Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Պետր Միկիսկային:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է պարոն Միկիսկային նշանակման կապակցությամբ և նշել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է Չեխիայի հետ պաշտպանական բնագավառում համագործակցությունը` հույս հայտնելով, որ Չեխիայում և Հայաստանում դեսպանությունների հիմնումից հետո երկկողմ համագործակցությանը նոր խթան կհաղորդվի:
Պարոն Միկիսկան փոխանցել է պաշտպանական բնագավառում համագործակցության չեխական կողմի պատրաստակամությունը` նշելով, որ Հայաստանի հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը մեծապես կարևորվում է նաև Չեխիայի կողմից:
Հանդիպման ընթացքում կողմներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Պարոն Միկիսկան մասնավորապես հետքրքրվել է սեպտեմբերին անցկացված «Փոխգործակցություն 2012» զորավարժության արդյունքներով և այս օրերին անցկացվող ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքով:
Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ «Փոխգործակցություն 2012» զորավարժության ընթացքում մասնակից երկրների զորատեսակաները և այլ օժանդակող ստորաբաժանումները ցուցաբերել են ներդաշնակ գործելու բարձր մակարդակ, ինչն էլ հանդիսացել է զորավարժության նպատակը: Իսկ ներկայումս ՀՀ տարածքում իրականացվող ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական նպատակն է հակառակորդի ագրեսիային դիմագրավման հարցում ՀՀ ԶՈՒ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության վերստուգումը:
Սեյրան Օհանյանը նաև ընդգծել, որ Հայաստանում իրականացվող զորավարժությունները միշտ անցկացվել են բաց և թափանցիկ մթնոլորտում. զորավարժությունների խնդիրների և նպատակների վերաբերյալ պարբերաբար տեղեկացվում է ինչպես հասարակությունը, այնպես էլ գործընկերներ երկրները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: