Երեկ Աժ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, մեկնաբանելով մարզաշխարհի մի խումբ անվանի տիտղոսակիր մարզիկների՝ իրեն ուղղված «Բաց նամակը», ասել էր, թե իրեն հասած տեղեկություններով դրա տակ ստորագրած մարզաշխարհի շատ ներկայացուցիչներ նամակից տեղյակ չեն եղել եւ Aravot.am-ին խորհուրդ տվել նույնպես դա ճշտել: Որոշեցինք հետեւել խորհրդին: Բոլոր 32 մարզիկներին զանգահարել, հասկանալի է, հնարավոր չէր:: Բայց զրուցեցինք անվանի մի քանի մարզիկների հետ:
Ալբերտ Ազարյան: Օլիմպիական չեմպիոն. «Ինքս եմ ցանկացել, որ անունս դրվի նամակի տակ: Իմ 19-ամյա սանը Լոնդոնում գրավեց 32-րդ տեղը եւ դա հաջողություն է: Սպորտի մարդիկ դա կհասկանան եւ կգնահատեն: Չեմ ընդունում եւ զայրացած եմ բոլոր այն անպատասխանատու հայտարարություններից, որ արվում են ոլորտից հեռու մարդկանց կողմից»:
Եվրոպայի չեմպիոն եւ ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը նախորդ գիշեր էր մեկնել Հայաստանից, բայց նրա հետ հեռախոսով զրուցել հաջողվեց: «Ես դեռ Երեւանում էի, երբ պատասխան նամակը պատրաստվում էր: Չի կարելի վիրավորել, նվաստացնել մարզիկներին, մարզիչներին, մարզաշխարհի մարդկանց, որոնք գիշեր-ցերեկ աշխատում են հայ ժողովրդին ուրախություն պարգեւելու համար: Օրինակ, Լոնդոնի օլիմպիական խաղերին Հայաստանից չորս աթլետներ մասնակցեցին ու բոլորն էլ վարկանիշով: Դա արդեն առաջընթաց չէ՞: Նման բան չէր եղել: Առաջ հայ աթլետը օլիմպիական խաղեր մեկնում էր «սպիտակ քարտով: Հիմա էլ մի քանի երիտասարդներ ունենք, որոնք միանգամայն ի վիճակի են զարգացնել այդ հաջողությունը: Անհաջողությունից ոչ ոք ապահովագրված չէ եւ հենց այդ ժամանակ պետք է քաջալերել մարզիկներին, այլ ոչ թե հեգնել»:
Արմեն Նազարյան: Օլիմպիական կրկնակի, աշխարհի եռակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն՝ Բուլղարիայից. «Հայկական կայքերից մեկում կարդացի պատգամավորի եւ սպորտի նորանշանակ նախարարի հարցուպատասխանի մասին: Չի կարելի այդպես արհամարհական արտահայտվել: Մանավանդ, երբ սպորտից հեռու ես կանգնած»:
Ռոման Ամոյան: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն. «ԱԺ-ում հարցուպատասխանը չեմ նայել, բայց լսել եմ պատգամավորի արհամարհական պահվածքի մասին: Վիրավորված եմ: Նամակի տակ իմ անունը գրելուն համաձայն եմ եղել»:
Կարդացեք նաև
Կարեն Մնացականյան: Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն. «ինչպե՞ս թե տեղյակ չեմ եղել նամակին: Կուզեի պատգամավորին անձամբ մի քանի հարց տալ»:
Վաղինակ Գալստյան:Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն. «Պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը սպորտի հետ որեւէ կապ ունի՞, տեղյա՞կ է, թե մարզիկներն ամբողջ տարի գիշեր-ցերեկ որքան քրտինք են թափում երկրի պատիվը բարձր պահելու համար, գիտի՞ մեր հոգսերը: Դրանք արհամարհելու իրավունք ոչ ոք չունի: Եթե Լեւոն Մարտիրոսյանը համաձայն չէ, որ սպորտում առաջընթաց կա, դա իր անձնական գործն է: Բայց կոռեկտության սահմաններն անցնել չի կարելի: Նա ուզի, թե չուզի, օլիմպիական խաղերում արդյունքները գնահատվում են նախ եւ առաջ մեդալների որակով: Կուզե՞ս օլիմպիական խաղերին մասնակցիր հազար հոգով եւ ընդամենը մեկ ոսկի մեդալ նվաճիր, միեւնույն է թիմային հաշվարկով ավելի բարձր կլինես, քան, ասենք, մեկ այլ երկիր, որը հանդես է եկել տասը մարզիկով եւ բոլորն էլ արծաթ են նվաճել: Հայաստանը Լոնդոնում, համեմատած Պեկինի հետ, թիմային հաշվարկում դեպի վեր մեծ թռիչք է արձանագրել եւ դա հաջողություն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ