ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրած խորհրդակցությունն ու դրա ընթացքում հնչած քննադատությունները, ինչ խոսք, առ այսօր քննարկվում է լրատվադաշտում: Մասնավորապես, քննարկման առարկա էր դարձել պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացի մասին զեկույցը, որտեղ նշվում է, թե մրցութային փաթեթներում բազմաթիվ են դեպքերը, երբ մրցույթներին մասնակցում են գրեթե նույն անձինք: Սա իրողություն է, որը դժվար թե կասկածի տակ դնի որևէ մեկը, առավել ևս, որ նշյալ մրցույթների մասնակիցների ցանկը տեղադրված է համացանցում: Մյուս կողմից պետք է արձանագրել երկու կարևոր փաստ` առաջին` ՊՆ-ի հայտարարած տենդերներին մասնակցում են ավելի քան 100 կազմակերպություններ և երկրորդ մրցույթների շրջանակներում մատակարարումը առ այսօր իրականացվել է 95 տոկոսով և համապատասխանել է օրենքի պահանջներին: Այո, թերացումներ եղել են, ուստի համապատասխան մարմինների աշխատակիցները հեռացվել են աշխատանքից, այդ թվում` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանը, որի հեռացման մասին սկանդալային լուրը անուշադրության քողի տակ թողեց այլ պաշտոնանկությունների, համակարգային փոփոխությունների մասին տեղեկությունները:
Մամուլում հաճախ քննարկվում է այն հարցը, թե արդյոք նախագահի քայլերը դեռևս չմեկնարկած քարոզարշավին միտված գործողություններ են: Իրականում մենք ականատես ենք լինում հակառակ երևույթին, պաշտպանական ոլորտում ընթանում են լուրջ բարեփոխումներ: ՊՆ-ն ինքնամաքրվում է, ու պարզից էլ պարզ է, որ այդ մաքրման պրոցեսը կապված չէ լոկ Գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդակցությունների հետ, հակառակ դեպքում, օրինակի համար, Հայաստանի զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանի ազատումը նույնպես կլիներ այս փուլում: Իսկ մինչև այս թեմայի բացումը ՊՆ-ն ինքնամաքրման գործընթացով բազում պաշտոնյաների է հեռացրել համակարգից:
Կցանկանայինք անդրադառնալ նաև բանակում տիրող իրավիճակին, մասնավորապես ոչ կանոնադրական բարքերի սկզբնավորման և տարածման խնդրին: Չնայած որոշակի բացասական երևույթների, ակնառու են դրական միտումները: Կարգապահության բարձրացման առումով ինչքան էլ, որ ՊՆ-ն քայլեր ձեռնարկի, այդուհանդերձ պատասխանատվության ողջ չափաբաժինն ընկնում է հենց զորամասերի հրամանատարության վրա: Զորամասերում պարբերաբար ստուգումները մշտական բնույթ են կրում, այդ գործառույթն իրականացվում է Ռազմական ոստիկանության, ինչպես նաև նախարարության այլ բաժինների և ստորաբաժանումների կողմից: Թեև, հարկ է արձանագրել, որ դրանք ամենօրյա բնույթ չեն կրում, և դա հնարավոր էլ չէ: Ուստի` հրամկազմը և զինծառայողները պետք է ինքնուրույն պահպանեն օրինականության և կարգապահության մթնոլորտը, վերջ ի վերջո մենք գործ ունենք ոչ թե դպրոցական աշակերտների հետ, որոնց պարբերաբար պետք է հետևել, այլ հասուն ու կրթված երիտասարդների հետ: Հասուն մարդուն մի անգամ են մի բանը ասում, բանակում մի քանի անգամ ասում են, բացատրում են, ցույց են տալիս, ստորագրել են տալիս և այլն, սակայն ոմանք նորից կատարում են տարրական սխալներ, իրենց ոչ պատշաճ են դրսևորում` ստեղծելով կոնֆլիկտային իրավիճակ: Երբեմն հանցագործությունները տեղի են ունենում այնպիսի մանրուքներից, որոնք մարդը սովորում է 10-15 տարեկան հասակում և բանակում դրանով չէ, որ զբաղվում են: Երիտասարդը պետք է բանակ մտնի արդեն կրթված և դաստիարակված, իսկ զինված ուժերը պետք է այդ երիտասարդից պատրաստեն զինվորական, ով կտիրապետի ռազմական գործին: Որևէ մեկը պատկերացնում է՝ ինչ ասել է տասնյակ հազարավոր կիսադաստիարակված ու վատ բարքերով առաջնորդվող երիտասարդների կառավարել, որոնց ձեռքում զենք կա: Այսօր մեզանում, փողոցում մարդիկ սովորական վեճերից դանակահարում են իրար: Օրական հանրապետությունում տասնյակ հանցագործություններ են տեղի ունենում, որոնք բանական մարդու ուղեղում չեն տեղավորվում, իսկ դրանք իրականացնում են երբեմն 40-50 տարեկան մարդիկ: 18-20 տարեկանները բնականաբար ավելի անկայուն են և նրանց հետ ավելի բարդ է ամեն ինչ:
Արկադի Գրիգորյան, ռազմական փորձագետ
Կարդացեք նաև