Այսօր Aravot.am-ը Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե պատրաստվո՞ւմ են արդյոք Սամվել Բալասանյանի լքած ընտրատարածքում`Գյումրու գարեջրի գործարանի հատվածն ու Ախուրյանի գյուղերն ընդգրկող թիվ 35-ում, առաջադրել ԱԺ պատգամավորի սեփական թեկնածու: Կա՞ ընդդիմադիրներից որևէ մեկը, ով պայքարի մեջ կմտնի նախագահի փեսայի ամենամոտ ընկերոջ` «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանի հետ, որի թեկնածությունը պաշտոնապես առաջադրելու է իշխող կուսակցությունը: Երեկ ՀՀԿ-ն արդեն իսկ որոշում է կայացրել այս մասին: « Մինչև այս պահը դեռ որոշում չունենք, քննարկվում է այս հարցը, և առհասարակ ընտրապայքարի մասին որոշում կայացնելը շուտասելիքի նման բան չէ, ի տարբերություն մյուսների, մենք շուտասելիքով չենք զբաղվում, ոչ մի բանից չենք ուշանում, ծանրութեթև ենք անում, քանի որ որոշումը պետք է լինի և հաշվարկված, և փաստարկված: Թեև ասենք, որ մենք ներքին ռեսուրսներով պատրաստ ենք և քարոզչության, և ընտրապայքարի», -ասաց Մուրադ Գրիգորյանը:
Նշենք, որ այս ընտրատարածքում լուրջ հավակնություններ ունի նաև ՀՅԴ-ն, որն ամենայն հավանականությամբ այսօր կհայտարարի իր թեկնածուի անունը: Իսկ թե ո՞վ կլինի դաշնակցական պատգամավորացուն` Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյա՞նը, կամ ասենք Շիրակի մարզի գլխավոր ֆինանսիստ Հովսեփ Սիմոնյա՞նը, որը Գյումրու քաղաքապետի ընտրություններում պարտվեց ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին, դաշնակցական այս երկու ընկերների անուններն էլ օրեր առաջ մեզ հետ զրույցում ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Գևորգ Ալեքյանը բացառել էր:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ