Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) այսօր հրապարակած 2011 թվականին պետգնումների ոլորտում խախտումներ կատարած բուժհիմնարկների ցանկում են հայտնվել «Քանաքեռ-Զեյթուն» կլինիկան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնը, «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնը եւ մի քանի տասնյակից ավելի հիմնարկներ:
Նշենք, որ ՏՄՊՊՀ-ի կատարած ուսումնասիրությունների համաձայն` բուժհիմնարկները պետգնումներով դեղեր են ձեռք բերել դեղի իրական արժեքից մի քանի անգամ թանկ գներով, որը հանձնաժողովը որակել է որպես պետական բյուջեի միջոցների վատնում եւ յուրացում: Բացի այս, հանձնաժողովը նաեւ պարզել է, որ որոշ հիմնարկներ նույնիսկ մրցույթներ չեն հայտարարել, նաեւ քաղաքացիներին մշտապես ուղղորդել են միեւնույն դեղատուն, որտեղ հիվանդները ստացել են իրենց դեղերը, իսկ պետությունը դրա համար մի քանի անգամ բարձր գին է վճարել:
«Քանաքեռ-Զեյթուն» բուժհիմնարկի նախկին տնօրեն Գագիկ Ստամբոլցյանը ղեկավարել է նշված կլինիկան այն ժամանակահատվածում` 2011 թվականին, երբ, ըստ հանձնաժողովի, խախտումներ են կատարվել: Ուստի Aravot.am-ը փորձեց զրուցել պարոն Ստամբոլցյանի հետ, սակայն վերջինս, լսելով մեր հարցը, հրաժարվեց պատասխանել` պատճառաբանելով, որ տեղյակ չէ, թե այդ ինչ խախտումներ են հայտնաբերվել: Գրեթե նույն պատասխանը տվեց «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանը. «Առաջին անգամ եմ լսում, տեղյակ չեմ, թե ինչի մասին է խոսքը»:
Իսկ Ուռուցքաբանական կենտրոնի ղեկավար Հայրապետ Գալստյանն էլ մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենք մրցույթները կանոնավոր անցկացնում են եւ դեղերը ձեռք են բերում նրանցից, ովքեր համեմատաբար էժան տարբերակ են առաջարկում. «Նման բան գոյություն չունի, ո՞վ է այդ տվյալները տվել: Եթե նախկինում, մինչեւ գնումների ի հայտ գալը, ես Շաբոյանին եմ նամակ գրել այդ մասին, եթե նախկինում էդ օրենքը չենք իմացել, կամ չի հիշեցվել, հիմա անպայման մրցույթ ենք հայտարարում: Շաբոյանին դիմում եմ գրել, որ երբեմն պահանջ է լինում հրամայականի նման անհետաձգելի պայմաններ, բայց իմ նամակին պատասխան չեմ ստացել: Մենք օրենքը միշտ կիրառել ենք, եթե նման բան են գրում` դա անհիմն է»:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը, որ հանձնաժողովի հայտնաբերած խախտումները` շուկայականից մի քանի անգամ բարձր գներով դեղեր ձեռք բերելը, վերաբերում է նախորդ տարվան, պարոն Գալստյանն ասաց. «Նման բան չկա: Կային մոնոպոլ կազմակերպություններ, դեղերը դրանք էին բերում, եւ մենք ստիպված էինք լինում նրանցից ձեռք բերել, դա անհրաժեշտ էր: Բայց ի՞նչ ասել է` շուկայական կամ պետական, պետականով չէինք կարող ձեռք բերել: Պետությունը գին չի սահմանել, այս տարվա փետրվարից ենք անցել մրցույթներին, բայց շուկայականից բարձր գին` բացառվում է: Դրել են` ընդհանուր ցուցակով ու գնում են… հասցնում են նրան, որ մարդիկ ուզում են թքել ու հեռանալ այս երկրից: Ո՞նց կարող ենք առնել այսքանով, երբ դեղատներում այսքան է դրված: Ուզո՞ւմ են վերահսկել, թող գնան դեղագործական ֆիրմաների եւ դեղագործական ծառայությունների վրա պահանջ դնեն` այսքանից ավելի իրավունք չունես վաճառել, գնագոյացման հարցերը պետք է լիովին կարգավորվեն պետության կողմից, իսկ այդ «պլանկան» կա՞ , որ «Ասպիրինն» ասենք` 200 դրամ է, ու իրավունք չունեն դրանից ավելի գնով վաճառել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ