«Հայֆեստ» միջազգային փառատոնի շրջանակներում այսօր Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ Ա. Չեխովի «Ես եմ ճայը» ներկայացման պրեմիերան: Բեմադրիչը Հակոբ Ղազանչյանն էր:
Գլխավոր դերում նույն թատրոնի դերասանուհի Լարիսա Ղեւոնդյանն էր: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ այս ներկայացումը, կերպարը շատ կարեւոր էր իր համար, քանի որ նման դեր ու մոնոներկայացում առաջին անգամն էր խաղում: Ասում է, որ նման կերպար կերտելու համար բավականին մեծ ջանք է պահանջվել. «Շատ դժվար էր նման դերում խաղալը, որովհետեւ կային տարիքային անցումներ` ծեր կնոջից` երիտասարդ աղջիկ: Սակայն դա այնքան էր իմ մեջ մտած, որ ես աշխատեցի ինձ վրա: Ամենից շատ շնորհակալ եմ իմ ամուսնուց` Հակոբ Ղազանչյանից, ով վստահեց ինձ եւ հետո աշխատեց իմ հետ: Թատրոնում Հակոբը ինձ չի ընկալում որպես ընտանիքի անդամ: Տարիներ առաջ նա մի բան ասաց` իմացեք, օրենքն առաջին հերթին ձեր եւ իմ համար է: Ես դա մինչ այսօր հիշում եմ»:
«Ես եմ ճայը» ներկայացումը ուղիղ մեկ տարի առաջ խաղացվել է նաեւ Սեուլում: Գլխավոր դերը նորից Ղեւոնդյանն է խաղացել: Ասում է` լեզուն հայերենն է եղել: Տիտրեր կաին, սակայն, դերասանուհու խոսքով, հանդիսատեսը ուշադրություն չի դարձրել դրան. «Նրանք այնպիսի արձագանք ցույց տվեցին, որին ես չէի սպասում: Պարզվում է` նրանք շատ լավ ծանոթ էին պիեսի հետ: Ներկայացումից հետո քննարկում եղավ: Ես կարծում էի, որ մարդ չի մնա այդ ժամանակ, բայց ամբողջ դահլիճը մնաց: Նրանց հետաքրքրում էր ամենը`պատմությունից մինչեւ գրելաոճ»:
Եթե ապագայում ստանա մոնոլոգ ներկայացումների հրավեր, ապա չի հրաժարվի, քանի որ, ինչպես ինքն ասաց` արդեն չի վախենում:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ