Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Զղջալը քաղաքական կատեգորիա չէ, պետք է որոշում ընդունվի՝ «Ա1+»-ի վերադարձի մասին»

Հոկտեմբեր 05,2012 21:26

«Ժամանակին «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումը մեծագույն սխալն է եղել»,- երեկ ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը այսպիսի գնահատական տվեց իր ելույթի ժամանակ: ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Մարգարիտ Եսայանը, հույս հայտնեց, որ այս իշխանությունների օրոք «Ա1+» հեռուստաընկերությունը լիցենզիա կստանա եւ կվերադառնա եթեր:

Այսօր Aravot.am-ը այս առնչությամբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին հարցրեց՝ ՀՀԿ 2 պատգամավորների այդ սուր գնահատականներից կարո՞ղ ենք ենթադրել, որ այս իշխանությունները զղջում են նախորդի այդ ծանր մեղքն իրենց վրա վերցնելու համար եւ հիմա ուզում են նախորդ իշխանության մեղքերը քավել՝ նախագահական ընտրություններից առաջ: Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ «Զղջալը քաղաքական կատեգորիա չէ: Բաժակաճառով զղջալ կարելի է, ելույթով կարելի է զղջալ: Երբ որոշում ընդունվի նորից վերադարձնելու «Ա1+»-ը, ես դա կհասկանամ եւ իմ գնահատականը կտամ: Պետք է որոշում ընդունվի»:

Պարոն Հակոբյանը տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում է առաջիկայում հանդիպել «Ա1+»-ի ներկայացուցիչների հետ, ճշտել, թե ինչ հանգրվանում է գտնվում այս հարցը, որովհետեւ մտադիր են մի քանի պատգամավորներով այդ հարցը բերել ԱԺ օրակարգ. «Բոլորս պարտք ունենք «Ա1+»-ի առջեւ, որովհետեւ այն պահին, որ ընդհանրապես փակված էր քաղաքական դաշտը, օրը ցերեկով կարող էին գնդակահարել ընդդիմադիր կուսակցության  ներկայացուցիչներին եւ չպատժվեին, միակ տեղը, այդ փոքր պատուհանը, որտեղ կարող էիր գալ ու ժողովրդին ասել, թե ինչ է կատարվում պետության մեջ, միակ համարձակ, նորմալ տեղը դա «Ա1+»-ն էր: Եվ մենք պարտք ունենք: Ոչ թե, որ մեզ հետ էր կատարվել: Ժողովուրդը կարողանում էր նրա միջոցով հասկանալ, թե ինչ է կատարվում: Ցավալի էր, որ մենք՝ թե՛ դիմությունը, թե՛ ընդդիմությունը չկարողացանք մեկ միասնական ծրագրով կարողանայինք մեր պարտքը հատուցեինք «Ա1+»-ին: Ես հիմա շատ ուրախ եմ, որ կա «Ա1+»-ը «Արմնյուզի» եթերում: Այն չափով եմ ուրախ, որ կարողանում է ներկայանալ եւ ասել՝ ես սա եմ, ժողովուրդ»:

Հարցին՝ «Ա1+»-ը կկարողանա՞ հիմա ունենալ ազատության այն սահմանը, ինչ կար նախկինում, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Գիտեք, ժամանակը փոխվել է: Դա ոչ ամբողջությամբ իր դաշտն է: Այստեղ միգուցե կոմունիկացիայի հարց կա, բայց մի ճանապարհ գտել է, որպեսզի կարողանա իր խոսքը փոխանցել: Ժամանակները փոխվել են, եւ եթե առաջ օրը ցերեկով մարդկանց գնդակահարում էին, արձագանքը  պետք է համարժեք լիներ եւ շատ սուր էր ասվում: Ինձ երբ հրավիրում էին «Ա1+», ես, բնականաբար, այնպես չէի խոսում, ինչպես հիմա եմ խոսում, որովհետեւ այն ժամանակ իմ  աչքի առաջ կար իմ ընկերոջ սպանությունը՝ քաղաքական դրդապատճառով»: Մեր հարցին՝ այսինքն, այդ առումով առաջընթա՞ց ենք արձանագրում, նա պատասխանեց. «Ժամանակն է առաջընթաց արձանագրում, որովհետեւ հնարավոր չէ պատկերացնել, որ դոգմատիկ պետք է մնալ նույն վիճակում: Բնական է: Եթե 96-ի սեպտեմբերի 26-ին հենց այդ նիստերի դահլիճում ուղղակի  պատգամավորին գցել էին դահլիճում եւ խոշտանգում էին ոտքով, ասենք, Պարույր Հայրիկյանի նման գործչին, Վազգեն Մանուկյանի նման գործչին ասես բռնցքամարտիկի ռինգում հարվածում էին, այսօր դա չկա: Իհարկե, մի քիչ քաղաքակրթվել է խորհրդարանը: Ոչ թե պետք է ասենք, որ խելքի է եկել եւ այլն, այլ ժամանակը իր գործոնով կարողացել է որոշակի ճշգրտումներ մտցնել: Հիմա մի քիչ գնացել են Եվրոպա, եկել են, կամ չգիտեմ ինչ են եղել՝ փոխվել են: «Ա1+»-ը այն բառապաշարը եւ այն աուդիտորիան, որ ուներ կամ այն հյուրերը, որոնք կային ստուդիայում, այդ ժամանակ բացարձակապես ուրիշ էին: Եթե մարդիկ տեսնում էին, թե ինչպես են իրենց ընկերոջը օրը ցերեկով սպանում, բնականաբար, իմ բառապաշարն ու կեցվածքը պետք է այլ լիներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031