն է, այնտեղ խառնակիչները գործ չունեն։ Հասկացա՞ք։ Ու Ռոբիկը Լյովայից թաքուն տղերքին շշնջաց ու ասաց` էդ է, շտաբում կարմիր անկյուն են կանգնեցրել ու սուսեք, սուսեք, լսածը մինչեւ վերջ թող արտահայտվի ու լսածը մինչեւ վերջ եթե չարտահայտվեց` կպայթի, սուսեք-թող չպայթի, եւ Լյովան ականջի ծերով լսում էր Ռոբիկին ու խոսքի մեջ մի պահ ասաց` ես քո հետ հետո կխոսեմ ու շարունակեց բարձրաձայն շտաբում լսածն ու բարձրաձայն ասաց, ասաց` եւ, եթե մենք անընդհատ հայաստանցի-դարաբաղցի անենք, վերջն ի՞նչ է  լինելու, համ էլ, որ էդպես է, էդ ինչո՞ւ եք ձգտում Հայաստա¬նին միանալ, ի՞նչ է, Հայաստանը ձեզ համար կթու կո՞վ է, քանի՞ հայաս¬տանցի տղա Է զոհվել,  տեղյակ ե՞ք… Լյովան, էլի, երեւի կասեր, բայց Ծատուրն իրեն վերագրեց ասածները, սխալ հասկացվելուց վատ զգաց, ասաց՝ ես բան ե՞մ ասում, հենա՜,  ապարանցի Գոքորն իմ ընկերը չէ՞ր, ինձնից էլ լավ տղա էր ու ինձնից էլ  համարձակ կռվում էր, որ խփվեց, համ լաց եղա վրան, համ էլ գիշերները շալակած բերի-տեղ հասցրեցի։ Բայց որոշ տղերք հենց գալիս են, գյուղերն են ընկնում՝ Ղարաբաղի գորգ, կարպետ են փնտրում-խնդրում, ասում են՝ դուրսը թանկ է, լավ գին են տալիս։ Էդ էլ չանեն, մի ուրիշ բան կանեն, մինչեւ կեսօր քնում են, կեսօրից հետո էլ գյուղն ընկնում՝ օղի ու հավ ուզում։ Ուտելիքը, խմիչքը, ամեն ինչը տեղը-տեղին հասցնում ենք, բա սազո՞ւմ է, որ ուզում ես նկատողություն անել, ոտքերը  լայն-լայն բացում, ծույլ-ծույլ կանգնում ու թե՝ «ճշտով», «ճշտով», ես գյուղի տղա եմ, երկուսիս ոտքերն էլ՝ սա¬պոգ¬¬¬¬նե¬րի մեջ. ի՞նչ «ճշտով»։ Որ մի հատ, ուղիղ գլխին ճշտով տամ, գլուխը ճշտով մեջտեղից կկիսվի… Էն խումբն էլ, որ «Մալբորոյով»,  սղալած քյաքյուլներով, մինչեւ ատամները զինված եկավ, էն, որ ասում էին՝ մենք հատուկ եկել ենք` ռազմական վերտալյոտ, սամալյոտ խփելու համար, մի  երկու օր նստեցին, նստեցին բարձունքին` ձանձրացան ու հետո թե՝ էն ներքեւի  թուրքի գյուղը դուրներս չի գալիս, «լավ օպերա¬ցիա կազմակերպելու, մանյովր անելու տեղ է»՝ իջնենք-տանք-ջարդենք-փշրենք՝ թուրքի մաման լացացնենք։ Ասում եմ՝ տղե՛րք, ընդհանուր հրամանատարի հետ պիտի համաձայնեցնեք, հետո, հետախուզությունը պարզել է, որ էդ գյուղում լավ էլ պատրաստված  ջոկատներ կան նստած, էդ գյուղը թիկունքից, մնացած տարածքների  գրավման հետ պիտի վերցվի՝ չլսեցին, հետո էլ ասացի՝ անտեղի, հավեսի  համար մի երկու անգամ կրակում եք, թողնում-գնում, իրենք էլ ամբողջ օրերով գնդացիրը կապում են վրաներս ու խաղաղ մարդիկ են զոհվում՝ էլի չլսեցին, ասացին՝ պուճուրի՛կ, դու գյուղի տղա ես, դու դժվար, թե մեզ հասկանաս, դու մեզ կածանը ցույց տուր ու մի յան քաշվի։ Կածանը ցույց տվեցի ու «մի յան քաշվեցի», իրենք էլ հեռվից կրակելով-հարայ հրոցով-գնացին, թուրքերն էլ նռնականետերով, գնդացիրներով, տանկերով պատասխան տվեցին ու երկու զոհ-երկու վիրավոր շալակած՝ թողեցին-փախան, ստիպված շլագբաում դրեցինք, որ գոնե զենքերը վերցնենք։ Բայց  տղաներից՝ տեսել ու լսել են, թե օդանավակայանում իրենց  «օպերա¬ցիա¬¬ներից» ո՜նց են պատմում իրենց շրջապատին, ո՜նց են պատմում, ասում են… Սակայն Լյովան այլայլվեց, բորբոքվեց, մթնվեց, գոռաց, գոռաց ու ասաց, ասաց՝ սո՛ւս, քեզ ասում  եմ՝ սո՛ւս, բերանդ ստեղ-ընդեղ մի բացիր, ասել եմ՝ էդ կարգի զրույցները  մասսայական մի արա, մասսայական մի արա էդ կարգի զրույցները ու, որ եկել են ու զենքերը մեզ են թողել, էլի շնորհակալ ենք` կարող էին ընդհանրապես չգալ, կարող էին ընդհանրապես չգալ: Եւ, դու մեր հայաստանցի դառած, ղարաբաղցի`  բիզնեսմենների, դասախոսների, ինժեներների մի մասից խոսիր, նրանց, որ երեւաններում ու ուրիշ տեղերում իբր թե իրենց գյուղերին օգնելու-սատարելու  հասարակական կազմակերպություններ են ստեղծում, հեռվից մեզ քաղցր  ոգետրում եւ մեզ հասնող` փողի, օգնությունների մի մասը հանգիստ մսխում-տրաքվում՝ զուգահեռ պագոններ ավելացնելով վառոդի հոտը չքաշած  իրենց մեծ քթներին, բա դրան ի՞նչ կասես… Ու հետո լռեց, մի բիչ մտածեց ու թե՝  մեկ էլ էս խոսքերս մի բան չսարքեք, հիմա էլ նրանց վրա թափվեք, էդ նեղ  պահերին, որ գոնե մեր երեխեքին պահում են, նայում են՝ էլի շնորհակալ ենք`  նրանց մեջ էլ սրտանց ցավող կա, ռամիկը՝ ռամիկ է, ուզում եմ ասել՝ իրար մի  կերեք, ամոթ է, իրար թիկունք եղեք, իրար պահեք, էս անտերը քիչ ենք ու ծանր  ազգ ենք, ո՞նց ասեմ-պատմեմ ձեզ։

Շարունակելի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031