Հոկտեմբերի 5-31-ը «Դալան» արվեստի սրահում կկայանա գեղանկարիչ Լեոյի (Լեւոն Վարդանյանի) «Մոնոքրոմ էմոցիաներ» խորագրով անհատական ցուցահանդեսը:
«Ժամանակակից հայ գեղանկարիչների շրջանում «մաքուր արվեստի» հետեւորդները հիմնականում աբստրակցիոնիստներ են: Նրանց մեջ կան այնպիսի ստեղծագործողներ, ովքեր հենվում են սպոնտանությանն ու ինտուիտիվ-զգացականությանը՝ հանգելու լինեն մինիմալիզմին, թե էքսպրեսիվ «էքշն» գեղանկարչությանը: Ի հակադրում նրանց, սակավաթիվ արվեստագետներ կարծես իրենց գեղարվեստական հավատամքն «արդարացնելու» կամ, ավելի ճիշտ կլիներ ասել՝ իմաստավորելու համար գիտական, փիլիսոփայական, գեղագիտական ծանրակշիռ հիմնավորումներն են փնտրում ու դրանք հենում արվեստի պատմության պրակտիկային եւ տեսությանը: Լեոյի համար սեփական ստեղծագործության իմաստավորումը կենսական նշանակություն ունեցող, ներդաշնակությանը հասնելու գրավականն է:
Նրա ստեղծագործությունը ճանաչելի է հատկապես իր մինիմալիստական մեդիտատիվ գեղանկարչությամբ: Այս անգամ, ավանդույթին ու սովորական տրամաբանությանը հակառակ, Լեոն ոչ թե «նոր գործեր» է ցուցադրում, այլ իր ստեղծագործության ընթացքը տեսնել տալիս հետադարձ հայացքով՝ անդրադառնալով եւ արժեւորելով մոտ տասը տարի առաջ արված մոնոքրոմ շարքի գործերը: Կարող ենք ասել, որ սա արվեստագետի ինքնագիտակցման, ինքնավերլուծության ակտ է:
«Մոնոքրոմ էմոցիաներ». կիսաֆիգուրատիվ նկարչություն, որի մեջ արդեն իսկ ներդրված է «կիսա»-ի հաղթահարումը: Հակասությունների բախման վրա կառուցված այս շարքը արվեստագետի փնտրտուքի ու իր ներքին պայքարի արգասիքն է, որն անպատճառ պետք է բերեր իրեն մի նոր հանգրվանի, որտեղ նա կգտներ երջանկությունն ու ներդաշնակությունը»,- գրում է արվեստաբան Լիլիթ Սարգսյանը:
«Առավոտ» օրաթերթ