Հոկտեմբերի 4-ին Երեւանում տեղի ունեցավ Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության դիվանի նիստը, որի ժամանակ քննարկվեց նաեւ իրադրությունը տարածաշրջանում, մասնավորապես` Սիրիայում առկա ռազմաքաղաքական ճգնաժամը, որի հետեւանքով զոհվում են անմեղ քաղաքացիներ, այդ թվումՙ սիրիահայեր: ՌԱԿ Հանրապետական վարչությունը մտահոգ է Սիրիա – Թուրքիա սահմանին կատարված սադրանքից հետո Թուրքիայի խորհրդարանիՙ կառավարությանը անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններ սկսելու թույտվության կապակցությամբ:
Փաստ է, որ Թուրքիան իր «զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականության համատեքստում ձախողել է հարաբերություններն իր անմիջական հարեւանների մեծ մասի հետ: Այդ ձախողումներից հետո պաշտոնական Անկարան փորձում է տարածաշրջանում իր գերիշխանությունը հաստատել սադրանքների ու նույնիսկ ռազմական գործողությունների միջոցով:
ՌԱԿ Հանրապետական վարչությունը միջազգային հանրությանը կոչ է անում ամեն ինչ անել Սիրիա ներխուժելու Թուրքիայի մտադրությունը կանխելու համար, ինչը ուղղակի սպառնալիք է քաղաքացիական բնակչության եւ տեղի հայության համար:
ՌԱԿ Հանրապետական վարչությունը միաժամանակ կոչ է անում Հայաստանի Հանրապետությանը եւ ողջ Սփյուռքին ավելի ընդգրկուն ջանքեր գործադրել սիրիահայությանը բազմաբնույթ օգնություն ապահովելու համար:
ՌԱԿ Հանրապետական վարչություն