Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թալիշ պրոֆեսոր. Ադրբեջանը ծիծաղելի մեղադրանք է ներկայացրել Հիլալ Մամեդովին (տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2012 14:43

Ինչպես հաղորդել էինք, Երևանի պետական համալսարանի «Եղիշե Չարենց» դահլիճում տեղի է ունենում «Կովկաս-կասպյան տարածաշրջանի էթնիկ ժողովուրդները» թեմայով միջազգային համաժողովը, որին մասնակցում են նաեւ տարածաշրջանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Թալիշագիտության ասպարեզում եւ հայ-թալիշական հարաբերությունների ամրապնդման գործում  ներդրում կատարելու համար՝ ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ պրոֆեսոր Ալի Աբդուլին պարգեւատրվեց ԵՊՀ մեդալով: Պրոֆեսորն ասաց, որ պարգեւն ապացույցն է այն ուշադրության , որ ԵՊՀ-ն տածում է Իրանի փոքրաքանակ ժողովուրդների, հատկապես՝ թալիշների հանդեպ. «Որպես իրանաադրբեջանական սահմանին ապրող թալիշ ժողովրդի ներկայացուցիչ, ես այսօր շփվում եմ հայ գիտնականների եւ արվեստագետների հետ, ինչը մեզ համար կարեւոր փաստ է: Ի տարբերություն թալիշների այն մասի, որն ապրում է Իրանում, մեծամասնությունը գտնվում է օտարության մեջ: Նրանք հնարավորություն չունեն բարձրաձայնել իրենց իրավունքների մասին, մինչդեռ ունեն ձեւավորված գիտություն եւ մշակույթ»:

Խոսելով հունիսին Բաքվում տեղի ունեցած «Թալիշի ձայնը» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի ձերբակալությունից, Աբդուլին ասաց, որ Ադրբեջանը նրան ծիծաղելի մեղադրանք է ներկայացրել՝ հայրենիքի հանդեպ դավաճանություն. «Մենք չգիտենք, թե բանտում ինչ վիճակում է գտնվում Մամեդովը: Այն իրավապաշտպան կազմակերպություններին, ովքեր խնդրի շուրջ ելույթ են ունենում, կոչ եմ անում կանգնել Մամեդովի թիկունքում ու թույլ չտալ նրան կյանքից զրկել: Մինչ նրա ձերբակալությունը, թերթի նախկին խմբագիրը՝ Նովրուզալի Մամեդովը, նույնպես բանտ էր ընկել նույն մեղադրանքով եւ այնտեղ էլ մահացել»:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանն ասաց, որ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման խնդիրը հատկապես վերաբերում է Կովկաս-կասպյան տարածաշրջանին. «Որոշ պետությունների կարծիքով՝ էթնիկ բազմազանությունը համատեղելի չէ զարգացման ռեսուրսների հետ, սակայն յուրաքանչյուր էթնիկ միավոր՝ անկախ թվաքանակից, համարվում է մարդկության յուրահատուկ եւ անկրկնելի բաղադրիչը  եւ անհատական վերաբերմունքի կարիք է զգում: Տարածաշրջանի էթնիկ ժողովուրդների մի մասի թվաքանակը կազմում է մի քանի հազար, բայց դա չի ենթադրում, թե նրանք գոյության իրավունք չունեն: Նրանց գոյությունը կախված չէ պետություն ձեւավորող ազգերի չարակամությունից»:

Ելույթ ունեցավ նաեւ Կանադայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը. «Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը սահմանակից է չորս պետության, բայց մեր հարեւանությամբ ապրում են շատ ավելի մեծ թվով ժողովուրդներ, որոնց ճանաչելը բխում է հայ ժողովրդի եւ հայոց պետականության շահերից: Վստահ եմ, որ նաեւ հարեւան ժողովուրդների շահերից է բխում ավելի սերտ հարաբերությունների հաստատումը հայ ժողովրդի տարբեր խմբերի, մասնավորապես՝ գիտամշակութային կառույցների հետ: Փոխվստահությունն ու համագործակցությունը բխում  են տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից, առավել եւս՝ դրանք կարող են խիստ օգտակար լինել տարածաշրջանում ապրող բազմաթիվ պետականազուրկ ժողովուրդների համար»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031