Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ պատվիրակ. «Ադրբեջանը խաղում է կրակի հետ, որի մոխիրները դեռ չեն մարել»

Հոկտեմբեր 05,2012 16:22

Երեկ, ինչպես նախատեսված էր, ԵԽԽՎ-ն քննարկեց Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու փաստը: Նախ զեկույցով հանդես եկավ ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Քրիստոֆեր Չոպը (լուսանկարում): Պարոն Չոպը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ որոշ անձինք փորձում են ապացուցել, թե Սաֆարովին ներում չի շնորհվել, քանի որ նա մեղավոր չի էլ եղել: Ներում բառի ստուգաբանությունը կատարելուց հետո պարոն Չոպը նշեց. «Ընդգծում եմ, որ ներումը կապված է այն հանցագործության հետ, որը Սաֆարովը կատարել է և այստեղ որևէ վիճարկում լինել չի կարող»: Պարոն Չոպը Սաֆարովի արտահանձնումը անակնկալ է համարում բոլոր անդամ երկրների համար, քանի որ այս հարցի հետ առնչվող մյուս բոլոր հոդվածներից բացի, Սաֆարովի արտահանձնումը կատարվել է Դատապարտյալների հանձնման մասին Ստրասբուրգյան կոնվենցիայի 12-րդ հոդվածի հիման վրա: Ինչը, ըստ Չոպի, ԵՄ-ի ոգուն համապատասխանեցնելու տեսանկյունից վերանայման է արժանի:

Զեկուցողը նաև հետևյալ մտահոգությունը հայտնեց. «Սա նշանակում է,որ երբ Սաֆարովը վերադարձավ Ադրբեջան, ազերի իշխանավորները կարող են հստակորեն ասել, որ նրան ներում է շնորհվել 12-րդ հոդվածի համապատասխանությամբ: Այդ դեպքում որտե՞ղ է օրենքի գերակայությունը, եթե մենք ունենք մի իրավիճակ, երբ մարդիկ, որոնք լրջագույն հանցագործություն են կատարել, վերադառնում են իրենց հայրենիք ու այնտեղ արժանանում փառքի»:

Նա, իր ձևակերպմամբ հավասարակշռություն ապահովելու համար նշեց, որ օրինակ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 1993-ի հուլիսի 29-ին մի բանաձև է ընդունել, որով դատապարտվում է Ադրբեջանի Աղդամ շրջանի և այլ շրջանների բռնազավթումը: Մինսկի գործընթացի մասին էլ պարոն Չոպը կարծիք հայտնեց, թե այն այդպես էլ չի հաստատում արդարություն և միջազգային օրենքի գերակայություն: Ուստի Վեհաժողովի խնդիրն է միջազգային հանրությանը համոզել, որ լրջագույնս վերաբերվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև եղած հակամարտությանը:

Ֆրանսիացի պատվիրակ Ֆրանսուա Ռոշբլուանն էլ հայտարարեց. «Ինչպե՞ս կարելի է չվրդովվել, երբ ցմահ բանտարկյալը 6 տարի հետո ազատ է արձակվում և փառաբանվում ու վերածվում ազգային հերոսի»: Իր ցավակցությունը հայտնելով Գ. Մարգարյանի ընտանիքին, ֆրանսիացի պատվիրակը նշեց. «Այս գործը մտահոգությունների տեղիք է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հեռանկարի առումով: Նա քննադատեց և Ադրբեջանին և Հունգարիային ու վերջինիս մասին ասաց հետևյալը. «Ինչպե՞ս կարող էր մի մեծ ազգ իր արժանապատվությունը վաճառել հանուն նրա, որ նավթային մագնատ-բռնակալը մարի իր նավթային պարտքերը»:

Մեծ Բրիտանիայի պատվիրակ Դոնալդ Անդերսոնն էլ ցանկացավ ուղղում մտցնել այն հարցում, որ սա քննարկում չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Նա, պաշտպանելով Հունգարիային՝ նշեց, որ վերջինս իրավացի է վարվել, քանի որ ստացել է Արդրբեջանի կողմից երաշխիքներ: Բայց հարց բարձրացրեց, թե ինչու այդ մասին չի խորհրդակցվել ՀՀ-ի հետ: Պատվիրակը հարցրեց, արդյոք Հունգարիան կարո՞ղ է վստահեցնել, որ արտահանձնումը գումարային գործարքի արդյունքում տեղի չի ունեցել: Նրա ձևակերպմամբ՝ եթե ոչ, ապա Հունգարիայի արարքը հակասում է Կոնվենցիայի դրույթներին: Հարց հղելով Ադրբեջանին՝ պարոն Անդերսոնն ասաց, թե ի՞նչ կանեին իրենք, եթե ՀՀ-ն ներում շնորհեր ադրբեջանցի սպանած մարդասպանին: Այնուհետև ընդգծեց. «Արդյոք մեր ազերի գործընկերները հասկանո՞ւմ են, որ իրենց կատարածը կարող է բացասական ազդեցութուն ունենալ տարածաշրջանային հարաբերությունների վրա»:

Լյուքսեմբուրգի պատվիրակ Անն Բրասյուրն էլ նշեց. «Հանցագործ մարդասպանին ազգային հերոս դարձնելը անհանդուրժողականություն է, կապ չունի, թե որ երկիրն է դա արել: Հայտարարվում է, թե նա այդ քայլին դիմել է Ադրբեջանի արժանապատվությունը պաշտպանելու համար: Այնինչ ազգի պատիվը չպետք է դարձնել ենթատեքստ հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար: Մարդասպանին հերոս դարձնելը երկու երկրների միջև ատելությունն է խորացնում, ինչը հարցի լուծումն ավելի դժվար է դարձնում»:

Նիդեռլանդցի պատվիրակ Տինի Կոկսն էլ նշեց, որ Ադրբեջանի կատարածն առաջին հերթին Վեհաժողովի դավանած արժեքների ոտնահարում է:

Հունգարիայի պատվիրակ Իմրե Վեյկեյն արդարացավ , թե Հունգարիան արտահանձնումը կատարել է Կոնվենցիայի համաձայն: Նա նշեց, որ Սաֆարովի արտահանձնումը իրավական շրջանակներում է և ուղղված չէ Հայաստանի դեմ:

Ֆրանսիայի պատվիրակ Ռենե Ռուքեի ձևակերպմամբ էլ Սաֆարովին ներում շնորհելով «Ադրբեջանը խաղում է տարածաշրջանային կրակի հետ, որի մոխիրները դեռ չեն մարել»:

Իսպանիայի պատվիրակ Պեդրո Ագրամունտը Սաֆարովի գործի քննության համատեքստում բարձրացրեց Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հակամարտությունների հարցերը:

Հունգարիայի պատվիրակ Վիլմոս Սզաբոն էլ հայտարարեց, թե Սաֆարովի կատարածը ոչ միայն լրջագույն հանցագործություն է, այլև այն սրվել է էթնիկ հողի վրա: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սաֆարովի արտահանձնման մասին քննարկումներ են եղել միայն Ադրբեջանի և Հունգարիայի միջև, ուստի Հունգարիան չի վարվել այնպես, ինչպես պարտավոր էր վարվել: Ինչ վերաբերում է Սաֆարովի՝ Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու հարցին, ապա ըստ հունգար պատվիրակի՝ գուցե այն մի գծի վրա է միջազգային իրավական նորմի հետ, բայց հաստատ այն չի բխում դրա ոգուց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031