ԱԺ-ում ՀՀԿ 2 պատգամավորների սուր ելույթը` «Ա1+»-ը ժամանակին եթերազրկելու մասին, կարո՞ղ ենք ընկալել՝ որպես նախորդ իշխանությունների գործած «մեղքերի քավություն» եւ ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում «Ա1+»-ի ն 30 րոպե եթերաժամ տրամադրելը: Aravot.amի այս հարցին այսօր ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ցավոք, երեկ ԱԺ-ում չեմ եղել այդ քննարկման ժամանակ: Ես նույնպես ուրախ եմ, որ «Ա1+»-ը հնարավորություն ունի ուղիղ եթերով իր հաղորդումները տալ: Ճիշտն ասած, չեմ հասցնում եթերին հետեւել եւ որակի մասին էլ չեմ կարող դատել: Ուրախ եմ, որ «Ա1+»-ը եթերում է: Բայց այդ գնահատականը՝ մեղքերի քավություն՝ դրանք բոլորը տարբեր օպերաներ են: Կապ չունի մեկը մյուսի հետ: Այդ կարգի խնդիրներում ընդհանրապես ես անընդունելի եմ համարում նախորդ եւ այս իշխանությունների համեմատությունը եւ ինչ-որ բաներով փորձելն առաջընթաց նկարագրել: Այդ պարագայում պետք է տասնյակ այլ ուղղությունների մասին եւս խոսել: Ես համեմատությունը կոռեկտ չեմ համարում»:
Մեր դիտարկմանը՝ բայց փաստեր կան, չէ՞, փակվեց «Ա1+»-ը եւ հիմա թեկուզ մի փոքր, բայց հնարավորություն է տրվել լինել եթերում՝ պարոն Վարդանյանը պատասխանեց. «Դրա համար ասացի՝ ուրախ եմ: Անընդունելի եմ համարում այն մոտեցումները, որոնք փորձում են հակադրություններ ստեղծել եւ փորձում են դիվիդենտներ շահել: Սա ազնիվ չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ