Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՈՎ ՏԵՍԱՆՔ

Հոկտեմբեր 05,2012 15:09

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ հինգերորդ

ԲԱՐՈՎ ՏԵՍԱՆՔ

Երբ «Ար»-ի բուֆետում Ֆերեշեթն ասաց՝ «չգնա՞նք Էֆենդու նոր տարին շնորհավորենք», եւ երբ զարմացած հարցրի՝ «էֆենդին ո՞վ ա», Վահանը ժպտալով ասաց՝ «Վարդանը Լեւոն Ներսիսյանին Էֆենդի ա ասում», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վերջերս մաեստրոն ինքն էլ ա իրան Էֆենդի ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դուք ոնց ուզում եք, բայց ես անպայման պիտի գնամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ամեն տարի երեսունմեկին գնում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «առաջինն իրա նոր տարին եմ շնորհավորում», եւ, հիշում եմ, երեկոյան վեցի կողմերն էր, եւ մեր սեղանին դրված «Nemiroff»-ի կեսն էլ չէինք խմել, եւ երբ Ֆերեշեթը նորից ասաց՝ «դուք չգիտեմ, բայց ես անպայման պիտի գնամ», ես ասացի՝ «խմենք ու գնանք», եւ երբ ես էդ ասացի, Վահանն ասաց՝ «էս շիշը հետներս տանենք, Լեւոնի տանը կխմենք», եւ երբ Վահանն էդ ասաց, Ֆերեշեթը ոգեւորված ասաց՝ «Վահանը ճիշտ ա ասում» ու էդ ասելով՝ օղու շշի գլխիկը պտտեցրեց, շիշը դրեց վերարկուի ծոցագրպանն ու ասաց՝ «գնացինք», եւ երբ տեղներիցս վեր կացանք, Մերուժանը զարմացած հարցրեց՝ «էս ո՞ւր, տղերք», եւ Վահանն ասաց՝ «գնում ենք Լեւոն Ներսիսյանի տուն», եւ Մերուժանը  մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «ես էլ մեծ հաճույքով հետներդ կգայի, բայց պիտի մնամ՝ կոլեկտիվիս հետ նոր տարին դիմավորեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իմ անունից մաեստրոյին ջերմ բարեւներ կանեք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մի րոպե, տղերք» եւ գնաց, բուֆետապանուհուց «Nemiroff»-ի յոթ հարյուր հիսուն գրամանոց մի շիշ վերցրեց, տվեց Ֆերեշեթին ու  ասաց՝ «հո դատարկ ձեռով մաեստրոյի տուն չեք գնա», եւ մենք Մերուժանի ու ներկաների գալիք նոր տարին եւս մեկ անգամ շնորհավորելով՝ հրաժեշտ տվինք իրենց եւ Թումանյանով շարժվեցինք դեպի Լեւոն Ներսիսյանի տուն, որը «Նաիրի» կինոթատրոնի դեմդիմաց էր եւ որը Սայաթ-Նովայի իր միսենյականոցի փոխանակման արդյունքում էր ձեռք բերվել, եւ շատ լավ հիշում եմ, որ երբ  «Ար»-ից դուրս եկանք, գետինն ու ամեն ինչ ճեփճերմակ էին, ու նաեւ հիշում եմ, որ էդ ձյունն էդ տարվա առաջին ձյունն էր, եւ, հիշում եմ, Ներսիսյանի տանը լիքը մարդիկ կային, եւ չնայած չեմ հիշում՝ ովքեր էին, շատ լավ հիշում եմ, որ երբ մենք ներս մտանք, էդ մարդիկ արդեն պատրաստվում էին գնալ,  եւ երբ գնացին, Լեւոն Ներսիսյանը մեզ հրավիրեց սեղանի մոտ եւ ասաց՝ «ուրախ եմ, որ ձեր խոնարհ ծառային հիշել եք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ուրախ եմ, որ հները գնում են, ու նորերն են գալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հատկապես Ֆերեշեթանց Վարդանի համար եմ ուրախ» եւ ինձ  նայելով  ավելացրեց՝ «եւ առանձնապես Շեկունց Արմենակի համար եմ ուրախ» եւ Վահանին նայելով ավելացրեց՝ «եւ նամանավանդ Իշխանյան տոհմի շարունակականության համար եմ ուրախ», եւ մենք տեղավորվեցինք սեղանի շուրջ, եւ ես, որ էդ թվերին  մոլեռանդորեն տունս փոխելով էի զբաղվում, Լեւոն Ներսիսյանին ասացի՝ «էս բնակարանդ նախորդից լավն ա, մաեստրո», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հարաբերականորեն», եւ Ֆերեշեթն ասաց՝ «էս ավելի մեծ ա, քան՝ Սայաթ-Նովայինը», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ նախորդը Սայաթ-Նովայինն էր, իսկ սա՝ Մաշտոցինը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իսկ ձեր խոնարհ ծառան անտուն ու անօթեւան է» եւ մի քիչ էլ մտածեց  ու ավելացրեց՝ «իսկ ձեր խոնարհ ծառան վերստին  անտուն ու անօթեւան է» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ասաց՝ «նախորդ բնակարանս սրա համեմատ մի շատ մեծ առավելություն ուներ», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ առավելություն», եւ Ներսիսյանը թախծոտ ժպտալով ասաց՝ «այնտեղ միամտաբար կարծում էի թե՝ բնակարանումս է նեղվածք» եւ մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «այստեղ վերջնականապես համոզվեցի, որ աշխարհն է նեղվածք» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ նայելով արտասանեց՝ «Անվերջանալի անձրեւ  տեղաց անպաշտպան սիրտն ու հոգին թրջող» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆերեշեթին հարցրեց՝ «վատ չի ասված, չէ՞», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու Ներսիսյանին հարցրեց՝ «էդ ո՞ւմ գրածն ա, Էֆենդի», եւ Ներսիսյանը նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «Ֆերեշեթ անվանյալ այս երիտասարդն ամեն ինչ ուզում է իմանալ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «շա՜տ պրպտող երիտասարդ է» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «ինչքան շատ իմանաս, այնքան շուտ կծերանաս, որդյակ իմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինձ նայիր՝ քեզ խղճա» եւ մի քիչ էլ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «աշխարհում ինչքան ավելորդ բան կար, լցոնեցի գլխիս մեջ», եւ Ֆերեշեթը ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «էդքան շատ բան գիտես, բայց չես ծերացել», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «հաճոյախոսություններից էլ եմ կուշտ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «միայն ծարավս ոչ մի կերպ չեմ կարողանում հագեցնել» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆերեշեթին ասաց՝ «այնպես որ, լավ կանես՝ բաժակները լցնես», եւ Ֆերեշեթը սեղանին դրված շիշը վերցրեց ու շշին նայելով ասաց՝ «էս շիշը համարյա դատարկ ա, Վարպետ», եւ Ներսիսյանը հայացքը խստացնելով  նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «հուսով եմ՝ ձեռքերդ թափ տալով չես համեցել վարպետիդ օթեւան», եւ Ֆերեշեթը, որ «Ար»-ի բուֆետում արդեն ահագին խմել էր, երերալով գնաց, վերարկուի ծոցագրպանից «Nemiroff»-ի կիսադատարկ շիշը հանեց, բերեց ու դրեց սեղանին, եւ Ներսիսյանը զարմացած նայեց կիսադատարկ շշին ու Ֆերեշեթին  անսպասելի ասաց՝ «այս կիսատը տար, մյուսը՝ ամբողջականը բեր», եւ Ֆերեշեթը նախ զարմացած կիսատ շշին նայեց, այնուհետեւ նայեց ինձ ու Վահանին եւ շփոթված ասաց՝ «շփոթվեցի՝ կիսատը բերեցի» եւ տեղից վեր կենալով՝ գնաց, մյուս ծոցագրպանից լիքը շիշը հանեց, բերեց, շշի գլխիկը պտտեցրեց, բացեց, բաժակները լցրեց, եւ Ներսիսյանը Ֆերեշեթին ասաց՝ «իսկ հիմա այս կիսատը հետ տար» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կիսատ շշերը կիսատպռատ մարդկանց են տանում», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու շփոթված ասաց՝ «մոռացել էի, որ գրպաններումս էրկու հատ շիշ կա», եւ Ներսիսյանը սեւեռուն նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «դու միշտ կարեւորագույնը մոռանում ես» եւ մի քիչ մտածեց ու բարկացած ավելացրեց՝ «իսկ հիմա այս կիսատը տար գրպանդ դիր, որպեսզի անվնաս տեղ հասցնես», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ո՞ւր հասցնեմ», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «կիսատպռատ մարդկանց», եւ Վարդանը  մի քիչ մտածեց ու շփոթված ասաց՝ «թող մնա՝ կխմենք», եւ Ներսիսյանն անսպասելի գոռաց՝ «ես չեմ սիրում մի բանը մի քանի անգամ կրկնել» եւ մի քիչ մտածեց ու գոռալով ավելացրեց՝ «պարո՛ն Ֆերեշեթ, դուք մոռանում եք, որ միանգամայն հայկական օջախ եք մուտք գործել, այլ ոչ թե՝ հարբեցողների ինչ-որ բունկեր», եւ Ֆերեշեթը կիսադատարկ շիշը տարավ, վերադարձավ, եւ բաժակը բարձրացնելով ու մեղավոր ժպտալով Ներսիսյանին հարցրեց՝ «մի հատ կենաց ասե՞մ, Մաեստրո», եւ Ներսիսյանը չափազանց խիստ նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «պարոն Ֆերեշեթ, ժամանակն է, որ ձեր ներսում ճշտեք», եւ Ֆերեշեթը զարմացած ու կմկմալով հարցրեց՝ «ի՞նչ ճշտեմ, Վարպետ», եւ Ներսիսյանը պատասխանեց ու ասաց՝ «կարեւորագույնը», եւ Ֆերեշեթը կմկմալով հարցրեց՝ «կարեւորագույնը ո՞րն ա, Էֆենդի», եւ Ներսիսյանը ժպտալով ասաց՝ «կարեւորագույնն այն է, որ պարոն Ֆերեշեթն իր ներսում  վերջնական որոշում կայացնի», եւ Ֆերեշեթը կմկմալով հարցրեց՝ «ի՞նչ վերջնական որոշում, Լեւոն Հրաչեւիչ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց եւ դժվարությամբ ծիծաղը զսպելով Ֆերեշեթին ասաց՝ «պիտի վերջնականապես ճշտեք՝ ես ձեզ համար Մաեստրո՞ եմ,  Վարպե՞տ եմ, Էֆենդի՞ եմ, թե՝ Լեւոն Հրաչեւիչ», եւ Ֆերեշեթը բավական    երկար մտածեց ու քթի տակ խնդմնդալով ասաց՝ «էդ բոլորը միասին», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց, չափազանց խիստ նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «դուք պարտավոր եք ձեզ համար նախընտրելի միակ տարբերակն ընտրել, պարոն Ֆերեշեթ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դա ձեզ համար է կարեւոր, ոչ թե՝ իմ», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վերջերս հիմնականում Էֆենդի եմ ասում», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես եմ հուշել, որ Էֆենդի ասես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «զգացել ես, որ Էֆենդին ականջիս հաճելի է, դրա համար էլ Էֆենդի ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «նույն ոգով էլ  շարունակիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե ուզում ես, կարող ես պարզապես Լեւոն ասել», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ արդեն շատ կըլնի», եւ Ներսիսյանը ժպտալով  հարցրեց՝ «ո՞ւմ համար շատ կլինի», եւ Ֆերեշեթը պատասխանեց ու ասաց՝ «իմ համար», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց, նայեց մեր օղու շշին, հետո նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «երբեք շատ չի լինում, պարոն Ֆերեշեթ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «նամանավանդ՝ ձեզ համար» եւ մի քիչ էլ մտածեց ու ներողամտորեն ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «պարոն Ֆերեշեթ, ես ձեզ մի բան էի ասել, բայց, ինչպես երեւում է, անդառնալիորեն մոռացության եք մատնել», եւ Ֆերեշեթը զարմացած նայեց Ներսիսյանին ու հարցրեց՝ «ի՞նչ ես ասել», եւ Ներսիսյանը ներողամտորեն ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «ասել եմ, որ նորմալ հայ տղամարդն անսթափ վիճակում նորմալ հայկական օջախ ոտք դնելու իրավունք չունի», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «ընդամենը էրկու  բաժակ բան եմ խմել»,  եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «եթե երկու բաժակից հարբում եք, ուրեմն պետք է փորձեք մեկ բաժակի սահմաններում պարփակվել», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «հարբած չեմ», եւ Ներսիսյանը ներողամտորեն ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «եթե հարբած չլինեիք, դժվար թե լեփլեցուն շիշը դատարկ շշի հետ շփոթեիք, հարգարժան պարոն», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու քթի տակ փնթփնթալով ասաց՝ «ոչ թե դատարկ, այլ՝ կիսադատարկ», եւ Ներսիսյանը թարս նայեց Ֆերեշեթին ու չափազանց խիստ տոնով ասաց՝ «դրանից հարցի էությունը չի փոխվում, կիսահարգարժան պարոն», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու կմկմալով հարցրեց՝ «կարելի՞ ա մի հատ կենաց ասեմ, Էֆենդի», եւ  Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ձեր կենաց խոսքն անորոշ ժամանակով կհետաձգենք, կիսահարգարժան կիսապարոն» եւ մի քիչ էլ մտածեց ու մեզ նայելով ավելացրեց՝ «պարոնայք Շեկունցն ու կրտսեր Իշխանյանը կհաստատեն, որ նորմալ հայկական օջախներում առաջին կենացի իրավունքն օջախի տիրոջն է վերապահվում», եւ Ֆերեշեթը ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «խոնարհաբար լսում եմ, Էֆենդի», եւ Ներսիսյանը գոհունակությամբ նայեց Ֆերեշեթին ու ժպտալով բացականչեց՝ «վերջապե՜ս» եւ մի քիչ մտածեց ու մեզ նայելով ասաց՝ «ձեր խոնարհ ծառան տարիներ շարունակ խոսելուց հետո հանգել է եզրակացության, որ լսելն անհամեմատ կարեւոր ու պատասխանատու աշխատանք է, քան՝ խոսելը», եւ Ֆերեշեթը ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «ես էլ եմ էդ կարծիքին», եւ Ներսիսյանը թարս նայեց Ֆերեշեթին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «երբ ձեր կարծիքը հարցնենք, այն ժամանակ էլ արտահայտվելու հնարավորություն կունենաք» եւ մի քիչ էլ մտածեց ու անսպասելի աղաղակեց՝ «վերջապես թողնելո՞ւ եք սեփական տանս մեջ կենաց խոսք ասել» եւ մի քիչ էլ   մտածեց ու անսպասելի ժպտալով հարցրեց՝ «թե՞ բնակարանիս սեփականաշնորհման վկայականը ներկայացնեմ, որպեսզի թույլ տաք կենաց խոսք ասել», եւ Ֆերեշեթը փռթկացնելով ասաց՝ «ես եմ էդ վկայականը կադաստրից բերել», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «լավ արարքը նույնիսկ ամենաաննշան մարդկանց է վեհացնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դե, իսկ այժմ անցնենք բուն կենացին» ու էդ ասելով՝ Ներսիսյանը ոտքի կանգնեց, բաժակը բարձրացրեց ու ասաց՝ «ինչպես մեր նախնիներն էին ասում՝ բարով տեսանք» ու էդ ասելով՝ մի շնչով  խմեց, ու մենք էլ խմեցինք, եւ Ֆերեշեթը ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «միգուցե զակուսկի անես, Էֆենդի», եւ Ներսիսյանն արհամարհանքով նայեց Ֆերեշեթին ու քամահրանքով ասաց՝ «հոգաչափ շնորհակալ եմ, պարոն դայակապետ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «փոխարեն քո հիմնական պարտականությունները կատարես, դայակությամբ ես զբաղվում» եւ մի քիչ էլ  մտածեց ու ժպտալով ասաց՝ «մեր հարեւան Քնքուշ ծյոծյան փոխանակ բառի փոխարեն փոխարեն էր ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փոխարեն ձեր հիմնական  պարտականությունը կատարեք, դայակությամբ եք զբաղվում, պարոն Ֆերեշեթ», եւ Ֆերեշեթը ժպտալով Ներսիսյանին հարցրեց՝ «իմ հիմնական պարտականությունը ո՞րն ա», եւ Ներսիսյանը բամբ ձայնով պատասխանեց ու ասաց՝ «բաժակները լցնելը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փոխարեն բաժակները լցնեք, ավելորդ հարցերով ներկաների միտքն եք զբաղեցնում», եւ մինչ Ֆերեշեթյան Վարդանը բաժակները կլցներ, Ներսիսյանը ժպտալով ասաց՝ «այդ կնոջ լայնքն առնվազն մետրուկես կլիներ, սակայն անունը Քնքուշ էր» եւ մի քիչ մտածեց  ու ավելացրեց՝ «հոգին լույս դառնա» եւ բաժակներին նայելով՝ Վարդանին ասաց՝ «փոխարեն բաժակները լիքը լցնեք, կիսատ եք լցնում, պարոն Ֆերեշեթ», եւ Ֆերեշեթն արդարանալով  ասաց՝ «նոր տարին դեմներս ա, Էֆենդի», եւ Ներսիսյանը բամբ ձայնով հարցրեց՝ «այսինքն», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուզում եմ ասեմ, որ էսօր ու վաղը շատ ենք խմելու», եւ Ներսիսյանը խեթ նայեց Ֆերեշեթին ու ասաց՝ «ուշքդ ու միտքդ խմելն է, տնաշենի տղա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բոլոր մտքերդ խմիչքի ու խմելու հետ են առնչվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բոլոր մտքերդ խմիչքի մեջ են ներծծված» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ավելի ճիշտ՝ խմիչքն է բոլոր մտքերիդ մեջ ներծծված ու ներհյուսված, հարգարժան Ֆերեշեթ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փոխարեն այս թշվառ մարդկության ապագայի մասին մտորեք ու մտմտաք, շարունակ ալկոհոլային ինչ-ինչ հեղուկների   շուրջ եք մտմտում ու դեգերում, մեծարգո պարոն», եւ Ֆերեշեթը նայեց ինձ ու Վահանին, մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հանաք ա անում», եւ Ներսիսյանը խեթ նայեց Ֆերեշեթին, մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «միանգամայն ճիշտ նկատեցիք. այդ մեծարգո պարոն ձեւույթը ձեր վերաբերյալ միանգամայն հանաքով արտաբերեցի», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց եւ քթի տակ ժպտալով ասաց՝ «ես քո հանաքներից կյանքումս նեղացած չկամ, Էֆենդի», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու հեգնանքով Ֆերեշեթին հարցրեց՝ «կյանք ասելով՝ երկրային այս ճղճիմությո՞ւնը նկատի ունեք», եւ Ֆերեշեթը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երկրային այս ճղճիմ կյանքում ձեր խոնարհ ծառան էլ ձեր  կատակներից երբեւէ չի նեղանում, պարոն Ֆերեշեթ», եւ Ֆերեշեթը զարմացած նայեց Ներսիսյանին ու հարցրեց՝ «ես ե՞րբ եմ կատակ արել», եւ Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «ես այդ կիսադատարկ շշի հետ կապված ձեր արարքն իբրեւ կատակ ընդունեցի», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ կատակ չէր», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «եթե կատակ չէր՝ ապա ի՞նչ էր», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շփոթմունք էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ թյուրիմացություն», եւ Ներսիսյանն արհամարհական նայեց Ֆերեշեթին ու հեգնանքով ասաց՝ «ավելի ճիշտ՝ թյուրիմացություն», եւ Ֆերեշեթը կմկմալով հարցրեց՝ «կարելի՞ ա մի հատ կենաց ասեմ, Էֆենդի», եւ Ներսիսյանն  անսպասելի գոռաց՝ «երբ թնդանոթները որոտում են, բոլոր տեսակի ու զանազան տրամաչափի մուսաները լռում են» եւ ինձ նայելով ավելացրեց՝ «եթե սխալ եմ ասում, հարգարժան անտիպոետն ինձ կուղղի», եւ ես ժպտացի ու ոչինչ չասացի, եւ Ներսիսյանը ժպտալով ինձ ասաց՝ «վերջերս թերթերից մեկում ձեր անտիպոեզիայից որոշ խորտիկներ համտեսեցի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «վերջերս անտիպոեզիայի մի  նմուշ էլ ձեր խոնարհ ծառան է արարել» եւ խորը շունչ քաշելով   արտասանեց՝ «Ջիպով եկավ, ՎԻՊ-ով գնաց Սայաթ-Նովան», եւ բոլորս ծիծաղեցինք, եւ Վահանը ծիծաղելով ասաց՝ «շատ ուժեղ էր»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031