Լրահոս
Օրվա լրահոսը

Ն. Զոհրաբյան. «Սաֆարովի արտահանձնումը ազդարարեց համաեվրոպական արժեքների ու արդարադատության կատարյալ ֆիասկոն»

Հոկտեմբեր 05,2012 19:32

Երեկ ԵԽԽՎ-ում Սաֆարովի գործով տեղի ունեցած բանավեճը բավականին թեժ էր: ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը դատապարտեց Սաֆարովին արտահանձնելու և ներում շնորհելու փաստերը, մինչդեռ համառորեն Ադրբեջանի արդարացի լինելն էին պնդում Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները:

Իսկ հայկական պատվիրակության անդամների ելույթները խիստ տոնով էին: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը փաստեց, որ չնայած բոլոր պատվիրակների՝ Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու փաստերի  դատապարտմանը, որեւէ զղջման խոսք չի հնչել ադրբեջանական կողմից: Ընդհակառակը, նրանց ռասիստական և քսենոֆոբիկ ելույթները Հայաստանի հասցեին դարձել են ավանդական:

Դ. Հարությունյանը ցավով նկատեց, որ Սաֆարովի գործի արդարացման համար ադրբեջանական լրատվամիջոցները լուր տարածեցին՝ ներկայացնելով իբր հայկական ահաբեկչական կազմակերպության սպառնալիքների մասին: Պարոն Հարությունյանը Ադրբեջանի որդեգրած ուղին վտանգավոր համարեց, քանի որ իր արդարությունն ապացուցելու համար Ադրբեջանը պատրաստ է մեղքը գցել Հայաստանի և հայերի վրա: Նա Ադրբեջանի ոճը համարեց «ԿԳԲ-ական ռազմավարություն», որի մասին պետք է միջազգային հանրությունը տեղյակ լինի:

Դ. Հարությունյանը նաև հստակեցրեց. «Այս գործը Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հարաբերությունների մասին չէ: Այն արդարության դադարեցման, մարդու հիմնարար իրավունքի՝ կյանքի ոտնահարման մասին է: Այն ԵԽ Կոնվենցիայի չարաշահման միջոցով մարդասպանին ազատ արձակելու մասին գործ է»:

Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ կատարվածը խայտառակություն համարեց և նշեց. «Կարծես թե արմենոցիդը խոշորագույն հերոսությունն է, որ մարդ կարող է կատարել Ադրբեջանում: Հրեշ Սաֆարովը հանձնվեց Ադրբեջանին, ում  օդանավակայանում դիմավորողների շարքում էին նաև ԵԽԽՎ ադրբեջանցի պատվիրակներ: Սաֆարովին արտահանձնելու որոշումը ոչ միայն հունգարական արդարադատության ջախջախիչ պարտությունն էր, այլև ազդարարեց համաեվրոպական արժեքների ու արդարադատության կատարյալ ֆիասկոն։ Վերջին շրջանում մենք ականատեսն ենք այն բանի, թե ինչպես է Ադրբեջանն իր խավիարով ու նավթադոլարներով Օլիմպիական մեդալներ և այլ բաներ գնում: Եվ, կարծում եմ, այլեւս բոլորի համար պարզ ու հասկանալի պիտի լինի,  որ  երբեք ու երբեք Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել մի պետության կազմում, որտեղ ազգային հողի վրա կատարված սպանությունը համարվում է սեփական երկրին մատուցած ամենամեծ հերոսությունը։ Ադրբեջանն աննախադեպ փրկագին սահմանեց վախկոտ մի հրեշի համար, որը ունակ է միայն քնած մարդ կացնահարել։ Սակայն մեկ բան աներկբա է՝ սաֆարովներ ծնած ու սաֆարովներին հերոսացնող դեգրադացված հասարակություն ունեցող երկիրը պիտի արժանանա քաղաքակիրթ աշխարհի դատապարտմանը»։ Ն. Զոհրաբյանը կասկածի տակ դրեց այն հարցը, արդյոք  Ադբեջանն ունի իրավունք լինել ԵԽ անդամ:

Պարոն Ռուստամյանն էլ իր ելույթում ափսոսանք հայտնեց, որ ադրբեջանցի պատվիրակները  խեղաթյուրում են Վեհաժողովին, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Նա նշեց, որ կատարվածը միայն Ադրբեջանին և Հայաստանին չի վերաբերում, այլ վտանգ է ներկայացնում ողջ Եվրոպայի համար:

Լևոն Զուրաբանը ևս ելույթ ունեցավ: Նա առաջարկեց հարցի քննարկումը դուրս բերել հայ-ադրբեջանական և ԼՂ հակամատության ոլորտից: Լ. Զուրաբյանը հայտարարեց. «Մենք պետք է նայենք իրականությանը: Ադրբեջանի, ինչպես նաև Հունգարիայի գործողությունները, որոնք հանգեցրին մարդասպանի արտահանձմանն ու նրա հերոսացմանը, լուրջ հարված հասցրին բանակցություններին և հակամարտության կարգավորմանը»:

Տաթեւ ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031