Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք և ադրբեջանցի պատվիրակները Սաֆարովի հարցում արդարացրին Ադրբեջանին ու Հայաստանին ագրեսոր ներկայացրին

Հոկտեմբեր 05,2012 17:01

Սամադ Սեիդովը ենթադրում է, թե Հայաստանի նախկին նախագահը Քոչինյանն էր

Երեկ ԵԽԽՎ-ում Ռամիլ Սաֆարովի գործով քննարկման ընթացքում թուրք և ադրբեջանցի պատվիրակները, ինչպես և սպասվում էր, արդարացրին Սաֆարովի արտահանձնումն ու նրան ներում շնորհելը:

Ադրբեջանցի պատվիրակ Այդին Աբասովը հայտարարեց, թե հայ գործընկերներն անում են ամեն ինչ, որպեսզի քաղաքականացնեն Ադրբեջանի իշխանությունների քայլերը՝ Սաֆարովին ներում շնորհելու հարցում: Այնուհետև նշեց. «Մինչդեռ մենք բազմիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանը Ռամիլ Սաֆավորին ներում շնորհելու հարցում գործել է միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում: Սաֆարովի գործի քաղաքականացումը շարունակությունն է ՀՀ-ի վարած քաղաքականության՝ ըստ որի, նա ձգձգում է հակամարտության լուծման գործընթացը, Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը բռնազավթել է»: Նա, հղում կատարելով ԵԽ-ի որդեգրած այն սկզբունքներին, ըստ որոնց՝ պետք է ապահովվի տարածաշրջանային և այդ տարածքներում բնակվող անձանց անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը նշեց. «Մենք չունենք այդ վստահությունը Հայաստանի կողմից բռնազավթված տարածքներում»: Նա պահանջեց Խոջալուի հարցով քննարկում հրավիրել, նշեց, որ 14-ամյա ադրբեջանցի աղջնակի՝ հայերի կողմից սպանված լինելու հարցը պետք է քննարկվի առանձին լսումների ընթացքում: Պատասխանելով տիկին Զոհրաբյանի այն դիտարկմանը, թե Ադրբեջանը իր խավիարով և նավթադոլարներով գնում է եվրոչինովնիկներ և Օլիմպիական մեդալներ, ադրբեջանցի պատվիրակն ասաց, թե Ադրբեջանն ունի կարիերա, օլիմպիական մեդալներ, գազ ու նավթ և որ ամենակարևորն է ժողովրդավարական արժեքներ:

Ադրբեջանցի մեկ այլ պատվիրակ Ռովշան Ռզաեւն էլ  նշեց, որ Սաֆարովի կատարած սպանության պատճառը Լեռնային Ղարաբաղն էր: Շարունակելով ասաց, թե ինչպես հարյուրավոր փախստականների դեպքում, Սաֆարովի ծննդավայրը ևս բռնազավթվել է հայերի կողմից և սպանվել են նրա ընտանիքի անդամները: Նա նշեց, թե չի ցանկանում արդարացնել սպանություն կատարելու փաստը, բայց խորհուրդ տվեց այն դիտարկել այս համատեքստում: Ըստ ադրբեջանցի պատվիրակի՝ հայերը խոսում են Սաֆարովի գործի մասին՝ ուշադրությունը ԼՂ խնդրից շեղելու համար: Ռզաեւը պնդեց, թե իբր Ադրբեջանը միջազգային բոլոր ատյաններն օգտագործել է Հայաստանի հետ երկխոսելու համար, այնինչ ՀՀ-ն համաձայնություն չի տվել: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն  էլ նշեց, թե կատարվել է ողբերգություն, այնինչ որոշ շրջանակներ այն փորձում են օգտագործել քաղաքական շարժառիթներով: Պատասխանելով Դոնալդ Անդերսոնի հարցին, թե ինչ կաներ Ադրբեջանը, եթե լիներ Հայաստանի դերում, Սեիդովը մի շարք օրինակներ բերեց, որոնցում իբր ցույց էր տրվում, թե ինչպես են հայերն ադրբեջանցիների սպանել, բայց այդպես պատիժ չեն կրել:

Ծարունակելով նա ասաց. «Ինչո՞ւ չի քննարկվում Խոջալուի հարցը: Չեմ հասկանում, թե ինչու է ՀՀ նախագահը հայտարարում, թե ինքը հպարտ է, որ մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին: Ես չեմ հասկանում, թե ինչու ՀՀ նախկին նախագահ պարոն Քոչինյանը (նկատի ունի Ռ. Քոչարյանին.- Տ. Հ.) ասում է, թե երկու ազգերի միջև կա անհամատեղելիություն: Այս պարագայում մենք ոչ միայն պետք է քննարկենք Սաֆարովի հարցը, այլև ԼՂ հարցը, Խոջալուի հարցը, իմ եղբայրների հարցը, որոնք սպանվել են»:

Ադրբեջանցի մյուս պատվիրակը՝ Ալի Հուսեյնովն էլ Սաֆարովի գործը կապեց Հայաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ «ռազմական ագրեսիայի» կիրառման և Ադրբեջանի տարածքների բռնազավթման հետ: Հուսեյնովը Սաֆարովի խնդրի մասին խոսելով հարց բարձրացրեց. «Ինչպե՞ս կարող  էր Գերմանիայի դատարանը արդարացնել հայ մարդասպան Սողոմոն Թեհլերյանին, ով Բեռլինում սպանեց Թալեաթ փաշային: Կամ ինչպե՞ս կարող էին ֆրանսիական իշխանությունները ներում շնորհել երկու հայ ահաբեկիչների՝ Վարուժան Կարապետյանին ու Մոնթե Մելքոնյանին»:

Թուրքիայի պատվիրակ Ահմեդ Քութալմիս Թյուրքեսն էլ ասաց. «Տասնամյակներ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները վտանգված են ԼՂ հակամարտության պատճառով: Այդ հակամարտության՝ պատերազմի վերաճման վտանգը մշտապես կա: Սաֆարովի հարցը կրկին տարածաշրջանը դնում է դանակի եզրին»: Նա նշեց, որ Սաֆարովի արտահանձնումն ու նրան ներում շնորհելը կատարված է Կոնվենցիայի շրջանակներում: Հետո էլ հայտարարեց. «Իրեն տեսնելով զոհի դերում, Հայաստանը չի դադարում ագրեսիայի սպառնալիքներ տարածել»:Նա Վեհաժողովին տեղեկացրեց, որ 1973-1987-ի ընթացքում իբր հայ ահաբեկիչները 170 հարձակում են կազմակերպել թուրք դիվանագետների վրա, խլել 39 քաղաքացիների կյանք, հարյուրավոր անձինք վիրավորել: Այնուհետև իր վրդովմունքը հայտնեց. «Մենք այսքան ժամանակ չտեսանք մի հայ ահաբեկիչ պատժվի իր կատարածի համար: Այժմ տեսնում եմ, թե որքան են խոցված մեր հայ գործընկերները, և հասկանում են, թե որքան ցավալի է: Ուստի նրանց կոչ եմ անում կատարվածը չօգտագործել որպես քաղաքական գործիք և բանակցային սեղանի շուրջ նստել Ադրբեջանի հետ ու միասին հաղթահարել դժվարությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031