Օրեցօր Երևանում ավելանում են մեկը մյուսից հետաքրքիր 3D նկարներ: Մի նոր 3D ձևաչափով նկար էլ վերջերս հայտնվել է Կարապի լճի տարածքում. պատկերում դինոզավրը փորձում է հարձակվել մարդկանց վրա: Նկարի հեղինակները Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Համակարգչային դիզայն» բաժնի 4-րդ կուրսի չորս ուսանողներ են` Լաուրա Նազինյանը, Տարոն Բադալյանը, Մերի Թոքմաջյանը և Անի Սարգսյանը: Աշխատանքները ղեկավարել է համալսարանի «Դիզայնի» ամբիոնի դասախոս Դավիթ Փարվանյանը:
Լաուրա Նազինյանի խոսքով՝ քաղաքապետարանն է առաջարկել նկարել 3D ձևաչափով այս նկարը, տեղի ընտրությունը սակայն թողնելով իրենց: Պատահաբար է ընտրվել նաև հարձակվող դինոզավրը. «Մենք նկարեցինք մի քանի էսքիզներ, հանդիպեցինք քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանին և ներկայացրեցինք դրանք, նա էլ ընտրեց էսքիզներից մեկը, և որոշեցինք այն իրականացնել Կարապի լճի տարածքում, քանի որ կենտրոնական տարածք է և քաղաքի թեժ հատվածներից մեկը», – ասում է Լաուրան: 3D պատկերը նկարել են 6 օրում, ի տարբերություն համալսարանի բակում նկարած նախորդ 3D պատկերի՝ այս մեկը շատ ավելի բարդ էր և մեծ աշխատանք էր պահանջում, որը սակայն իրականացրել են չորսով, ասում է. «Նախորդը պրակտիկայի շրջանակում էր, այդ պատճառով ուսանողներն ավելի շատ էին, իսկ այս անգամ չորսս էինք, որովհետև այսպիսի չափերի նկարի վրա դժվար է աշխատել մեծ թիմով»:
Տիգրանուհի Թասլակյան