Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը թերահավատորեն է վերաբերում հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ նստաշրջանում ընդունված՝ «քաղբանտարկյալ» եզրույթը սահմանող բանաձեւի արժեքավորությանը իրավական տեսանկյունից:
«Արդար, լավ բառերի մի ամբողջություն է, որը որեւէ իրավական արժեք կամ հետեւանք, իմ համոզմամբ, չունի։ Նման բանաձեւը ֆորմալ իմաստով ընդամենը կարող է հնարավորություն տալ ԵԽ ցանկացած պաշտոնյայի գործածել «քաղբանտարկյալ» եզրույթը, որպես գոյություն ունեցող փաստ», – «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պարոն Անդրեասյանը:
Պաշտպանը նշում է, որ իրականում, աշխարհում բոլոր քաղբանտարկյալներին դատում են՝ պահպանելով ներպետական օրենսդրության տառը։
Ըստ նրա, ամեն ինչ ի վերջո, մնում է սուբյեկտիվ որոշողին. «Եթե դատարանն է, նորմալ է, մանավանդ, եթե դատարանը արդար դատարան է։ Իսկ եթե այդ սուբյեկտիվ որոշողը քաղաքական գործիչ է, ապա դա դառնում է զուտ քաղաքական գնահատական: Այսինքն, դու այս բանաձեւով միանշանակ չես կարող որոշել, ասենք, Մարտի 1-ի կալանավորվածներից որեւէ մեկը քաղբանտարկյալ էր, թե ոչ: Դու չես կարող այս բանաձեւի ընդունումը ներկայացնել որպես դատավարության ընթացքում ի հայտ եկած լրացուցիչ հանգամանք եւ նոր ընթացք տալ գործին», – ասաց նա:
Կարդացեք նաև
Նույնը, ըստ Կարեն Անդրեասյանի, վերաբերում է ոստիկանների հետ ընդհարման համար 6 տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործին: Պաշտպանը նկատում է, որ մինչ ԵԽԽՎ բանաձեւի ընդունումը, երկար տարիներ գործում է Մարդու իրավունքների եվրոպական կնվենցիան, որտեղ շատ ավելի լուրջ ձեւակերպումներով «կա ամեն ինչ, ինչ պետք կլիներ հասկանալու՝ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ է, թե ոչ»։
«Ամբողջ խնդիրը կախված է հարցը գնահատողից կիրառողից։ Եթե որեւէ մեկը՝ դատավորը, դատախազը կամ քննիչը,պատշաճ չի կատարել օրենսդրության որեւէ դրույթ՝ Տիգրան Առաքելյանի կամ այլ անձի նկատմամբ, այս թուղթը, ցավոք, որեւէ հետեւանք չի ստեղծելու նրա համար», – ասաց պարոն Անդրեասյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ