Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակեց մի քանի տասնյակ բուժհաստատությունների անուններ, որոնք 2011 թվականին պետք է պետգնումներով դեղամիջոցներ ձեռք բերելու համար մրցույթներ հայտարարեին, բայց չեն արել: Ըստ հանձնաժողովի, օրինակ, Շիրակի մարզում բուժհաստատությունները մրցույթներ ընդհանրապես չեն հայտարարել: Հանձնաժողովի տրամադրած խախտումներ կատարած բուժհիմնարկների ցանկում են Գյումրու «Ծննդատունը», Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը, Կոտայքի մարզի «Նաիրի» բուժկենտրոնը եւ այլն:
Aravot.am-ին հաջողվեց զրուցել նշված կլինիկաների ղեկավարների հետ, որոնք պնդեցին, որ, չնայած հայտնվել են հանձնաժողովի «սեւ ցուցակում», սակայն օրենքի ոչ մի կետ չեն խախտել:
«Նաիրիի» տնօրեն Արթուր Վերանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ 2011 թվականին հայտարարել են մրցույթ եւ բոլոր պայմանագրերն իրենց մոտ են: Իսկ ինչ վերաբերում է ՏՄՊՊՀ-ի այն բացահայտումներին, որ կլինիկաները պետգնումներով դեղորայքը ձեռք են բերել մի քանի անգամ թանկ գներով, պարոն Վերանյանն ասաց. «Կարող է էժան լինի, բայց` անորակ, ես, առաջին հերթին որպես կլինիցիստ, որակի մասին եմ մտածում: Որոշ դեղորայքների ցանկ ու գնացուցակ կա, եթե էժանն առնենք ու տեսնենք անարդյունք ու ոչ էֆեկտիվ է, ո՞ւմ է պետք էդ դեղը: Էժանի հարցը չի, ես խորհրդակցում մ իմ մասնագետների հետ, եւ այդ մասնագետներն են որոշում` ումից, ինչ գնով առնենք: Կարող է չինական «Ցեֆտրիաքսոն» լինի, որը արժե 160 դրամ, եւ կա 1000 դրամանոց, որը որ որակով ավելի լավն է: Էդ 160 դրամանոցը, եթե ես առնեմ… ավելի լավ է դրա տեղը ջուր տամ հիվանդներին: Մենք գրություն ենք ստացել, որ դեղերը պետք է լինեն էժան, որակով ու տեղական, բայց տեղական դեղորայքները… չեմ կարող խոսել որակի մասին, չնայած, կա լավը: Բայց դա չի նշանակում, որ ես մեր հիմնարկի համար պիտի գնեմ տեղական ու էժան: Հա, լավ են արել տվել են դատախազություն, ով որ մտածել է դրա մասին, մի հատ էլ մեզանից պիտի խորհուրդ վերցներ, ոչ թե նշեն` որակով ու էժան, ամո’թ է»:
Իսկ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական կլինիկայի ղեկավար Խաչատուր Կարապետյանն էլ վստահեցրեց, որ իրենք էլ մրցույթներ հայտարարել են, դեղերն էլ ձեռք են բերել ավելի էժան. «Այս եւ անցյալ տարի մրցույթ արել ենք, մասնակցել են 3 ընկերություններ եւ դրանց մեջ ամենացածր գինը «Նատալի ֆարմն» է դրել, եւ ինքը 2-րդ տարին է հաղթում է»:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանն էլ, որ հանձնաժողովը նաեւ հայտնաբերել է, որ որոշ կլինիկաներ հիվանդներին ուղորդել են միեւնույն դեղատուն, որտեղից կրկին պետական միջոցներով թանկ գներով են դեղերը ձեռք բերել, պարոն Կարապետյանը պատասխանեց, «Ոչ, ոչ, նման բան չկա: Ես չգիտեմ էդ մարդիկ ինչո՞ւ շատ բաներ չեն կարող հասկանալ, համենայնդեպս, տվել են դատախազություն, տո լավ էլ արել են, ոչ մի վախ էլ չկա, ով խնդիր ունի` նա էլ թող մտածի: Մրցույթն էլ, որ հայտարարել ենք դեղորայքի համար, էնքան ցածր գին է եղել, որ արդեն «Նատալի ֆարմի» խնդիրն է, որ շուկա գրավելու համար խելքից դուրս ցածր գին է առաջարկում, մեզ էլ ձեռնտու է»:
Գյումրու «Ծննդատուն» բուժկենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն էլ, որն այժմ «Գյումրի» բուժհաստատության տնօրենն է, մեր զրույցում ասաց. «Մենք մրցույթ չենք հայտարարել, որովհետեւ մեզ մոտ 1 միլիոն դրամը չէր գերազանցում, գերազանցելու դեպքում պետք է մրցույթ հայտարարվի: 3 խոշոր ընկերություներ, որոնք էժան գին են առաջարկել, նրանցից էլ պայմանագրերով գնել ենք»: Մեր դիտարկմանն էլ, որ նշված կլինիկան հանձնաժողովի խախտումներ կատարած հիմնարկների ցանկում է, պարոն Իսահակյանն ասաց. «Ես խախտումներով չեմ զբաղվում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ