Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ ամբիոնից բարձրացրեց սոցիալական արդարության հաստատման հարցը

Հոկտեմբեր 05,2012 20:50


Այսօր ԵԽԽՎ-ում «Սոցիալական արդարության վերականգնումը ֆինանսական գործարքների հարկի միջոցով» զեկույցի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ հայկական պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը: Իր ելույթի սկզբում նա նշեց. «Ֆինանսական ճգնաժամը կլանեց Եվրոպան, ինչը բազում դժվարություններ ծնեց ողջ տարածաշրջանի համար: Որոշ դեպքերում նկատելի եղան քաղաքական, ինչպես նաև տնտեսական հետևանքներ: Վեհաժողովը կրում է ընտրողների առաջ պատասխանատվություն, իսկ պետական պաշտոնյաները պետք է ներդնեն մեխանիզմներ տնտեսական ճգնաժամի հետևանքների վերացման և հաղթահարման համար: Վեհաժողովը փորձեր կատարեց դասեր քաղել տնտեսական ճգնաժամից»:

Հ. Նաղդալյանը վկայակոչեց սոցիալական, առողջապահության և ընտանեկան հարաբերությունների հանձնաժողովի անդամների պատրաստած զեկույցները: Տիկին Նաղդալյանը նկատեց, որ քննարկման առարկա զեկույցը մեկն է այն զեկույցներից, որոնց միջոցով Վեհաժողովը դասեր է քաղում տնտեսական ճգնաժամից: Հայ պատվիրակը նշեց. «Բանաձևի ընդունման նպատակն է ոչ միայն ֆինանսական գործարքների հարկի հաստատումը, այլև սոցիալական արդարության հաստատումը»:

Շարունակելով` տիկին Նաղդալյանը նշեց, որ պետությունները փորձում էին պայքարել տնտեսական ճգնաժամի դեմ ՝ օգտագործելով հարկատուների ներդրումները: Բայց դա, ըստ Հ. Նաղդալյանի՝ արդար չէր, քանի որ հարկային եկամուտները օգտագործվել են բանկերին ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, ոչ թե մարդասիրական նպատակներով:

Տիկին Նաղդալյանը նաև նկատեց. «Ողջ տնտեսական համակարգը վճարեց ճգնաժամի համար, իսկ ինստիտուտները, որ պետք է կրեին դրա պատասխանատվությունը, ոչ միայն վնասներ չկրեցին, այլև շահույթ ստացան: Կենսական նշանակության հարց էր գործողությունների դիմելը: Եվրահանձնաժողովն ու Եվրախորհրդարանը առաջարկներ են ներկայացրել արգելել մեծ ռիսկեր պարունակող ֆինանսական գործարքները: Սա կարող էր ունենալ դոմինոյի էֆեկտ»: Տիկին Նաղդալյանը Վեհաժողովին տեղեկացրեց, որ տասը երկրներ արդեն համաձայնել են այդ համակարգի առաջամարտիկը դառնալ և արդեն ունեն ֆինանսական գործարքների հարկի սխեմա: Առաջ անցնելով հայ պատվիրակը շեշտեց. «Նրանք, ովքեր տնտեսությունը ռիսկի են ենթարկում, պարտավոր են վճարել դրա համար»:

Զեկույցով հետաքրքրվել էին ավելի քան 30 մասնակիցներ, այդ պատճառով էլ տիկին Նաղդալյանն ասաց, թե հետո էլ ասում են, որ ուրբաթ օրն առավոտյան քչերն են գալիս բանավեճի, այնինչ հարցի կարևորությունը գրավել է շատերին: Դառնալով եվրոպական տնտեսությանը՝ տիկին Նաղդալյանը նշեց, որ Եվրոպան իր տնտեսական կարողությունն ամբողջությամբ չի պահպանել, և հիմնականում արտադրանքը ներմուծում է  Չինաստանից: Ըստ նրա՝ զեկույցում ներկայացվող մեխանիզմները հնարավորություն կտան նեցուկ լինել իրական տնտեսության վերհանմանը: Տիկին Նաղդալյանը կարծիք հայտնեց, որ դրա համար պարզապես պետք է մեկը կոշտ դիրքորոշում ունենա և առաջին քայլն անի:

Տիկին Նաղդալյանը նաև նկատեց. «Սովորական քաղաքացիների դրամապանակին կպչելն ընդունվում է որպես սովորական երևույթ, այնինչ ստացվում է, որ ֆինանսական ինստիտուտներին դիպչելն անթույլատրելի է»:

Հատկանշական է, որ բանաձևի վերաբերյալ պատվիրակների մեծամասնությունն իր համաձայնությոնը հայտնեց և այն քննարկման դրվեց առանց որևէ լրացման կամ լրամշակման:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031