Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետը հանդիպեց Լրագրողների 6-րդ համաժողովի մասնակիցների հետ

Հոկտեմբեր 06,2012 12:44

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին  ընդառաջ» խորագրով Աղավնաձորում ընթացող Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի 2-րդ օրը մասնակիցները հանդիպեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հանրապետության վարչապետը ողջունեց համաժողովի մասնակիցներին` կարևորելով ազդեցիկ ձայն ունեցող լրագրողների և խմբագրապետերի միասնականությունը, կառուցողական քննարկումներն ու գործնական զեկույցները:

«Նման հավաքները մենք պետք է խրախուսենք և այս գեղեցիկ ավանդույթը պետք է անպայման շարունակվի: Պատահական չեն ասում՝ ով կառավարում է վիրտուալ աշխարհը, կառավարում է իրական աշխարհը: Ինչը փաստում է, որ լրագրողները գտնվում են «պատերազմի» առաջին ճակատում: Նրանք ովքեր կկարողանան մարդկանց ուղղորդել իրենց գաղափարներով, իրենց հոդվածներով, մեկնաբանություններով, նրանք էլ կկարողանան ուղղորդել և կառավարել ժամանակակից աշխարհը: Տեղեկատվական դաշտում պայքարը տարեցտարի ավելի սուր է դառնում, և պարտավոր ենք ձեզ հետ միասին ազգային կարևոր խնդիրները վեր հանել և համախմբված հանդես գալ, քանի որ մեր հակառակորդը, թշնամին  բավականին մեծ գումարներ է ծախսում տեղեկատվական դաշտում, տեղեկատվական պատերազմում հաղթելու համար: Օգտագործում է բոլոր միջոցները, այդ թվում նաև՝ անթույլատրելի: Միասին պարտավոր ենք մեր խոսքը և մեր ճշմարտությունը հասցնել բոլորին: Այս տեսակետից, ուզում եմ ասել, որ դուք իրականում չափազանց պատասխանատու ճակատում եք աշխատում: Ձեր արհեստավարժությունից, ձեր օպերատիվ աշխատանքից շատ բան է կախված: Դուք տեղեկատվություն տալիս եք ոչ միայն աշխարհին, այլ նաև՝ մեզ: Ձեր վերլուծություններով, քննադատությամբ բացահայտում եք այն խնդիրները, որոնք առկա են և ցույց եք տալիս այն ուղիները, որով մենք պետք է գնանք առաջ»,- նշեց ՀՀ վարչապետը:

Հանրապետության վարչապետը զրուցեց ներկաների հետ, պատասխանեց նրանց հարցերին: Շուրջ 2 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեցին այն հիմնական ռազմավարական սկզբունքները, որոնք պետք է առաջնահերթ լինեն յուրաքանչյուր հայ լրատվամիջոցի գործելակերպում` դառնալով Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրությանըհավաստիորեն ներկայացնելու կարևոր գործոն:

Սփյուռքից ժամանած հյուրերը հանրապետության վարչապետին դիմեցին նաև հայաստանյան ներքաղաքական և հասարակական կյանքին վերաբերող իրենց հուզող հարցերով:

Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  հանձնեցին ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական  կոնգրեսի համատեղ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխության «Հայկական լրատվամիջոց» անվանակարգի մրցույթի մրցանակները:  Տարբեր անվանակարգերում գլխավոր մրցանակի արժանացան «Մարմարա» քաղաքական ու հասարակական օրաթերթը (Թուրքիա), «Ալիք» օրաթերթը (Իրան), «Զարթօնք» պաշտոնաթերթը (Լիբանան), «Գանձասար» շաբաթաթերթը (Սիրիա), Արգենտինայի «Սարտարապատ» և «Արմենիա» շաբաթաթերթերը, «Հորիզոն» շաբաթաթերթը (Կանադա), «Հայրենիք» շաբաթաթերթը (Իսպանիա), «Խոսնակ» պաշտոնաթերթը ( Լիբանան), «Արագած» ամսաթերթը  (Ուկրաինա), Աբխազիայի «Համշեն» գրական-լուսավորական երկշաբաթաթերթը, Ռուսաստանի «Նաիրի վ Կալինինգրադե» /Наири в Калининграде/ և «Դոնի Նախիջևան» /Нахичеван-на-Дону/ ամսաթերթերը, «Թորոնթոհայ» ամսաթերթը (Կանադա):

Տրվեցին նաև խրախուսական մրցանակներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031