Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դերենիկ Դումանյան. Մարզերի հղիները Երեւանում չեն կարող անվճար ծննդաբերել

Հոկտեմբեր 05,2012 16:05

Հայաստանում գործող 134 բուժհիմնարկներից 109-ն առանց մրցույթի են իրականացրել գնումները, ինչը բերել է դեղորայքի գների 50-100 % աճին: Այսպիսի տվյալներ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանին է տրամադրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

Այսօր պարոն Դումանյանն իր պաշտոնավարման 100 օրվա առիթով ասուլիս էր հրավիրել: Նրա խոսքերով, բուժհիմնարկների շատ տնօրեններ անգամ տեղյակ չեն եղել, որ գոյություն ունի պետական գնումների գործակալություն եւ որ պետք է գնումները մրցույթով իրականացնեն ու դեղորայքը ձեռք են բերել ինքնուրույն: Նախարարի վստահեցմամբ, դեղոլորտից, բուժծառայությունների որակից, հիվանդ-բուժհիմնարկ հարաբերություններից, անվճար բուժօգնությունից սկսած մինչեւ մարզերի հիմնարկների թերբեռնվածություն` լուրջ խնդիրներ են պարունակում: Ներկայումս մարզերում բուժմասնագետի 259 թափուր հաստիք կա: Ըստ նախարարի, օրինակ` ողջ Վայոց Ձորի մարզում մեկ անեսթեզիոլոգ կա, Բերդում` մեկ գինեկոլոգ:

Պարոն Դումանյանն իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում պարզել էր, որ բազմաթիվ քաղաքացիներ անտեղյակ են իրենց իրավունքներից եւ չգիտեն, որ պետությունը նրանց համար անվճար բուժծառայություն է մատուցում: Այդ իրավիճակը փոխելու համար, նախարարը խոստացավ այսուհետ այնպես անել, որ քաղաքացին իրազեկ լինի իրեն հասանելիք անվճար բուժօգնությունից:
Մարզերում վերանորոգված ու տեխնիկապես վերազինված բուժհիմնարկները հիվանդներով ապահովելու համար, պարոն Դումանյանը որոշել է կադրերի հարցը լուծել: Ըստ նրա, հիվանդների արտահոսքը դեպի մայրաքաղաք կհանգեցնի այդ բուժհիմնարկների փակմանը: Նախարարի կարծիքով, համահավասար ֆինանսավորումը նույնպես այդ հարցը կլուծի: Եթե, ասենք հղի կինը Երեւանում ծննդաբերելու համար, պետությունը նրա համար տվյալ բուժհիմնարկին վճարում էր 135 հազար, իսկ մարզի պարագայում` 97 հազար, ապա այսուհետ բուժհիմնարկների միջեւ, աշխարհագրական դիրքով պայմանավորված, տարբերություն չի դրվելու, անվճար ծննդօգնության սերտիֆիկատը նույն գինն է ունենալու:

Նախարարը հղիների առումով մի նորամուծություն էլ է կիրառելու: Մարզի հղին անվճար ծննդաբերելու իրավունք է ունենալու միայն մարզի տարածքի իր նախընտրած բուժհիմնարկում, իսկ իր ծննդաբերությունը մայրաքաղաքում կազմակերպելու դեպքում` ստիպված է լինելու վճարել: Այս մոտեցումն է ընտրվել, որպեսզի մարզի հղիների համար պետության հատկացվող գումարները մարզում էլ մնան: Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ են սահմանափակում հղի կանանց ընտրությունը, հատկապես, որ մարզերում մասնագետների դեֆիցիտ կա, պարոն Դումանյանն ասաց, որ կադրերի հարցն արդեն սկսել են լուծել եւ նման խնդիր չի առաջանալու:
Նախարարը նաեւ հայտնեց, որ պայմանագրով կանոնակարգելու են հիվանդ-բուժհիմնարկ հարաբերությունները: Բուժաշխատողների աշխատավարձերի հարցը, պարոն Դումանյանի համոզմամբ, եւս վերանայման կարիք ունի: Այսօր բուժքույրը ստանում է 35 հազար դրամ, բժիշկներ էլ կան` 60-70 հազար դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031