Այսօր առավոտյան մամուլում եւ սոցիալական ցանցերում մեծ վրդովմունք էր առաջացել` կապված «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի` New times ամենշաբաթյա հանդեսին նրա տված հարցազրույցի այն հատվածի հետ, որում նա տարակուսում էր, թե ինչու են հայերը` ունենալով իրենց հայրենիքը, բնակվում Վրաստանում:
Այս կապակցությամբ ուշ երեկոյան Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի նախագահ Բիձինա Իվանիշվիլին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«Ցավոք, «Նովայա վրեմյա» թերթում, գլխավոր խմբագիր Եվգենիա Ալբացին իմ տված հարցազրույցում, իմ պատասխաններից մեկը որոշակի թյուրըմբռնումներ է առաջ բերել, ինչի կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում անել հետեւյալը.
Լրագրողի հարցին, որը վերաբերվում էր իմ ու իմ ընտանիքի վերադարձին Վրաստան, ես հանգամանալից պատասխանել եմ, բայց թերթում հայտվել է միայն մի հատվածը, ինչը ամբողջովին փոխել եւ աղավաղել է ենթատեքստը:
Կարդացեք նաև
Ստացվում է, որ ես զարմացած եմ այն բանից, որ հայերն ապրում են այստեղ` մեր հարեւանությամբ ունենալով իրենց Հայրենիքը: Ուզում եմ նշել, որ Վրաստանի ցանկացած քաղաքացի իրավահավասար է` անկախ իր էթնիկ ծագումից: Դա երաշխավորվում է Վրաստանի Սահմանադրությամբ, ինչպես նաեւ` դա իմ համոզմունքն է:
Ինչ վերաբերում է հարցազրույցին, ապա լրագրողի հարցին ես ընդգծված պատասխանել եմ, որ հիացած եմ հայերի եւ հրաների յուրահատուկ հատկանիշով, որ իրենք կարող են լինել աշխարհաքաղաքացի, նրանք ամեն տեղ հաջողակ են` որտեղ ապրում են, եւ ունեն ուժեղ սփյուռք: Իսկ մենք` վրացիներս, այնպիսի զարմանալի ազգ են, որ, ցավոք, ոչ մի տեղ չկարողացանք հիմնվել եւ ստեղծել ուժեղ սփյուռք: Սա էր իմ պատասխանի ենթատեքստը:
Միանգամից ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ Վրաստանը բազմազգ պետություն է եւ այստեղ ապրող բոլոր ազգերի հայրենիքն է»: