Հոկտեմբերի 5-ին Աղավնաձորում իր աշխատանքներն է շարունակում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով անցկացվող լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը:
Քննարկումների առանցքային հարցն է հանդիսանում հայաստանյան և աշխարհասփյուռ հայ մամուլի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միասնական ռազմավարության, միջազգային հանրությանը տեղեկատվության միևնույն՝ հստակ և ազդեցիկ «հաղորդագրության» մատուցումը:
Համաժողովի երկրորդ օրվա նիստն ընթանում է «Հայոց ցեղասպանությունն ու հայ լրագրությունը» խորագրով: Արդեն իսկ ելույթներ են ունեցել Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության արդի հիմնախնդիրները Մերձավոր Արևելքի ԶԼՄ-ում, Ֆրանսիայի «Եվրոպա և Արևելք» ամսագրի տնօրեն Վարուժան Սիրապյանը, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, Հայաստանի ժուռնալիստների միության փոխնախագահ Գրիգոր Ջանիկյանը, Քուվեյթից՝ Կիրակոս Գույումջյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:
Օրվա երկրորդ կեսին սկսվեց «Հեռուստատեսությունն ու ռադիոն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում» խորագրով նիստը: Երրորդ նիստը կրում է «Հայոց ցեղասպանության հիմնախնդրի արծարծումը միջազգային մամուլում» խորագիրը:
Կարդացեք նաև
Երեկոյան Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցները կհանդիպեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Կամփոփվեն «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար համահայկական մրցույթի» և «Արցախն ակնթարթներում» լուսանկարների մրցույթի արդյունքները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ