Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլընտրանքային» տաբու

Հոկտեմբեր 06,2012 10:31

Այս օրերին շատ են հնչում գնահատականներ, որ Վարդան Օսկանյանը ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների զոհն է: Գուցե այդ տեսակետի մեջ ճշմարտություն կա, սակայն նույն տրամաբանությունը շարունակելով` թերևս, ավելի ճիշտ կլինի արձանագրել, որ Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ի` քաղաքական չլինելու, լղոզված կարգավիճակի ու գործունեության, ԲՀԿ-ի` այլընտրանք դառնալու զոհն է:

Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացն` իր բովանդակությամբ ու երկակիությամբ հիշեցնում է վարչապետ Տիգրան Սարգսյանի նկատմամբ ԲՀԿ-ի` ժամանակ առ ժամանակ ակտիվացող քննադատությունը: Վերջին ամիսներին` որոշակի պարբերականությամբ, ԲՀԿ-ն վարչապետի հասցեին հնչեցնում է ամենասուր ու ամենաարմատական քննադատություն, սպառնում է հրապարակել ինչ-որ անօրինականությունների մասին:

Սակայն որևէ ԲՀԿ-ական որևէ անգամ չի համարձակվել Տիգրան Սարգսյանին քննադատելիս՝ հնչեցնել նաև նախագահ Սերժ Սարգսյանի անունը: Գոնե այն պարզ պատճառով, որ կառավարությունը, ում ԲՀԿ-ն համարում է Հայաստանի բոլոր չարիքների հիմնական աղբյուրը, ձևավորվել է գործող նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած կուսակցության կողմից: Այս ողջ ընթացքում որևէ հանրապետականի կողմից չի հնչել հայտարարություն, որ Տիգրան Սարգսյանին ուղղված ԲՀԿ-ի քննադատությունը համարում են նաև իրենց՝ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին ուղղված քննադատություն:

Նույնը տեղի է ունենում այսօր` հակառակ ուղղությամբ` Օսկանյանի գործի շուրջ: Մինչ ԲՀԿ-ն հայտարարում է, որ Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումն ուղղված է ոչ միայն Օսկանյանի, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ, իշխանություններն ասում են, որ դա միայն իրավական գործընթաց է, և դրա մեջ որևէ քաղաքական դրդապատճառ պետք չէ փնտրել: Ավելին` օրինակ, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այս համատեքստում նշում է` ինչ քաղաքական հետապնդման մասին է խոսքը, եթե Սերժ Սարգսյանն առաջարկել է ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին՝ առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում:

Այսինքն` ինչպես ՀՀԿ-ն վարչապետի դեմ քննադատությունը լուրջ ու իրեն ուղղված չի համարում, այնպես էլ առաջարկում է լուրջ չընդունել կամ «թեթև տանել» Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քայլը:

ԲՀԿ-ն վարչապետին քննադատում է ոչ թե կամ ոչ այնքան Հայաստանի տնտեսության վիճակի մտահոգություններից ելնելով, այլ՝ որովհետև ցանկանում է ստանալ վարչապետի պաշտոնը: Եթե ԲՀԿ-ի քննադատությունն իսկապես անկեղծ լիներ, ապա նրանք կհամարձակվեին հնչեցնել նաև Սերժ Սարգսյանի անունը` որպես կառավարության կողմից վարվող քաղաքականության, ընդհանրապես` իշխանության թիվ մեկ պատասխանատուի: Նույն կերպ էլ` իշխանությունն Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկեց ոչ թե Ֆեմիդայի նկատմամբ անհագ սիրուց դրդված, այլ ինչ-ինչ քաղաքական նպատակներից ելնելով:

Եվ եթե ուշադրություն դարձրել եք, Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի խորհրդարանական քննարկումների ժամանակ իշխանական պատգամավորներից որևէ մեկի կողմից չհնչեց Գագիկ Ծառուկյանի անունը:

Ծառուկյանի նկատմամբ հանրապետականների կողմից այդ զգուշավորությունը կլինե՞ր, եթե ԲՀԿ-ն երբևէ հնչեցներ Սերժ Սարգսյանի անունը: Հազիվ թե:

Զավեշտը հասել է նրան, որ ԲՀԿ-ականները հայտարարում են, թե Օսկանյանի ու իրենց նկատմամբ հետապնդում է իրականացվում, որ դա պատվեր է, սակայն որևէ մեկը չի համարձակվում ասել` ում կողմից: Սերժ Սարգսյանի անունը ԲՀԿ-ի համար տաբու է, իսկ տաբուները երբեմն զոհողություններ են պահանջում: Վարդան Օսկանյանի օրինակը` վկա:

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031